28.08.2008 | 
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ
Երեւանի պետական համալսարանն այս տարի 2692 առաջին կուրսեցի ունի:

Այս թիվը մի քանի տասնյակով պակաս է անցյալ տարվա ուսանողների թվից, բայց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը վստահ է, որ դա բնավ չի նշանակում, թե ԵՊՀ-ի ուսման որակը չի բավարարում դիմորդներին: Բոլոր առաջին կուրսեցիները հենց սեպտեմբերի 1-ին կհանդիպեն իրենց ֆակուլտետների դեկաններին, կծանոթանան ուսումնական պրոցեսի կազմակերպման հիմնական սկզբունքներին, կիմանան կիսամյակի դասացուցակը: Մասնագետները կպատմեն նաեւ կրեդիտային համակարգի մասին:

 

Ի դեպ, այս տարի բոլոր առաջին կուրսեցիներն ուսման գործընթացը կանցնեն կրեդիտային համակարգով: Այդ մասին մանրամասն տեղեկություններ առաջին կուրսի ուսանողները կարող են ստանալ իրենց համար նախատեսված ուղեցույցների 3-րդ բաժնից` «Կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույց» վերնագրով:

 

Առաջին կուրսի ուսանողների համար ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը տեղեկատվական նվեր-փաթեթներ է պատրաստել, որոնք հենց առաջին օրը կբաժանվեն նոր ուսանողներին: Փաթեթների մեջ «Առաջին կուրսեցու ուղեցույցն» է, որտեղից կարելի է իմանալ կարեւոր տեղեկություններ ԵՊՀ-ի եւ նրա ստորաբաժանումների մասին: Փաթեթում ընդգրկված են ԵՊՀ քարտեզ, որտեղ մանրամասնորեն ներկայացված է ԵՊՀ մասնաշենքերի դասավորությունը, ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը եւ սովորողի իրավունքների եւ պարտականությունների մասին պատմող տեղեկատվական թերթիկ, ԵՊՀ կառուցվածքին հեշտությամբ ծանոթանալու համար պատրաստված համակարգված գծապատկեր, նաեւ առաջին կուրսեցիներին ուղղված հարցաթերթիկ, որը նրանք պետք է լրացնեն եւ ներկայացնեն իրենց ֆակուլտետի դեկանատ մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 7-ը:

 

Համալսարանում դասերը կազմակերպվելու են երկու հերթով: Առաջին հերթափոխի դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ին` ժամը 8:30-ին, իսկ երկրորդինը` նույն օրը` 13:30-ին: Սոցիոլոգիայի, Ռուս բանասիրության, Արեւելագիտության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների, Պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի դասերը կկազմակերպվեն երկրորդ հերթի ընթացքում, մյուս բոլոր ֆակուլտետների առաջին կուրսեցիների դասերը առաջին հերթ կլինեն: Վճարովի համակարգ ընդունված ուսանողներն ուսման վարձերը պետք է վճարեն մինչեւ սեպտեմբերի 15-ը: