30.04.2009 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ՄԵԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ
ՄԵԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ
«Դժվար է ամբողջացնել Վալեսյան հայի, քաղաքացու, հայրենասերի, գիտության նվիրյալի ու մանկավարժի հավաքական կերպարը»,- իր ողջյունի խոսքում նշեց Մարատ Գրիգորյանը:

Այսօր ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ աշխարհ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ, Ռուսաստանի Դաշնության Կրթության ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային Էկոլոգիական եւ Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիաների անդամ, Հայկ. աշխարհագրական ընկերության նախագահ, ինչպես նաեւ` Միջազգային աշխարհագրական միության հայկական կոմիտեի նախագահ Լեմվել Վալեսյանի ծննդյան 80 եւ գիտամանկավարժական գործունեության 55-ամյակին նվիրված հանդիսությունը:

 

Բացի ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Մարատ Գրիգորյանից, շնորհավորական ուղերձներ էին հղել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Երեւանի պետական մանկավարժական եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների ղեկավարության անդամներ: Այնուհետեւ հնչեցին գիտնականի կյանքին եւ գործունեությանը նվիրված զեկույցներ, ելույթներ, ինչպես նաեւ ողջույնի եւ պարզապես շնորհակալական խոսքեր: Լեմվել Վալեսյանին շնորհավորելու էին եկել բնապահպանական ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԵՊՀ ֆակուլտետների դեկաններ, դասախոսեր, ուսանողներ, հարազատներ ու ընկերներ:

 

«Այսպիսի մեծության գիտնականները ոչ միայն հետք են թողնում գիտության եւ ընդհանրապես երկրի զարգացման գործում, այլեւ այնպիսի մի դպրոց ստեղծում, որը սերունդներ է կրթում: Անգնահատելի է Լ. Վալեսյանի ներդրումը հայ գիտության զարգացման, ինչպես նաեւ բարձրակարգ մասնագետների պատրաստման ու հանրակրթության բնագավառում»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ հավելեց, որ իր հրամանի համաձայն` պրոֆեսոր Լեմվել Վալեսյանին է հանձնվել մեկ ամսվա աշխատավարձի չափով դրամական պարգեւ. «Եվ քանի որ գիտնականն արդեն ստացել է Մայր բուհի բարձրագույն ոսկե մեդալը, իսկ այդ մեդալով պարգեւատրվում են մեկ անգամ, ուստի մեծ սիրով նրան պատվոգիր եմ հանձնում»:

 

Հյուրերը նույնպես դատարկաձեռն չէին եկել. մեծ մանկավարժին ու գիտնականին, բացի երախտիքի ու շնորհավորանքի խոսքերից, գործընկերներն ու հարազատները գրքեր, հուշանվերներ ու պատվոգրեր նվիրեցին: Իսկ ծաղիկների մեջ ողողված պրոֆեսորը, երջանկության փայլն աչքերում, հասցնում էր միայն շնորհակալական խոսքեր փոխանցել ներկաներին եւ պարզապես ժպտալ:

 

Նշենք, որ մայիսի 6-ին կմեկնարկի «Աշխարհագրության գիտակառուցողական ներուժը եւ դրա գործնական կիրառումը» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում կհնչեն 60-ից ավելի գիտական զեկույցներ: Գիտաժողովի առաջին նիստը կնախագահեն աշխ. գիտ. դոկտորներ Ա. Ավագյանը եւ Ա. Խոյեցյանը, իսկ երկրորդ նիստը` Կ. Դանիելյանը եւ Ս. Սուվարյանը:

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով: