19.05.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՀՀԱ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՀՀԱ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Մայիսի 16-ին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում մեկնարկեց Եվրոպական համալսարանների հրատարակչությունների ասոցիացիայի առաջին կոնֆերանս-աշխատաժողովը, որին մասնակցում էր նաև ԵՊՀ հրատարակչությունը:

Եվրոպական մի քանի տասնյակ բուհերի հրատարակչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու ինֆորմացիոն դարաշրջանում իրենց նետված մարտահրավերներին դիմակայելու, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելու, ինչպես նաև փոխգործակցության վերաբերյալ հարցեր:

 

Աշխատաժողովի առաջին օրը մասնակիցներին ողջունեց Ստոկհոլմի համալսարանի պրոռեկտոր Աստրիդ Սյոդերբերգ Վիդդինգը՝ հույս հայտնելով, որ այս կոնֆերանսից օգտակար բան կքաղեն մասնակից բոլոր հրատարակչությունները: Դրան հաջորդեց նաև Հեղինակային իրավունքի եվրոպական հանձնաժողովի նախագահ Ջոնաս Հոլմի ելույթը:

 

Այնուհետև մասնակից համալսարանների հրատարակչություններից յուրաքանչյուրը  ներկայացրեց իր գործունեությունը, խնդիրները և դրանց հաղթահարման իրենց մեթոդներն ու տեսլականը:

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը եվրոպացի գործընկերներին հակիրճ ներկայացրեց հրատարակչությունը, նրա անցած ուղին, առկա խնդիրներն ու մարտահրավերները:

 

«Այս աշխատաժողովը շատ լավ հարթակ էր մեր հրատարակչությունը ներկայացնելու, մյուսների գործունեությանը ծանոթանալու և գործընկերներ գտնելու տեսանկյունից: Այստեղ մեր արտադրանքն ու գործունեությունը ներկայացնելուց բացի՝ փորձում ենք ուսումնասիրել նաև մեր գործընկերների կողմից գործածվող նոր տեխնոլոգիաներն ու մեթոդները՝ ուղղված հրատարակչական գործի զարգացմանն ու տարածմանը, և ամենակարևորը՝ քննարկում ենք համագործակցության հնարավորությունները»,- ասում է Կարեն Գրիգորյանը:

 

 

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն առանձին աշխատանքային խմբերով քննարկում էին որակի, թվայնացման, առևտրայնացման, հրատարակչական ոլորտի ապագայի միտումներին վերաբերող հարցեր և ոչ միայն:   

 

Նշենք, որ ԵՊՀ 97-ամյա հրատարակչությունը Եվրոպական համալսարանների հրատարակչությունների ասոցիացիայի անդամ է 2015 թ.-ից:

Այլ նորություններ
ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես բոլոր ֆակուլտետներում տեղի են ունեցել գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստեր, որոնց ընթացքում դեկանները հանդես են եկել հաշվետվությունների ներկայացմամբ:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների այցելությունները մարզային դպրոցներ: