15.12.2021 | 
Հասարակություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Որքանո՞վ են պաշտպանված Մարդու իրավունքները համաճարակի և Արցախյան պատերազմի ժամանակ ՀՀ-ում» թեմայով դասախոսություն-քննարկում:

Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լիանա Մկրտչյանը ՈՒԳԸ-ի հետ համագործակցությամբ:

 

Վերջին տարիներին Սոցիոլոգիայի ֆակուլտետում արդեն ավանդույթ դարձած հանդիպման նպատակն էր քննարկել Մարդու իրավունքների խախտման արդի մարտահրավերները՝ «COVID-19»-ի համաճարակը, Արցախյան 44-օրյա պատերազմը, ուրվագծել դրանց մեղմման մեխանիզմները ՄԱԿ-ի, ՄԻՊ-ի և այլ կառույցների աջակցությամբ:

 

 

«Վերջին երկու տարիների ընթացքում մարդու իրավունքի տեսանկյունից բավականին բարդ գործընթացների միջով անցանք՝ համաճարակ և պատերազմ: Ուստի շատ են կարևորվում անդրադարձները մարդու իրավունքների թեմային, քանի որ պետք է հասկանանք՝ ինչպես են պաշտպանվում դրանք, և այդ հարցում ինչ դերակատարություն ունեն սոցիալական ոլորտի աշխատողները»,- նշեց Լ. Մկրտչյանը և հավելեց, որ Հայաստանում ներկայումս բազմաթիվ մարտահրավերներ կան, սակայն մի շարք կառույցներ են գործում, որոնք դիմակայում են դրանց՝ պաշտպանելով մարդու հիմնարար և անօտարելի իրավունքները:

 

 

Զեկուցումներով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը, ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի աշխատակից Նաիրա Մարությանը, ֆակուլտետի դասախոս Լիանա Մկրտչյանը։

 

Ոլորտում մեծ փորձառություն ունեցող մասնագետներն ուսանողների հետ քննարկել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են համաճարակի, պատերազմի, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում մարդու իրավունքների խախտման դեպքեր՝ կյանքի իրավունքից մինչև սեփականության ու տարածքի պաշտպանություն:

 

 

«Եռակողմ քննարկումների նպատակը մեկն էր. հասկանալ, թե ինչ կարելի է անել, որպեսզի Հայաստանում Մարդու իրավունքներն էլ ավելի պաշտպանված լինեն: Ուստի կոնկրետ օրինակներով քննարկել ենք ՄԻՊ գրասենյակի և ՄԱԿ-ի քայլերն ու գործառույթները»,- ասաց դասախոսը:

 

Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսներին։

 

 

«Ես բարձր կուրսերում եմ դասավանդում «Մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» առարկան, սակայն դահլիճը բազմամարդ էր. բոլոր կուրսերից ուսանողներ կային: Հանդիպումը նախատեսվածից երկար տևեց, քանի որ ուսանողների հարցերը շատ էին: Այնուամենայնիվ, բանախոսները համապարփակ ու սպառիչ պատասխաններ տվեցին ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին՝ տեղայնացնելով նաև միջազգային փորձը ՀՀ-ում և Արցախում»,- հավելեց Լ. Մկրտչյանը:

 

Միջոցառմանը ներկա էին նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի ունեցած միջոցառման ժամանակ ծավալվեցին Հայկական սփյուռքին առնչվող առանցքային թեմաների վերաբերյալ քննարկումներ։