18.03.2021 | 
Կրթություն
ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ Է ԶԱԼՑԲՈՒՐԳՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ Է ԶԱԼՑԲՈՒՐԳՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
«Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում տեղի է ունեցել եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ազգային քաղաքականության և կանոնակարգման զարգացում» խորագրով:

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (Armdoct) նախագիծը նպատակ ունի բարեփոխելու ՀՀ ասպիրանտական կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով Զալցբուրգյան սկզբունքներին, ինչը ենթադրում է ռազմավարության, իրավական դաշտի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի փոփոխություններ:

 

Նախագծի շրջանակում իրականացված աշխատաժողովին մասնակցել են ԵՄ երկրների (Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Լիտվա) չորս և Հայաստանի ութ բուհերի, ինչպես նաև Հայաստանի գիտահետազոտական երկու ինստիտուտների ներկայացուցիչները:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանն ասաց, որ աշխատաժողովն ընթացել է թեմատիկ 4 ուղղություններով՝ ազգային քաղաքականության մշակում, աստիճանաշնորհում, ընդունելության կազմակերպում և գիտություն-տնտեսություն կապ:

 

 

Նրա խոսքով, ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ծավալված բոլոր քննարկումներին, որոնց ժամանակ ներկայացվել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, վերջիններիս արդյունքում էլ ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները: Եվրոպական երկրների բուհերի ներկայացուցիչներն էլ, որոնք աշխատաժողովին միացել են առցանց, ներկայացրել են իրենց փորձն ու մատնանշել խնդիրները, որոնց հնարավոր է բախվել բարեփոխման գործընթացն իրականացնելիս:

 

Աշխատաժողովի բացման արարողությանը ելույթ են ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Կարեն Թռչունյանը փաստել է, որ հիմնական քաղաքականությունն այն է, որ պետությունը խիստ պահանջներ ներկայացնի գիտական աստիճան շնորհելու հարցում: Նրա համոզմամբ, շատ կարևոր է ունենալ ուժեղ և որակյալ երրորդ մակարդակի կրթություն:

 

 

Աշխատաժողովի երրորդ օրը քննարկումներին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի համոզմամբ, գիտությունը Հայաստանի Հանրապետության համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա:

 

Քննարկման մասնակիցները նախարարին ներկայացրել են գիտություն-տնտեսություն կապի խթանման գործիքների վերաբերյալ հետազոտության արդյունքները՝ նշելով առկա խնդիրները և բարելավման հնարավորությունները։

 

 

Երանուհի Մանուկյանը փաստեց, որ նախարարի հետ քննարկման առանցքում է եղել հետազոտողների գիտական արտադրանքի առևտրայնացման հարցը, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել էկոնոմիկայի նախարարին կից ստեղծել գիտական խորհուրդ, որը կմշակի գիտություն-տնտեսություն կապի ապահովման ճանապարհային քարտեզ՝ այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ:

 

Նա նշեց, որ աշխատաժողովին ներկայացվել են համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ. ««Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական բաժնի տնօրեն Վազգեն Միքայելյանը, օրինակ, ցույց է տվել, թե ինչպես են բուհերի հետ համագործակցության արդյունքում պատրաստել նպատակային ասպիրանտներ, որոնք այսօր աշխատաշուկայում պահանջված կադրեր են»:

 

Երանուհի Մանուկյանը պատմեց, որ քննարկումներին մասնակցել է «Fast» հիմնադրամի ծրագրերի համակարգող Վերոնիկա Աղաջանյանը, որի հետ բանակցությունների արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության համար:

 

 

Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ից աշխատաժողովին մասնակցել են ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը և Ռաֆայել Բարխուդարյանը, գիտական քաղաքականության վարչության պետ, ծրագրի համակարգող Երանուհի Մանուկյանը, աշխատանքային խմբի անդամ Քրիստինա Գևորգյանը և ասպիրանտ Անիկ Մարգարյանը:

 

Հիշեցնենք, որ որպես նախագծի վերջնարդյունք՝ նախատեսվում է, որ 2023 թվականին ԵՊՀ-ում կրթական երրորդ աստիճանը համապատասխանեցվելու է Զալցբուրգյան սկզբունքներին, ինչը մի շարք հնարավորություններ է ընձեռելու հետազոտողներին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ». ԱՌՑԱՆՑ ՎԵԲԻՆԱՐ
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացել է առցանց վեբինար՝ «Հայկական ժառանգությունն Անիի տարածաշրջանում և հետևանքները Արցախի համար» խորագրով:
«ՀՆԴԿԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի «Աճեմյան» գրադարանում այսօր ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնդկական փիլիսոփայական դպրոցներ» խորագրով դասախոսություն։