14.09.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և «Cbonds» կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաստատելու գիտակրթական փոխգործակցություն և համատեղ ջանքերով իրականացնելու կրթական, գիտական և հետազոտական համատեղ աշխատանքներ, այդ թվում՝ գործնական պարապմունքներ:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, մեզ հետ զրույցում խոսելով այսօրինակ համագործակցությունների կարևորությունից, ընդգծեց, որ տնտեսագետի համար ֆինանսական շուկայում և տվյալագիտության ոլորտում վերլուծություններ իրականացնելիս կարևոր է ճշգրիտ փաստերի առկայությունը։

 

 

«Ողջունելի է այն, որ մենք հնարավորություն ունենք համագործակցելու «Cbonds»-ի հետ, քանի որ դրա շնորհիվ ստեղծելու ենք նաև տվյալների բազա՝ վերլուծություններ կատարելու համար: Ֆակուլտետի ուսանողները և դասախոսները կկարողանան մանրամասն ծանոթանալ ֆինանսական շուկայում և տվյալագիտության ոլորտում հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ վիճակագրական ամբողջ տեղեկատվությանը»,- ասաց ֆակուլտետի դեկանը:

 

 

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի խոսքով՝ գործընկեր կազմակերպության տրամադրած տեղեկատվությունն օգտագործվելու է տվյալներ հավաքագրելու, ինչպես նաև ֆինանսական շուկայում և տվյալագիտության ոլորտում վերլուծություն կատարելու նպատակով։

 

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կազմակերպության տրամադրած տեղեկատվությամբ մենք համատեղ հետազոտություններ ենք իրականացնելու, որոնց արդյունքները պետք է հրապարակվեն իրենց կայքում։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները անվճար գրանցման և մուտքի հնարավորություն կունենան «Cbonds»-ի կայք տվյալագիտության ոլորտում ու ֆինանսական շուկայում վերլուծություններ իրականացնելիս»,- մեզ հետ զրույցում ասաց մագիստրոսական ծրագրի ղեկավարը։

 

 

Անդրադառնալով համագործակցության կիրառական նշանակությանը՝ Ռ. Գևորգյանը հավելեց․ «Ես շատ եմ կարևորում այն, որ կարողացել ենք հաջողությամբ համագործակցել կազմակերպության հետ, որը պատրաստ է հավաքագրված տվյալների օգտագործման հնարավորություն ընձեռել: Դա փաստում է, որ մեր հետազոտությունները նրանց հետաքրքրում են, և նրանք պատրաստ են աշխատելու ուսանողների հետ»:

 

«Cbonds» կազմակերպության ներկայացուցիչ Դարյա Նիկոնովան վստահեցրեց, որ համագործակցությունը հաջող ընթացք կունենա։

 

«Հաշվի առնելով միջազգային ֆինանսական տվյալների առկայության կարևորությունը՝ փոխշահավետ համագործակցության շրջանակում ստեղծելու ենք բոլոր պայմանները՝ ոլորտի պահանջները բավարարող, արհեստավարժ մասնագետների պատրաստման և վերապատրաստման դասընթացների իրականացման, գիտական համատեղ միջոցառումների ու հետազոտությունների անցկացման, սովորողների գործնական հմտությունների զարգացման համար»,- ասաց Դ. Նիկոնովան։

 

 

Նշենք, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի շրջանակում ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակելու ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում։ Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ այստեղ։

Այլ նորություններ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։