07.09.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՊՈՒՐԱԿԸ՝ ՄԵԿԴԱՐՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՊՈՒՐԱԿԸ՝ ՄԵԿԴԱՐՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ 100-ամյակի պուրակի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայ ժողովրդի կյանքում հարյուր տարի առաջ տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձությանը՝ ԵՊՀ-ի հիմնադրմանը, նվիրված պուրակը համալսարանականների կողմից հիմնադրվել է այս տարվա ապրիլին:

Համալսարանականների կողմից ծառատունկն արդեն կայացած ավանդույթ է, որը սկիզբ է դրել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: Հենց նրա աջակցությամբ և շնորհիվ համալսարանականներն արցախյան այդ տարածաշրջանում արդեն տասը հազար ծառ են տնկել:



ԵՊՀ 100-ամյակի պուրակի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը:

«Հուսով եմ՝ համալսարանականներն իրենց բարի գործերով մշտական ներկայություն կունենան այս տարածաշրջանում: Ծառատունկի բարի ավանդույթը կշարունակվի այնքան, ինչքան ԵՊՀ-ում կլինեն ուսանողներ: Եվ քանի որ պուրակը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, հուսանք, որ մեր համալսարանը կլինի նույնքան հզոր և երկարակյաց, որքան ընկուզենին հայոց հողում»,- հուշաքարի բացման արարողության ժամանակ ասաց Գեղամ Գևորգյանը:



Համալսարանականները խորհրդանշական ծառեր տնկեցին ԵՊՀ 100-ամյակի պուրակում, որը Լևոն-Զավեն Սյուրմելյանի հայտնի բանաստեղծության տողերով օրհնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ պուրակի հիմնադրումը տեղի է ունեցել ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում. «Համալսարանականների կողմից հիմնադրված բոլոր պուրակները զարդարում են այս տարածաշրջանը: Ժողովուրդը, որը ծառ է տնկում, այգի է ստեղծում, գիտի, որ հավերժական կապված է այդ հողի հետ: Հետագա քայլերի համար էլ լինենք պատրաստ, քանի որ սա պայքար է հողի, հայրենիքի, սահմանի համար, իսկ ԵՊՀ-ն կերտողն է, ուժ, կորով և զորություն տվողն է ժողովրդին»:



Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն ասաց, որ որպես ԵՊՀ-ական՝ իր համար մեծ պատիվ է, որ համալսարանի 100-ամյակին նվիրված պուրակը հիմնադրվել է հենց այս տարածաշրջանում. «Այն նաև շատ խորհրդանշական է. սա մեր ազատագրված հայրենիքն է, և Մայր բուհը անմասն չի մնում այստեղի վերաբնակեցման և շենացման գործընթացից: Ամեն տարի ԵՊՀ ուսանողները գալիս են, ծառ տնկում և այդպիսով կապվում այս հողի հետ»:

 

Քնար Միսակյան

 

 

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: