ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի ղեկավարած մի արշավախումբ Արեւմտյան Հայաստանում շրջելուց հետո որոշեց նվաճել Արարատ լեռան` 4165 մ բարձրություն ունեցող գագաթը: Այդպես էլ եղավ: Վերադառնալուց հետո նկարահանվեց ֆիլմ` «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» վերնագրով:
Այսօր այդ ֆիլմը ցուցադրվում էր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում: Ներկա էին ուսանողներ, դասախոսներ եւ բազմաթիվ հյուրեր: Ֆիլմը Արարատ լեռան պատմաաշխարհագրական ակնարկն է` շատ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը: Ե´ւ լեռան պատմությունն է, ե´ւ վերելքների` Հակոբ Մծբնեցուց (4-րդ դարում նա փորձել է նվաճել լեռան գագաթը) մինչեւ Պարրոտի արշավախումբ եւ մեր օրեր: Ավելի վաղ շրջանի պատմական փաստերից բացի` ֆիլմում ներառված էին նաեւ արշավախմբի վերելքի մանրամասները: Օգոստոսի 10-ին` ժամը 08:45 –ին, արշավախմբի առաջին մասնակիցը ոտք դրեց բիբլիական լեռան գագաթ:
«Հետաքրքրականն այն է, որ վերելքն իրականացվեց օգոստոսի 8-10-ը` այնպիսի հաշվարկով, որ եռօրյա վերելքի արդյունքում ամսի 10-ին` մեզ համար շատ կարեւոր մի օր` Սեւրի դաշնագրի եւ Թիֆլիսի պայմանագրի կնքման օրը, պիտի լինեինք Արարատի գագաթին…Պարզեցինք հայոց եռագույնը, երգեցինք մեր անկախ հայրենիքի օրհներգը եւ քոչարի պարեցինք»,- ասում է ֆիլմի հեղինակ եւ արշավախմբի ղեկավար Աշոտ Մելքոնյանը:
Վերելքը դյուրին չի եղել, հաղթահարվել են բազմաբնույթ խոչընդոտներ. Թուրքիայի վարչապետ Էրդողանի հատուկ հրամանով հայերին արգելվում է Արարատ բարձրանալ: Վերջին տարիներին այդպիսի մի շարք դեպքեր են գրանցվել. Արտասահմանյան մի քանի արշավախմբեր չեն կարողացել բարձրանալ Արարատ միայն այն պատճառով, որ խմբի կազմում հայեր էլ կային: Աշոտ Մելքոնյանի խոսքերով` մեր արշավախմբին դա հաջողվել է Թուրքիայում «ընդունված մեթոդի»` դրամի օգնությամբ:
Ֆիլմում տեղ էր գտել նաեւ 2006 թվականի հայտնի իրադարձություններից մեկը. մի արշավախումբ, ԵՊՀ դասախոս Գեւորգ Հաճյանի գլխավորությամբ, Հովհաննես Շիրազի սիրտը հասցրել եւ ամփոփել է Արարատ լեռան վրա. բանաստեղծը մի կտակ - բանաստեղծության մեջ հանձնարարել էր դա իր ավագ որդուն` Արա Շիրազին: «Իմ սերնդակիցներից շատերին բախտ չի վիճակվի բարձրանալ Արարատ լեռան գագաթ: Բայց դուք դեռ շատ հնարավորություններ կունենաք դա անելու: Եվ ես անկեղծորեն նախանձում եմ ձեզ»,- ֆիլմի ավարտին ուսանողներին դիմելով` ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Ֆիլմը ցուցադրվել է մի քանի տեղ. նոյեմբերին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան, որից հետո ցուցադրվել է նաեւ Գյումրիում, Լոնդոնում, Բեյրութում եւ Հունաստանում: Արամ Սիմոնյանը խոստացավ մայիսին ԵՊՀ 90-ամյակի առթիվ կազմակերպել ֆիլմի եւս մեկ ցուցադրություն ավելի մեծ դահլիճում եւ ավելի մեծ թվով մարդկանց համար: Վերջերս լույս է տեսել նաեւ Աշոտ Մելքոնյանի հեղինակած համանուն գիրքը:
« Ես Արարատի վերաբերյալ ժամանակին շատ նյութեր էի հավաքել եւ նպատակ ունեի մի գիրք գրելու: Այս հանգամանքը արագացրեց գրքի լույսընծայումը: Այն ֆիլմի ընդարձակ տարբերակն է` մոտ 100 էջ»,- ասում է հեղինակը: Վերջում նա ԵՊՀ գրադարանին նվիրեց գրքի 2 օրինակ եւ ֆիլմի տեսագրությամբ խտասկավառակը: