29.10.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ICPC» («ԱՅՍԻՓԻՍԻ») ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ICPC» («ԱՅՍԻՓԻՍԻ») ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Հայաստանի տարբեր բուհերից 17 մրցութային և 2 արտամրցութային թիմեր մասնակցեցին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ծրագրավորման՝ աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթին՝ «ICPC» Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլին: Այս փուլը հաղթահարած թիմերն առաջիկայում կմասնակցեն կիսաեզրափակչին, այնուհետև՝ եզրափակչին:

ԵՊՀ ծրագրավորման օլիմպիական թիմերի մարզիչ Արմեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի պետական համալսարանի հինգ թիմերից յուրաքանչյուրը պատրաստվել է լավագույնս: Նրա խոսքով՝ թիմերն ունեն գիտելիքների առավելագույն պաշար եզրափակիչ փուլ անցնելու համար:

 

 

«Yerevan SU-1» թիմի անդամները՝ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը և Դավիթ Մարգարյանը, մրցույթին մասնակցելու փորձ ունեն: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենք թիմային աշխատանքի կողմնակից են, և բարդագույն ու հետաքրքիր խնդիրների լուծումներ գտնելու ընթացքը շատ մոտիվացնող է:

 

 

Սամվելն ասաց, որ կարևորում է ուսանողների՝ տարաբնույթ մրցույթների, տվյալ դեպքում ինֆորմատիկայի միջազգային և ամենահեղինակավոր մրցույթին մասնակցությունը, որի համար, ըստ նրա, անհրաժեշտ է ծրագրավորման որևէ լեզվի տիրապետել, գիտելիքներ ունենալ ալգորիթմներից ու տվյալների կառուցվածքներից:

 

 

«Մեր թիմը դեռևս դպրոցական տարիքից զբաղվել է ծրագրավորմամբ և դպրոցական միջազգային օլիմպիադաների մասնակցելով՝ գրանցել հաջողություններ: Այս անգամ ևս բավականին լավ ենք պատրաստվել, մարտական ենք տրամադրված»,- նշեց Սամվելը:

 

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ Նելլի Վարդանյանը և Աստենիկ Հովհաննիսյանը, տեղեկանալով մրցույթին մասնակցելու հնարավորության մասին, որոշել են փորձել իրենց ուժերը: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց ավագ ընկերների հաջողություններն ավելի են ոգևորում, և մեծ սպասելիքներ ունեն: Միաժամանակ մեծ է պատասխանատվությունը՝ անելու ամեն բան, որպեսզի ԵՊՀ թիմը նախորդ տարվա նման գրանցի մեծ հաջողություններ:

 

 

ԵՊՀ ասպիրանտ Լևոն Մուրադյանը «ICPC» («ԱյՍիՓիՍի») ծրագրավորման միջազգային մրցույթին մասնակցել է վեց տարի անընդմեջ և երկու անգամ անցել է եզրափակիչ փուլ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այս տարի ևս կան ուժեղ թիմեր, որոնք վստահաբար կհասնեն մինչև եզրափակիչ փուլ:

 

 

 «Կարծում եմ՝ թիմերում ընդգրկված են այնպիսի ուսանողներ, որոնք համատեղ թիմային աշխատանք կատարելու շնորհիվ կգրանցեն բարձր արդյունքներ: Պարզապես աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է ուշադիր լինել»,- ընդգծեց Լևոնը:

 

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ թիմը 2022 թ. ապրիլին «ICPC» («ԱյՍիՓիՍի») ծրագրավորման միջազգային օլիմպիադայում գրանցել էր աննախադեպ արդյունք՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: