04.12.2009 | 
Ուսանողական, Կրթություն
«ԱՄՈՒՍԻՆԸ ԳԼՈՒԽՆ Է, ՄԱՐՄԻՆԸ` ԿԻՆԸ»
«ԱՄՈՒՍԻՆԸ ԳԼՈՒԽՆ Է, ՄԱՐՄԻՆԸ` ԿԻՆԸ»
Քահանան, իրավաբանը եւ հոգեբանը պարզաբանում են ամուսնության խորհուրդը:

Ի՞նչ հատկանիշներ հաշվի առնել կյանքի ուղեկից ընտրելիս, ինչպե՞ս չսխալվել ամուսնական կյանքը կառուցելու ճանապարհին, արդյո՞ք մինչեւ ամուսնությունը կարելի է ապրել սեռական կյանքով, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանները երիտասարդները ստացան` Տեր Կորյուն քահանա Մաթեւոսյանի, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Ամիրյանի եւ իրավաբան Տաթեւիկ Դավթյանի հետ կազմակերպված հանդիպման ընթացքում: Հանդիպման նախաձեռնութունը ԵՊՀ ուսանողական խորհրդինն է. այն իրականություն է դարձել Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության հետ համագործակցության միջոցով:

 

Պսակի խորհուրդի մասին փոքրիկ զեկույում ներկայացրեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլի Ալեքսանյանը: Պսակի ժամանակ է, որ ամուսնական զույգը դառնում է մեկ մարմին` ստանալով Աստծո օրհնությունը: Առաջին պսակը տեղի է ունեցել դրախտում Ադամի եւ Եվայի միջեւ:

 

Խոսելով Պսակի կարեւորության մասին` Տեր Կորյունը նշեց. «Քանի որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մեր կյանքի կարեւորագույն քայլերը պիտի հաստատենք 7 խորհուրդների միջոցով, որոնցից մեկն էլ Պսակն է: Պետք է երկյուղածությամբ կանգնել Պսակի առաջ, ինչը ենթադրում է սեր ու հարգանք, բայց ոչ վախ: Երբ խորանի առաջ աղջիկն ասում է` հնազանդ եմ, չի նշանակում, թե նա ստրուկ է: Իսկ տղան տեր է, պահող, կերակրող, եւ ոչ հրամայող»,- պարզաբանում է քահանան ու հիշեցնում, որ ընտանիքի գլուխը ամուսինն է, իսկ մարմինը` կինը: Նրանք երկուսն էլ պետք է նույն ուղղությամբ շարժվեն, որպեսզի տեղ հասնեն: Իրավաբան Տաթեւիկ Դավթյանի հավաստմամբ` ամուսնալուծությունները մեր երկրում շատացել են:

 

Տեր Կյուրեղը սրտնեղում է, որ երբ զույգն ամուսնալուծվում է, չի գալիս ու եկեղեցուց խորհուրդ չի հարցնում: Իսկ ահա հանդիպման մասնակիցներից մեկի` Բժշկական համալսարանի օրդինատոր, կլինիկական սեքսոլոգ Նարեկ Բաղդասարյանի կարծիքով` ամուսնալուծության պատճառներից մեկն էլ այն է, որ զույգը մինչեւ ամուսնանալը համատեղ կյանքով չի ապրում: Նարեկին նաեւ զայրացնում է այն փաստը, որ մեր հասարակությունում աղջկա կուսությունը ֆետիշացվում է: «Եկեք մեր կլինիկա ու կտեսնեք, թե աղջիկների ինչ հոսք է գալիս` կուսաթաղանթը վերականգնելու համար: Մենք պետք է հասկանանք` ուզու՞մ ենք լինել խաբված, թե՞ թողնել, որ ամեն մեկն ինքը որոշի իր բարոյականության չափանիշները»,- ասում է սեքսոլոգը: Եկեղեցու մոտեցումն այս հարցին հստակ է: «Հարսի ճերմակ զգեստն ինքնին անաղարտության, կուսության խորհրդանիշն է: Այլ կերպ լինել չի կարող»,- ասում է Տեր Կորյունը:

 

Նրան արդեն իսկ զայրացնում է արժեքների անկումը երիտասարդների շրջանում. «Տիրամոր լուսե պատկերը փոխարինել են Պամելա Անդերսոն սեքս-խորհրդանիշով»: Սեյրան Ամիրյանին նույնպես մտահոգում է ամենուր, հատկապես հեռուստատեսությամբ տիրող ամենաթողությունը: Նա նաեւ մտահոգված է այն արժեհամակարգով, որը սերմանում է երիտասարդների մեջ հասարակությունը ընտրություն կատարելիս:

 

«Մենք շեղվել ենք հիմնական ուղուց: Պետք է ոչ թե կարեւորել մեքենայի մակնիշը, պարիսպի բարձրությունը, այլ այն, թե այդ մարդը կարո՞ղ է լինել կարեկից, հոգատար, որպեսզի նրա հետ տասնամյակներ ապրեք: Հին արեւելքի մտածողներն ասում էին, որ սերն ունի 3 ճյուղ` մարմինը, միտքը եւ հոգին: Մարմինը ցանկություն է ծնում, միտքը` հարգանք, իսկ հոգին` կապվածություն: Ահա թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել»,- հորդորում է հոգեբանը:

Այլ նորություններ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՒՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ապագա իրավագետների համար բանախոսությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը:
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԵՑԻՆ ԻՄ ԱՌՋԵՎ». ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Վաղարշակ Հակոբյանն այժմ ուսումնառությունը շարունակում է Բորդոյի համալսարանի ասպիրանտուրայում: