23.04.2014 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀԱՊԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ
ԵՊՀ-Ն ՀԱՊԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ
25 բարձրագույն ուսումնական հաստատություն Եկատերինբուրգում հիմնադրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համալսարանական լիգան:

Ապրիլի 22-ին Եկատերինբուրգում ընթացող 5-րդ երիտասարդական տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի բուհերի ներկայացուցիչներ ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համալսարանական լիգայի հիմնադրման մասին համաձայնագիր: Լիգայի գլխավոր նպատակն է անվտանգության, տնտեսության, գիտության, տեխնիկայի, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավական և այլ բնագավառներում աջակցել Եվրասիական տարածաշրջանի բազմակողմանի զարգացմանը:

 

Հիմնադիր ժողովին նախորդել էին մի շարք քննարկումներ, այդ թվում տեսակամուրջներ, որոնց ընթացքում գործընկեր համալսարանների ներկայացուցիչները քննարկել են ձևավորվող կառույցի խնդիրներն ու գործունեության բովանդակությունը: 2014 թ-ի փետրվարի 13-ին կայացած տեսակամուրջի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով նախաձեռնությունը, կարևորեց Լիգայի աշխատանքների գործնական նշանակությունը, նրա փորձագիտական ներուժը և աշխատանքներում ուսանողների և երիտասարդների ակտիվ մասնակցությունը:

 

Հիմնադիր նիստին մասնակցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով Համալսարանական լիգայի ձևավորման նախաձեռնողներից մեկն է և միաժամանակ հանդիսանում է Լիգայի բարձրագույն խորհրդի նախագահը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան իր խոսքում նշեց, որ ձևավորված համալսարանական կազմավորումը կհանդիսանա կարևոր փորձագիտական հարթակ, որի ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին:

 

Երևանի պետական համալսարանը ՀԱՊԿ համալսարանական լիգայի հիմնադիր ժողովին ներկայացնում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: ԵՊՀ պրոռեկտորի փոխանցմամբ՝ առաջիկա մեկ տարին կլինի Լիգայի կազմակերպչական խնդիրների լուծման և կայացման շրջան: Նախատեսվում է Լիգայի շրջանակներում ձևավորել տարբեր խնդիրներով (տեղեկատվական, ֆինանսական, բնամթերքի, բնապահպանական և այլն) զբաղվող անվտանգության ինստիտուտներ, որոնք կհամակարգվեն Լիգայի անդամ համալսարանների կողմից: 

Այլ նորություններ
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին ամերիկահայ գրող, դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
Համալսարանականների հյուրն էր Մոսկվայում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իստիար Տաբոադան: