15.07.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն, Մշակույթ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

Օլիմպիադայի մասնակիցներին զարմացրել էր «Էրեբունի» թանգարանի՝ ուրարտական պալատական կառույցների կրկնօրինակությամբ կառուցված շենքը: Շրջելով ողջ տարածքով և ուսումնասիրելով թանգարանի մեծ հավաքածուն՝ օլիմպիադայի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ դիտել են հայկական հնավայրերից (Արինբերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ) և Հայաստանի տարբեր շրջաններից հայտնաբերված հնագիտական առարկաները, որոնք վերաբերում են նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և հայկական վաղ ժամանակաշրջաններին:

 

 

«Էրեբունի» թանգարան կատարած էքսկուրսիայից հետո օլիմպիադայի մասնակիցներն այցելել են Երևանի Մատենադարան, որտեղ նրանց համար անցկացվել է վարպետաց դաս՝ «Կենսաբանական մեթոդների կիրառումը հայկական ձեռագրերի պահպանման գործում» խորագրով:

 

 

Օտարերկրյա հյուրերը տպավորված են եղել՝ տեսնելով հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը՝ «Մշո ճառընտիրը», և հայերեն ամենափոքր ձեռագիրը՝ «Տոնացույցը»։

 

 

Նշենք, որ «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» աշխատանքները համակարգում է Երևանի պետական համալսարանը, որն ակադեմիական հեղինակություն վայելող գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ ԵՊՀ-ն պարբերաբար իրականացնում է գիտակրթական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներ՝ հանրությանը ներկայանալով կրթական մրցունակ ծրագրերով, նշանակալի բացահայտումներով և շարունակական ձեռքբերումներով։ Օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։

 

 

 

Բացառիկ է ԵՊՀ-ի դերը գիտական աշխարհի հետ հաղորդակցություն ապահովելու, նորարարական մոտեցումներ որդեգրելու, մշակութային արժեքները պահպանելու և հարստացնելու, ինչպես նաև երկրի ընդհանուր առաջընթացն ապահովելու գործում։ Այդ համատեքստում ԵՊՀ-ն լայնորեն համագործակցում է աշխարհի առաջատար բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ։

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համաժողովի կազմակերպման ընթացքը, ընտրված թեմայի արդիականությունը, ինչպես նաև ընդգծվեց համաժողովի կարևորությունը ՀՀ կրթական համակարգի զարգացման գործում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասուլիսի ավարտին տվեցին հարցեր՝ կապված համաժողովի, վերջինիս ընձեռած հնարավորությունների և ԵՊՀ-ում իրականացվող նկատելի բարեփոխումների վերաբերյալ։
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՊՀ ՀԻՆԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել Մաթեմատիկական միջազգային ուսանողական 29-րդ օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր: