08.10.2018 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂՈՒՄ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂՈՒՄ
Հոկտեմբերի 5-ին «Արթուրս Աղվերան ռեզորթում» մեկնարկեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից արդեն երրորդ տարին անցկացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մրցույթն անց է կացվում 2 փուլով՝ գրավոր, որի ընթացքում ուսանողներն առաջադրված խնդրի վերաբերյալ հայտնում են իրենց փաստարկված դիրքորոշումները՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերի տեսանկյուններից, ապա բանավոր, որի ընթացքում միմյանց հետ մրցում են գրավոր փուլը հաղթահարած և առավելագույն միավորներ հավաքած թիմերի ներկայացուցիչներ:

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ և Արցախի տարբեր բուհեր ներկայացնող 10 թիմեր։ Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարել են հետևյալ՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «BONA FIDE» և «Ավրորա», Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ 1» և «ԵՊՀ 2», ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» և Գավառի պետական համալսարանի «Նաիրի» թիմերը:

Դատախաղի բանավոր փուլի առաջին մրցութային օրը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը` նշելով, որ այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացման և դրանց գործնական կիրառության հմտությունների զարգացման համար:

Նմանաբնույթ մրցույթների անցկացման կարևորությունն ընդգծեց նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը` փաստելով, որ այս ձևաչափով մրցույթների անցկացումը յուրօրինակ խթան է ուսանողների համար իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու, գիտելիքները հրապարակային բանավեճի ընթացքում ներկայացնելու, նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու համար:



Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. դոկտոր Աննա Մարգարյանը, ով կարևորեց նմանօրինակ մրցույթներում տարբեր բուհերի ուսանողների մասնակցությունը․ «Այսօրինակ դատախաղերն օգնում են ուսանողներին դրսևորելու իրենց հմտությունները և կարողությունները, շփվելու ՀՀ-ում և Գերմանիայում իրավակիրառ գործունեություն ծավալող մասնագետների հետ, ինչպես նաև հնարավորություն են տալիս ձեռք բերելու նոր ընկերներ»:

Դատախաղի ժյուրիի կազմը ներկայացուցչական էր` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավ. գիտ. թեկնածու Դավիթ Մելքոնյան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մերի Ալավերդյան, քրեական գործերով մասնագիտացված փաստաբան Միրիամ Զիֆրիթց և Քյոլնի երկրամասային դատարանի նախագահող դատավոր և թիվ 15 քրեական մեծ պալատի նախագահ պրոֆ. դր. Յան Ֆ. Օրթ:

Դատախաղի մրցութային մասում Աննա Մարգարյանը մասնակիցներին բացատրեց խաղի կանոնները, ապա վիճակահանությամբ որոշվեցին միմյանց հետ մրցող թիմերը:

Մրցութային առաջին երկու օրերի արդյունքների համաձայն՝ ժյուրիի կողմից առավելագույն միավորների արժանացած Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «BONA FIDE» և Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ 1» թիմերը հանդիպեցին հոկտեմբերի 7-ին կայացած եզրափակիչ փուլում: Եզրափակիչ խաղին ներկա էին բոլոր թիմերը, նրանց մարզիչները և հյուրերը:

Եզրափակիչ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո ժյուրիի անդամ Միրիամ Զիֆրիթցը հայտարարեց, որ առավելագույն միավորներ է հավաքել և լավագույնն է ճանաչվել Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1» թիմը:



Հաղթող թիմին հայտարարելուց հետո ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի կողմից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ, իրավ. գիտ. թեկնածու Սերգեյ Մարաբյանին հանձնվեց Երևանի պետական համալսարանի կողմից սահմանված «Հաղթող թիմի մարզիչ» մրցանակը:

Ժյուրի անդամները ներկայացրեցին դատախաղի վերաբերյալ իրենց տպավորությունները` դրական գնահատելով այս նախաձեռնությունը, անդրադարձան թիմերից յուրաքանչյուրի առավելություններին և թերություններին` հատուկ ընդգծելով, որ բոլոր թիմերն էլ աչքի են ընկել պատշաճ պատրաստվածությամբ:

Ժյուրիի բոլոր անդամները միակարծիք էին այն հարցում, որ ՀՀ արդարադատության ակադեմիայի կողմից կազմվել էր հետաքրքիր խնդիր, որը, չունենալով միանշանակ լուծում, մրցող կողմերին հնարավորություն էր տվել ցանկացած դիրքորոշում պատշաճ հիմնավորել: Ըստ նրանց՝ դատախաղ-մրցույթը հաջողված էր և պետք է շարունակական բնույթ կրի:

Դատախաղի կազմակերպիչների և իրավական հանրությունը ներկայացնող տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից մրցույթի մասնակիցների համար նախատեսվել էին մրցանակներ:

Այսպես, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից մասնակցության հավաստագրեր հանձնվեցին բոլոր թիմերի մասնակիցներին:



ՀՀ իրավաբանների միության կողմից սահմանված «Գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշում հայտնած թիմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ 2» թիմը, որը արժանացավ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից «Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշում հայտնած թիմ» անվանակարգում սահմանված մրցանակին:

«Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում մրցանակ էին սահմանել ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը: Այս անվանակարգում լավագույնը ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «BONA FIDE» թիմի անդամ Դիանա Բարսեղյանը, ում էլ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը հանձնեցին մրցանակը՝ 6 ամիս ժամկետով Հանրային պաշտպանի գրասենյակում անվճար պրակտիկա անցնելու հավաստագիր, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցում սովորելու համար 20 տոկոս զեղչի հնարավորություն:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից սահմանված «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ 2» թիմի անդամ Դավիթ Բակլաչյանը, իսկ ՀՀ արդարադատության ակադեմիայի կողմից սահմանված «Լավագույն հռետոր» անվանակարգում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմի անդամ Հայկ Խաչատրյանը:

ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույն կիրառման համար» մրցանակը միության տնօրեն Վահե Ենգիբարյանը հանձնեց Գավառի պետական համալսարանի «Նաիրի» թիմին, իսկ «Իրենց դիրքորոշումներում առավել ինքնատիպ լուծումներ առաջարկած թիմ» անվանակարգում մրցանակը՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ավրորա» թիմին:

Դատախաղի ավարտին մրցույթի մասին իրենց տպավորությունները ներկայացրեցին նաև թիմերի ներկայացուցիչները` հատուկ ընդգծելով, որ այն շատ լավ հնարավորություն է խորացնելու մասնագիտական հմտությունները, զարգացնելու գործնական կարողությունները, իրականացնելու փորձի փոխանակում, հաստատելու նոր կապեր և հույս հայտնեցին հանդիպել արդեն հաջորդ տարի:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր հերթական մարզային այցելությունը: Այս անգամ ԵՊՀ դասախոսական անձնակազմն աշակերտների հետ հանդիպումն անցկացրել է Չարենցավանի ավագ դպրոցում:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
Այսօր ավարտվեց Ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը: Թեժ պայքարից հետո չեմպիոնական գավաթը շահեց Իրավագիտության ֆակուլտետի ֆուտբոլային թիմը: