16.05.2018 | 
Հասարակություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ 99 ՏԱՐԵԿԱՆ Է. ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ 99 ՏԱՐԵԿԱՆ Է. ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
1919 թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդն ընդունեց Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ պատմական որոշումը: Ստեղծվելով ծանր ու դժվարին ժամանակներում՝ համալսարանը դարձավ մեր ժողովրդի ոգեղեն փարոսը, հույսն ու անուրջը: Համալսարանի հիմնադրումով նաև հայ ժողովուրդը պատասխանեց ճակատագրին՝ ջարդին, եղեռնին ու ավերումին հակադրելով իր կառուցող, խորհող ու ստեղծագործող ոգին:

 

Սիրելի՛ ուսանողներ, մեծագույն հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրվա կապակցությամբ: Պատմական դժվարին ժամանակներում ստեղծված և փառահեղ ուղի անցած Մայր բուհի հիմնադրման օրն իսկապես տոն է ողջ ուսանողության համար և կրկնակի տոն համալսարանականներիս համար: Լավագույն մտավորականներ տված ու սերունդներ կրթած համալսարանի ուսանող լինելը մեծագույն պատիվ է ցանկացած ուսանողի համար, ուստի մաղթում եմ, որ մեր ուսանողները պատվով կրեն «համալսարանականի» կոչումը և իրենց գործունեությամբ մշտապես նպաստեն Մայր բուհի զարգացմանն ու բարգավաճմանը:


ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյան

 


 

 

Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Մայր բուհի հիմնադրման 99-ամյակի կապակցությամբ։ Այսօր գլոբալ փոփոխությունների և նորարարական բարձր տեխնոլոգիաների զարգացման դարում ավելի ու ավելի են կարևորվում մասնագիտական բարձրագույն կրթությունը, կադրերի աշխատանքային որակների, ինչպես նաև ստեղծարար ներուժի բացահայտումն ու զարգացումը։ Արդեն վաղուց պատմության գիրկն են անցել այն ժամանակները, երբ բուհի առաջնային խնդիրը պետք է լինի միայն լսարանային դասախոսությունների ապահովումը։ Այժմ բուհը պետք է կոտրի բուհ-աշխատաշուկա արգելապատնեշը, պետք է աստիճանաբար մեծ տեղ հատկացնի կրթության տրամադրման այլընտրանքային, ոչ ֆորմալ տարբերակներին, պետք է լինի ոչ միայն գնող ու սպառող, այլև արտադրող և վաճառող կառույց, պետք է լինի գիտահետազոտական աշխատանքի լայն հնարավորություններ ընձեռող ու հոգևոր-մշակութային դաստիարակության կրթօջախ, որովհետև միայն այս կերպ կարող է մրցակցել ու իր արժանի տեղը գտնել համաշխարհային «Ալմա մատեր»-ների շարքում։ Մաղթում եմ, որ բուհս վստահորեն պահպանի իր գիտական ամուր դիրքերը, ավելի մեծ թափով ներգրավվի միջազգային կրթական գործընթացներում և դառնա որակի չափանիշ՝ օրինակ ծառայելով հայրենական մյուս համալսարանների համար։


ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենց

 


 

 

«ԵՊՀ ռեստարտ»-ը ողջ անձնակազմով շնորհավորում է Մայր բուհի 99-ամյակը` կասկած իսկ չունենալով հայ ժողովրդի` առ կրթությունն ունեցած մեծ ձգտման և սիրո խոշոր արտահայտություն դարձած ԵՊՀ-ի վերածնման հարցում: ԵՊՀ-ն ամենահավատարիմ ընկերոջ պես արդեն 99 տարի ուղեկցում է հայությանը իր պատմության նորագույն շրջանի ողջ ընթացքում, մեկնում իր ձեռքն օգնության՝ ի դեմս այն բազում գիտնականների, որոնք իրենց գիտական միքտն են ներդրել և ներդնում՝ հանուն Հայաստանի առաջընթացի, վերելքի և պատվի, ի դեմս այն հասարակ ուսուցիչների, որոնք ԵՊՀ-ի լսարաններից սովորական դասարաններ են արտահանում գիտելիքն ու սերն առ կրթություն, և վերջապես ի դեմս այն ուսանողների, որոնք այսօր պատրաստ են նեցուկ դառնալ Մայր բուհին՝ ավելի մեծ թափով շարունակելու զարգացումը` ժամանակի պահանջներին համապատասխան:


«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամներ

 


 

 

Շնորհավո՛ր 99-ամյակդ, մի ուրի՛շ մոլորակ: Ծնունդիցդ մինչ այժմ մեծ ու հասուն ես, դրսից վեհաշուք, ներսից` խորը, հուսառատ ու սիրառատ: Ուրախ ու տխուր ես եղել, երբեմն նաև անեղանակ, բայց միշտ մտածկոտ ու խոհեմ: Խառը ու բազմազան է մոլորակիդ ներսը: Այդ բազմազանության մեջ ծնված ու ապրած, ապրող ու ապրեցնող հայրենիքի պատմություն կա, լույսի ու հույսի արահետ կա` ամեն տեղից նշմարվող (նույնիսկ էն հեռու գյուղերից), ու սիրո մեծ շրջապտույտ: Շնորհավո՛ր արևո՛տ մոլորակ, պտտվող ու նորը ծնո՛ղ մոլորակ:

 

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի

մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Անի Օրդյան

 


 

 

Շնորհավո՛ր 99-ամյա հոբելյանդ, իմ հարազա՛տ կրթօջախ: Բոլոր ժամանակներում քո հարկի տակ են դասավանդել գիտական մեծ ներուժ ունեցող նվիրյալներ, ամբիոններ են ղեկավարել մեր պատմության մեջ բացառիկ ավանդ ունեցող երևելի դեմքեր: Մինչ օրս էլ ավանդույթները շարունակվում են. մենք՝ համալսարականներս, աշակերտում ենք գիտելիքների անսպառ աղբյուր հանդիսացող դասախոսներիդ: Ոգիդ անսպառ է, գործդ՝ անհրաժեշտ և պարտավորեցնող: Անմահ է այդ ոգին, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Ուրախ և հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել այդ ոգուդ մի մասը կրել դեռևս դպրոցական տարիներից: Գիտական անսպառ եռանդ, կրթության հանդեպ մեծ սեր և նվիրում եմ մաղթում թե՛ մանկավարժներիդ, թե՛ մեզ՝ ուսանողներիս, քանզի մեր ազնիվ ու շնորհակալ ջանքերից է կախված մեր անկախ պետականության և ժողովրդի պայծառ ապագան: Բարի տարեդարձ… 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի

2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Նահապետյան


 

Ուսանողական տարիները բոլորի սրտերում կմնան իբրև հաճելի հիշողություններ: Այսօր նշում ենք Մայր բուհի 99-ամյակը: Մեծ հաջողություն է լինել 100-ամյա պատմություն ունեցող բուհի` Երևանի պետական համալսարանի ուսանող հենց այն շրջանում, երբ բոլորը պատրաստվում են այդ տոնին: Թող բուհում անցկացրած յուրաքանչյուր օր ուսանողի համար լինի տոն` լի նորանոր ձեռքբերումներով, ծանոթություններով և բացահայտումներով, լի դրական էմոցիաներով և բազում գիտական նվաճումներով: 


ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի

մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Կարպիս Անումյան

 


 


 

Ամենաբուհը արդեն 99 տարեկան է, ու չեմ ճանաչում մի մարդու, ով սիրով ու ջերմությամբ չնշի, որ սովորում, սովորել կամ սովորելու է այստեղ: Վերջիվերջո, մի քանի տարի անցկացնելով այստեղ՝ մենք կապվում ու մտերմանում ենք ամեն դասախոսի, լսարանի, արձանի ու նույնիսկ ծառի հետ: Քիչ չեն այն հանճարները, որ տվել է Մայր բուհը, ու համոզված եմ, որ այն կապրի հազար այսպիսի 99 տարի, ու հանճարների հոսքը այստեղից երբեք չի պակասի: Շնորհավո՛ր հիմնադրման օրդ, սիրելի՜ ԵՊՀ: 


ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի
2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ադամյան


 

 

Այս տարին շատ լավ տարի է, փոփոխությունների տարի է, իսկ մեր համալսարանում հազար ու մի խնդիր կա` պատերից սկսած, աշխատակազմով վերջացրած: Բայց քանի որ փոփոխության փայտիկը ուսանողներիս ու քաղաքացիներիս ձեռքին է, ապա վստա՛հ եղեք` կարգի՛ կգցենք: Շնորհավո՛ր, դարին մոտեցող, բայց խնդիրների տակ կքած համալսարա՛ն ջան: 


ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի

2-րդ կուրսի ուսանողուհի Հայարփի Բաղդասարյան

 


 

 

Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ ձեզ ԵՊՀ հիմնադրման 99-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիս ուժ ու եռանդ նպատակների իրականացման ճանապարհին։ Հատուկ շնորհավորանքներ եմ հղում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր սփռված են ամբողջ աշխարհում, հաջողությամբ աշխատում են բարձրակարգ կրթական և գիտական հաստատություններում և ամենուր բարձր են պահում ԵՊՀ-ի պատիվն ու հեղինակությունը։


ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի

մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Վազգեն Միքայելյան


 

Ինձ համար ԵՊՀ-ն ոչ թե շինությունն է, այլ ուսանողների և դասախոսների ամբողջությունը՝ իրենց ավանդույթներով և հաջողություններով։ Վերջին տարիներին մեր համալսարանը գրանցել է բազմաթիվ տպավորիչ արդյունքներ, և համոզված եմ՝ քանի դեռ կան նվիրված դասախոսներ և ուսանողներ, ովքեր պատրաստ են հաղթահարել ցանկացած դժվարություններ արդյունքի հասնելու համար, մենք միայն ու միայն առաջ ենք ընթանալու։ Շնորհավորում եմ բոլորիս ԵՊՀ 99-ամյակի կապակցությամբ և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում իմ դասախոսներին, ովքեր անշահախնդիր ներդրում են ունեցել իմ օլիմպիական հաջողություններում, և մեծ օրինակ են հանդիսացել իրենց գործը շարունակելու հարցում։ 


ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի

մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ալբերտ Սահակյան

 


 


 

99-ամյա պատմություն կերտած Մայր բուհը պարզապես կառույց չէ, որտեղ ստանում ես գիտելիքներ: Այն ինձ համար ամենահարազատ վայրերից մեկն է, որտեղ ուսանողությանս տարիների ամենահիշարժան օրերն են ստեղծվել: Համալսարանական լինելը, հպարտանալու առիթ լինելուց զատ, նաև պարտավորեցնող է՝ հայրենիքիդ, ինքդ քեզ և հենց Մայր բուհի առջև, որը պետք է ստիպի ավելի լավ սովորել, ուսանողական տարիներն օգտագործել նպատակային՝ կերտելով գիտելիքահեն ապագա՝ բարձր պահելով մեր՝ որպես Մայր բուհի ուսանող լինելու համբավը: Ու թող Մայր բուհի ստեղծումից շատ ու շատ տարիներ անց էլ՝ ԵՊՀ մտնելիս, հարգանքն ու սերը ուղեկից լինեն բոլորին: Շնորհավո՜ր տարեդարձդ, իմ ամենամե՛ծ բարեկամ... 


ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի

մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Աննա Գարեգինյան


 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՌԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒՆՆ ԷՐ
Մայիսի 11-ին տեղի է ունեցել արդեն 5-րդ անգամ անցկացվող ամենամյա «Չինարենի կամուրջ» մրցույթը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում:
ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը կրկին համաուսանողական քննարկում էր կազմակերպել: