27.02.2018 | 
Գիտություն
ԵՊՀ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵԶԱԿԻ ԵՆ ՈՂՋ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԵՊՀ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵԶԱԿԻ ԵՆ ՈՂՋ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի պաշտոնական բացումը:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

 

Կենտրոնի ստեղծման պատմությունը սկսվել է դեռևս 2015 թ.-ի դեկտեմբերից, երբ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում մեկնարկել էր «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի իրականացումը, որը տրամադրվել է Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ գործող «Կրթության բարելավում» ծրագրի կողմից:

 

Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն է եղել, համակարգողը՝ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբ. գիտ. դոկտոր Կարեն Թռչունյանը:

 

Կենտրոնի բացման արարողության սկզբում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանն ուրախությամբ փաստեց, որ ֆակուլտետում սա արդեն երկրորդ նորարարական կենտրոնն է. «Նմանօրինակ կենտրոնների նշանակությունը դժվար է գերագնահատել հատկապես մեր օրերում, երբ բնական գիտությունների համար այնքան էլ լավ ժամանակներ չեն: Ուրախալի փաստ է, որ այս կենտրոնը բացվել է մեր երիտասարդ գիտնականի շնորհիվ, և համոզված եմ, որ հենց երիտասարդ կադրերն իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում ավելի էական արդյունքներ կգրանցեն, ինչն էլ կնպաստի մեր ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը»:

 

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ այս կենտրոնի բացումը համալսարանի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է. «Մեր նպատակներից է ստեղծել գերազանցության կենտրոններ և այդ կենտրոններում կուտակել մարդկային լավագույն ռեսուրսների, լավագույն սարքավորումներ, լավագույն տեխնոլոգիաներ և կիրառել լավագույն մեթոդներ: Ամենակարևոր փաստն այն է, որ այսպիսի կենտրոնների շուրջը հավաքվում են երիտասարդ ուժեր: Այս կենտրոններն են, որ լուծում են նրանց աշխատանքի գիտական հետաքրքրությունների բավարարման խնդիրները, որն անչափ կարևոր է այսօրվա դժվարին պայմաններում»:

 

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ շատ կարևոր է նմանօրինակ ծրագրերի իրականացումը, որոնք ապահովում են նորարարական մտքի համար անհրաժեշտ զինանոցի առկայությունը Հայաստանում. «Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել մեր Մայր բուհին, որը այս ծրագրում շատ կարևոր դերակատարություն է ստանձնել և կարողանում է քայլ առ քայլ ոտքի կանգնեցնել գիտությունը ինչպես իր, այնպես էլ Հայաստանի տարածքում: Սա շատ կարևոր ծրագիր է մեզ համար, քանի որ այն կարողանում է ճանապարհ հարթել երիտասարդ սերնդի համար»:

 

 

ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս ծրագիրն իրականացավ գործընկերների շնորհիվ. «Ուզում ենք շնորհակալություն հայտնել «Երևանի գարեջուր» գործարանին, «Չանախ» ընկերությանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին: Մեր համագործակցության արդյունքում ստեղծվել է կենտրոն, որը պետք է ապահովի կրթության, գիտության և արտադրության կապը»:

 

Գեղամ Գևորգյանը հավելեց նաև, որ ծրագրի մեկնարկից մինչև այսօր արդեն իսկ կատարվել են հսկայական աշխատանքներ. «Կենտրոնն արդեն հյուրընկալել է մեծ թվով գիտնականների, կենտրոնի կողմից ներդրվել է երկու առարկայական ծրագիր, ինչպես նաև մշակվել է մագիստրոսական ծրագիր, որը կգործի եկող ուսումնական տարվանից»:

 

 

Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագրի շրջանակում ստեղծված կենտրոնի համար ձեռք են բերվել և տեղադրվել գերժամանակակից նորագույն սարքավորումներ (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգը:

 

Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը ծանոթացան նոր կենտրոնին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռուսական կենտրոնը նախաձեռնել էր ամենամյա հանդիպում Ռուս բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ:
ԱՆՁԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի հրապարակած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների մրցույթ - 2018» արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կողմից ներկայացված «Անձի հոգեբանական գնահատումը մասնագիտական պատրաստման գործընթացում» թեման։