1961 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից մարտի 27-ը հռչակվել է որպես Թատրոնի միջազգային օր: Այն նշվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում և իսկական տոն է ոչ միայն թատրոնի աշխատակիցների, այլև բոլոր թատերասերների համար:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներին ուղեկցում էր կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Նա այցելության ընթացքում պատմում էր հայ մեծանուն դերասանների կյանքի և ստեղծագործական ուղու մասին, ներկայացնում հետաքրքիր մանրամասներ:
«Եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ նույնիսկ համաշխարհային կինոյի մեծ դերասանը ժամանակին թատրոնի լավ դերասան է եղել: Այս երևույթը ունի մի պատասխան՝ ամեն ինչի հիմքում թատրոնն է»,- ասում է Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Արվեստասեր համալսարանականները անսահման հպարտ էին՝ գիտակցելով, որ այն ազգի սերունդն են, որից սերում են նաև հանճարեղ տաղանդով օժտված բազմաթիվ անվանի մտավորականներ և արվեստագետներ:
«Թատրոնը մեծ նշանակություն ունի ինձ համար: Այն ասես հայելի լինի, որտեղ կարողանում եմ վերագտնել ինքս ինձ: Ես ուսումնասիրում եմ անվանի դերասանների աշխատանքները, որպեսզի կարողանամ ճիշտ ներկայանալ հանդիսատեսին, ճիշտ կերպարներ ընտրել և թատրոնին անդավաճան մնալ»,- ասում է «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան Էլեն Բաբաջանյանը:
Անի Միքայելյանն էլ նշում է, որ Թատրոնի միջազգային օրը պանթեոն այցելելը շատ խորհրդանշական է: Երիտասարդները ոչ միայն պետք է հիշեն և գնահատեն հայ բեմի նվիրյալների ահռելի ժառանգությունը, այլև գնան դեպի հինը՝ սովորելու՝ նորը, հետաքրքիրը ստեղծելու ակնկալիքով:
Կոմիտասի անվան պանթեոն այցելած համալսարանականները խոնարհվելուց և պանթեոնում հավերժական հանգիստ գտած մեծերի շիրիմներին ծաղիկներ դնելուց հետո ասմունքեցին հայ գրականության հայտնի ստեղծագործություններից որոշ հատվածներ: