14.09.2018 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
#ԵՎՐԱՍԻԱ 2018. ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ
#ԵՎՐԱՍԻԱ 2018. ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացվեց «Եվրասիա 2018» միջազգային երիտասարդական կրթական ֆորումը, որին մասնակցեց Ռուս բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Աննա Խիզանցյանը:

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Եվրասիա 2018» միջազգային երիտասարդական կրթական ֆորումի հանդիսավոր բացումը, որը միավորել էր աշխարհի 77 երկրներից ժամանած ավելի քան 800 ռուս և արտասահմանցի մասնակիցների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ 80 մարզերի:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Օրենբուրգի շրջանի մարզպետ Յուրի Բերգը, Երիտասարդության գործերի գծով դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Բուգաևը և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության Օրենբուրգի շրջանում ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Կուզնեցովը:

Մասշտաբային այս միջոցառման մասնակիցներին շնորհավորեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Անցած տարիների ընթացքում ֆորումը հայտնի դարձավ, հարստացավ նոր ու հետաքրքիր մտքերով, պլաններով, նախաձեռնություններով՝ դառնալով պահանջված հարթակ Եվրասիայի պետությունների երիտասարդության հետագա համագործակցության և ընկերության համար: Այս տարի ֆորումի մասնակիցները հագեցած օրակարգ ունեն, որում տեղ են գտել միջազգային, հումանիտար, մշակութային, կրթական, ինչպես նաև ռուսերենի և ռուսական մշակույթի ժողովրդականացմանը վերաբերող մի շարք հարցեր»:

Ֆորումի կրթական ծրագիրը անցկացվեց հետևյալ՝ «Նոր հորիզոններ», «Եվրասիան՝ իրադարձությունների կենտրոն», «Գլոբալ մարտահրավերներ», «Նոր հնարավորություններ», «Ռուսաստանը՝ աշխարհի համար», «Ստեղծում ենք ապագան միասին» ուղղություններով:

Ֆորումի նպատակն է միավորել եվրասիական երկրների երիտասարդությանը: Այն կայուն հարթակ է, որտեղ ստեղծված են պայմաններ եվրասիական երկրների երիտասարդական կազմակերպությունների կամ անհատ քաղաքացիների երկխոսության համար՝ ուղղված արտասահմանցի ռուսախոս քաղաքացիների համագործակցմանը:

«Եվրասիա 2018» միջազգային երիտասարդական կրթական ֆորումի շրջանակում գործում էր նաև դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, որն օժանդակում էր երիտասարդական նախագծերի համառուսական մրցույթը (Ռուսաստանի քաղաքացիների համար) և Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ֆոնդը (այլ երկրների քաղաքացիների համար):

Մեզ հետ զրույցում միջոցառման մասնակից Աննա Խիզանցյանը ասաց, որ «Եվրասիա 2018» ֆորումը հիանալի հնարավորություն էր ռուսական բուհերի, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հետ ծանոթանալու համար. «Այսօրինակ միջոցառումներն օգնում են հետագայում ևս անցկացնել համատեղ առցանց գիտաժողովներ, հեռահար դասախոսություններ և վեբինարներ:

Բացի այդ՝ ֆորումում մասնակցություն ունենալը եվրասիական տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդ մասնագետների հետ շփման լայն առիթ է, որն էլ, կարծում եմ, լավ մեկնարկ է միասնական նախագծերի շուրջ համագործակցելու համար»,- հավելեց ասպիրանտը:

Կրթական ծրագրերից զատ՝ մասնակիցները մշակութային ծրագրի շնորհիվ ավելի լավ ճանաչեցին եվրոպական և ասիական տարածաշրջանների հանդիպման վայրը՝ Օրենբուրգը և Օրենբուրգի շրջանը:

Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպել էր պլենար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 14-ԱՄՅԱԿԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «ISTC - Innovative Solutions and Technologies Center»-ում այսօր կազմակերպել էր ամենամյա երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին: