01.11.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, փոխտնօրեն Կարինե Նազարյանը, «ՀայՓոստ»-ի ներկայացուցիչները:

 

 

«Ուրախ ենք ողջունելու ձեզ ԵՊՀ-ում: Մայր բուհը շատ է կարևորում գործատուների և մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Հաշվի առնելով այն, որ ուսանողները բուհում հիմնականում տեսական գիտելիքներ են ստանում, առաջնահերթ է դառնում այդ գիտելիքների՝ փորձով հարստացման, հմտությունների ձեռքբերման և գործարկման հարցը: Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և արդյունավետ համագործակցություն մաղթեց բոլորին:

 

ԵՊՀ-ն և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ ակտիվ համագործակցում են, որի արդյունքում ուսանողներին և շրջանավարտներին արվել են աշխատանքային և պրակտիկայի բազմաթիվ առաջարկներ:

 

 

«Շնորհակալ ենք ԵՊՀ-ին այս նոր համագործակցության համար, որով մեր ուսանողները հնարավորություն կունենան «ՀայՓոստ»-ի նման խոշոր ընկերությունում ստանալու գործնական, խորը գիտելիքներ ոլորտի պրոֆեսիոնալ մեր աշխատակիցների կողմից: Պրակտիկա անցած լավագույն ուսանողները կարող են աշխատանքի անցնել և սկսել  իրենց կարիերան մեր մեծ և արագ տեմպերով զարգացող ընկերությունում»,- նշեց «ՀայՓոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և հավելեց, որ ընկերությունը համալրում է իր կադրերը, ուստի տվյալ համագործակցությունը երկու կողմերի համար էլ կարող է փոխշահավետ դառնալ:

 

 

Հայկ Կարապետյանը նշեց նաև, որ ընկերությունում առկա թափուր տեղերը հարմարեցնում են ուսանողներին՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով աշխատելու պարապմունքներից հետո, համատեղելու կրթությունն ու պրակտիկան:

 

Կողմերն ընդգծեցին, որ հուշագրի ստորագրումը նոր հարթակ է դառնալու երկկողմ ծրագրերի արդյունավետ իրականացման համար, միտված է լինելու ուսանողների կրթության որակի բարձրացմանը և գործնական փորձի հարստացմանը։

 

 

Հուշագրով ամրագրվեցին նաև ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը «ՀայՓոստ» ՓԲԸ-ում։

 

Հավելենք, որ կողմերը պայմանավորվեցին քննարկել և մշակել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով:

Այլ նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը: