03.06.2019 | 
Կրթություն
ԱՄՓՈՓՎԵՑ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2019»-Ը. ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2019»-Ը. ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ արդեն    11-րդ տարին անցկացվող դպրոցական օլիմպիադային այս տարի մասնակցել են 189 հանրակրթական դպրոցների շուրջ 2298 աշակերտներ: Լավագույն արդյունքի հասած մասնակիցներից 95-ն այսօր արժանացան առաջին, երկրորդ և երրորդ կարգերի դիպլոմների, իսկ 183-ը՝ գովասանագրերի:

 

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի ակտիվ մասնակցել են 25 դպրոցներ, որոնք պարգևատրվել են ԵՊՀ շնորհակալագրերով և գրքերով: 

 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Մինչհամալասարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը, վարչության աշխատակիցները, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ:

 

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով լավագույն արդյունքներ ցուցաբերածներին՝ Մենուա Սողոմոնյանն ընդգծեց, որ այս սերունդն առանձնահատուկ է, քանի որ պարգևատրվում է այն տարում, երբ ԵՊՀ-ն տոնում է հիմնադրման 100-ամյակը. «Թող ձեր ուսումնառության տարիները նշանավորվեն հաղթանակներով, իսկ ձեր ծնողներն այսօրվա հպարտությամբ հետևեն ձեր բոլոր հաղթանակներին: Դուք եք լինելու Մայր բուհի դեմքն ու դիմագիծը»:

 

Վերջինս դպրոցականներին հանձնեց դիպլոմներն ու գրքերը:

 

«ԵՊՀ օլիմպիադա 2019»-ի «Ֆրանսերեն» առարկայից առաջին հորիզոնական զբաղեցրած Սուսաննա Հարությունյանը Երևանի թիվ 119 ավագ դպրոցի աշակերտուհի է:

Սուսաննան ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դիմորդ է: «Ես մանկուց երազել եմ սովորել ԵՊՀ-ում: Քայլ առ քայլ իրագործում եմ երազանքս»,- նշեց նա:

 

Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի աշակերտ Արգիշտի Բիչախչյանին «ԵՊՀ օլիմպիադա 2019»-ին բերել է «Գերմաներենը»: Արգիշտին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դիմորդ է:

 

Հիշեցնենք, որ բացի պարգևատրումից՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանալու են ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50%, 40% և 30%։

 

Նշենք, որ միջոցառման ընթացքում պարգևատրվեցին ոչ միայն «ԵՊՀ օլիմպիադա 2019»-ի հաղթողները, այլև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների այն լավագույն 5 ուսանողները, որոնք Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել են «Հակոբ Կարապենց» հիմնադրամի սահմանած ամենամյա կրթաթոշակին:

 

Պարգևներն ուսանողներին հանձնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը:




Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: