31.03.2018 | 
Կրթություն
ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԵԼ. ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԵԼ. ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադայի առաջին փուլի հաղթողներն իրենց ուժերը փորձեցին երկրորդ փուլում:

Առաջին փուլի արդյունքներով ԵՊՀ օլիմպիադային մասնակցել են 2186 աշակերտներ, որոնցից 486-ը շարունակում են մրցել երկրորդ փուլում: Օլիմպիադայում աշակերտներն իրենց ուժերը փորձում են հանրակրթական 13 առարկաների մրցույթներում (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք):

 

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի հավաստմամբ՝ առարկայական նման բազմազանությունը պայմանավորված է այն մասնագիտություններով, որոնցով կրթությունը իրականացվում է ԵՊՀ-ում:

 

«Արդեն տասներորդ տարին անընդմեջ կազմակերպվող օլիմպիադայի նպատակը միասնական քննություններից առաջ աշակերտների գիտելիքների ստուգման փորձ է, բացի այդ՝ այս օլիմպիադայի միջոցով մենք ցանկանում ենք գտնել խելացի աշակերտներին և նրանց ուղղորդել դեպի համալսարան»,- մեզ հետ զրույցում ասաց Վաչագան Գալստյանը:

 

 

Արդեն երկու տարի է, որ ԵՊՀ օլիմպիադան անցկացվում է երկու փուլով: Այս տարի ավարտական դասարանների սակավությամբ պայմանավորված՝ օլիմպիադային մասնակցելու համար մենք ընդգրկվել ենք նաև 11-րդ դասարանի աշակերտներին:

 

Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Ղազարյան Ֆլորան օլիմպիադայի առաջին փուլում բարձր միավորներ է հավաքել անգլերենից և այսօր իր ուժերը փորձում է արդեն երկրորդ փուլում. «Առաջին փուլն այնքան էլ հեշտ չէր, բայց այն մեծ փորձ տվեց, որի շնորհիվ այսօր ավելի հանգիստ եմ, իսկ առաջադրանքներն ավելի հեշտ են թվում»: Ֆլորան արդեն որոշել է. ընդունվելու է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ:

 

Քիմիա առարկայի մասնագիտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գալստյանն ասաց, որ երկրորդ փուլի խնդիրները միջին բարդության են. «Առաջադրանքները դպրոցական ծրագրից դուրս են և նախատեսված չեն ընդունելության քննությունների համար: Ինչպես և բոլոր օլիմպիադաները,այս օլիմպիադան ևս պահանջում է հավելյալ գիտելիք և արագ կողմնորոշվելու հմտություն»: Ա․ Գալստյանը հուսով է, որ օլիմպիադայի մասնակիցները հետագայում կկարողանան էլ ավելի բարձր արդյունքներ գրանցել այս ոլորտում:

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ համապատասխանաբար 50%, 40% և 30%-ով:

 

 

Այլ նորություններ
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Հայոց ցեղասպանության առջև օրեցօր ծառացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում հարցին տիրապետող, բանիմաց երիտասարդ մասնագետներին:
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի պաշտոնական բացումը: