03.03.2018 | 
Քաղաքականություն
ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՕԳՏՎԵՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԶԵՂՉԵՐԻՑ
ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՕԳՏՎԵՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԶԵՂՉԵՐԻՑ
Այսօր անցկացվեց ԵՊՀ ամենամյա օլիմպիադայի 1-ին փուլը:

2009 թ.-ից անցկացվող օլիմպիադայում աշակերտներն իրենց ուժերը փորձեցին հանրակրթական 13 առարկաների մրցույթներում (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք): Օլիմպիադայի առարկայական բազմազանությունը պայմանավորված է այն մասնագիտություններով, որոնցով կրթությունը իրականացվում է ԵՊՀ-ում:

 

«ԵՊՀ օլիմպիադան» նախաձեռնել և իրականացնում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը: Ամենամյա օլիմպիադային մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտները: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող են մասնակցել 2-3 աշակերտ:

 

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանի հավաստմամբ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս աշակերտների շրջանում ամենաշատը հետաքրքրություն են ներկայացնում «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» և «Կենսաբանություն» առարկաները: Օրինակ՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի օլիմպիադային մասնակցել է մոտ 500 աշակերտ, «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադային՝ մոտ 450 աշակերտ և այլն:

 

Օլիմպիադայի նպատակն է բարձր դասարաններում սովորող աշակերտներին հնարավորություն ընձեռել ընդունելության քննություններից առաջ ստուգելու իրենց գիտելիքներն ու պարզելու ընդունակությունները: Բոլոր մարզերում աշխատանքները համակարգում են ԵՊՀ մարզային ներկայացուցիչները և բուհի դասախոսները:

 

 

«Հայտագրվել են Երևանի և տասը մարզերի դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների  շուրջ 2600 աշակերտներ: Նախորդ տարիներին մասնակցության թիվը բավականին բարձր է եղել՝ պայմանավորված դպրոցների շրջանավարտների շատ լինելու հանգամանքով: Մարզերում մասնակցության ակտիվությունը ևս բարձր է: Ընդհանուր առմամբ մարզերից ունենք շուրջ 1900, իսկ մայրաքաղաքից՝ շուրջ 700 մասնակիցներ»,- ասաց Էմին Սանթրոսյանը: 

 

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ համապատասխանաբար 50%, 40% և 30%-ով:

 

Երևանի հ. 159 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Մկրտչյանը մասնակցում էր «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադային: Նա որոշել է դառնալ ծրագրավորող և ուսումը շարունակել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

 

«Որոշեցի մասնակցել ԵՊՀ-ի կողմից կազմակերպված օլիմպիադային, քանի որ բուհ ընդունվելու ժամանակ հանձնելու եմ մաթեմատիկայի քննություն: Մասնակցությունս օլիմպիադային կօգնի փորձել ուժերս: Հաջորդ տարի, երբ սովորեմ 12-րդ դասարանում, և օլիմպիադան նորից կազմակերպվի, կրկին կմասնակցեմ, քանի որ փորձառություն ձեռք բերելուց բացի՝ հաղթելու դեպքում առաջին կուրսում կարող եմ օգտվել ուսման վարձի զեղչից»,- ասաց Սերգեյ Մկրտչյանը:

 

Գոհար Մանչլիկյանը սովորում է Մանուկ Աբեղյանի անվան 3-րդ ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի 12-րդ դասարանում: Նա ամենամյա օլիմպիադայի մասին տեղեկացել է իր ընկերներից, որոնք սովորում են ԵՊՀ-ում:

 

«Որոշել եմ դառնալ հաշվապահ և ընդունվել ԵՊՀ: Ամենայն հավանականությամբ, կընտրեմ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկան առհասարակ շատ ուժեղ և կարևոր առարկա է, այդ իսկ պատճառով ցանկացա մասնակցել հենց այս առարկայի օլիմպիադային»,- ասաց Գոհար Մանչլիկյանը:

 

 

Մեր զրուցակիցների շարքում կային նաև աշակերտներ, ովքեր ուսումը ցանկանում են շարունակել արտերկրում կամ այլ համալսարաններում, սակայն որոշել են մասնակցել օլիմպիադային, քանի որ կարծում են, որ այն լավ հարթակ է գիտելիքները ստուգելու և փորձառություն ձեռք բերելու համար:

 

«Այբ» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Քասարչյանը, որ մասնակցում էր «Անգլերեն» առարկայի օլիմպիադային, ուզում է դառնալ ինժեներ: Նա դեռ հստակ չի որոշել, թե որ բուհ է ցանկանում ընդունվել:

 

«Տարբերակներ կան արտասահմանում ուսումը շարունակելու: Ես անգլերեն շատ եմ սիրում և դրա համար մասնակցում եմ հենց անգլերենի օլիմպիադային: Բացի այդ, հավանական տարբերակներից է նաև ԵՊՀ ընդունվելը: Սա մեծ փորձառություն է ինձ համար»,- ասաց աշակերտը: 

 

«Ստեղծագործական աշխատանք» առարկայի օլիմպիադայի ժամանակ աշակերտները ընտրում են առաջադրված երեք խորագրերից մեկը և ըստ այդ թեմայի՝ գրում իրենց ստեղծագործական աշխատանքը: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան և «ԵՊՀ օլիմպիադա-2018»-ի «Ստեղծագործական աշխատանք» առարկայի մասնագիտական հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ սովորաբար ընտրվում են այնպիսի վերնագրեր, որոնք կարող են հոգեհարազատ լինել 16, 17, 18 տարեկան երեխաներին:

 

«Օլիմպիադան տարեցտարի դառնում է ավանդական, անհրաժեշտ, կարևոր մի իրողություն: Ավարտական դասարանների աշակերտները մասնակցում են օլիմպիադային այն համոզմունքով, որ դա համալսարանում առաջին անգամ ներկայանալու յուրատեսակ ձև է: Կարծում եմ՝մասնակիցները որքան հնարավոր է գեղեցիկ կշարադրեն իրենց ասելիքը»,- նշեց Նաղաշ Մարտիրոսյանը: 

 

Տեղեկացնենք, որ դպրոցականների ամենամյա օլիմպիադայի 2-րդ փուլը տեղի կունենա մարտի 31-ին ԵՊՀ-ում, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները: Իսկ  օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին ԵՊՀ մեծ դահլիճում:

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է և ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին ներկայացված էին պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի և Միքայել Միքայելյանի թեկնածությունները: