02.03.2018 | 
Ուսանողական
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ. ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ. ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտոր Արամ Սիմոնյանի և ուսանողների հանդիպումը:

ՈւԽ նախագահության, ՈՒԳԸ ղեկավար կազմի, ինչպես նաև ուսանողական այլ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների հիմնական նպատակն է համալսարանի ղեկավարի հետ քննարկել ուսանողությանն անհանգստացնող խնդիրները, ներկայացնել առաջարկներ ու տալ համապատասխան լուծումներ:

 

Հանդիպմանը  ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանն ու Տեղեկատվական համակարգերի սպասարկման ու զարգացման վարչության պետ Պարույր Վարդերեսյանը:

 

Արամ Սիմոնյանը երիտասարդ համալսարանականներին ողջունեց և շնորհակալություն հայտնեց հանդիպումներ կազմակերպելու, ինչպես նաև բուհի գործունեության տարբեր բնագավառների գործընթացների հանդեպ հետևողական լինելու համար:

 

«Երկար դադարից հետո մենք վերսկսեցինք մեր հանդիպումները, ինչը ողջունելի է: Հենց այս հանդիպումների ընթացքում է բուհի վարչակազմին հասնում ուսանողության շրջանում և ֆակուլտետներում առկա խնդիրները: Երիտասարդների հետ երկխոսությունը և հիմնախնդիրների մասին բարձրաձայնելը բխում է մեր շահերից և թույլ տալիս միասին լուծումներ տալ խնդիրներին»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

 

Ա. Սիմոնյանը ներկայացրեց նախորդ հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու դրանց արդյունքները: Բուհի ղեկավարը նշեց, որ գրեթե բոլոր հարցերին լուծում է տրվել: Մասնավորապես   ֆակուլտետների դեկանատներին բաժանվել են դեղատուփեր՝ առաջին օգնության համար նախատեսված դեղորայքով, 7-րդ մասնաշենքում կգործի 3-րդ բուժկետը, Կենսաբանության ֆակուլտետի բուֆետն առաջիկայում կսկսի աշխատանքները, մի շարք ֆակուլտետներին կհատկացվեն նոր գրատախտակներ, կտեղադրվեն աղբամաններ և այլն:

 

Ռեկտորն անդրադարձավ «Restart» երիտասարդական նախաձեռնության կողմից ներկայացված առաջարկներին, որոնք վերաբերում էին և՛ ուսումնական գործընթացին, և՛ ուսանողական կառույցների ու ֆակուլտետների աշխատանքներին:

 

«ԵՊՀ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացները համապատասխանեցվում են բուհի ռազմավարական ծրագրին՝ ըստ նախապես որոշված ժամանակացույցի: Բոլորին առաջարկում եմ ծանոթանալ 2016-2020 թթ. համար ընդունված ռազմավարական ծրագրին, որը տեղադրված է բուհի կայքում: Դա չի նշանակում, որ երիտասարդների առաջարկները չեն քննարկվելու կամ անտեսվելու են: Սակայն ուսանողները նույնպես պետք է ծանոթ լինեն գործընթացներին ու պատկերացնեն այն ահռելի աշխատանքը, որն իրականացվում է ղեկավար կազմի կողմից»,- հավելեց ռեկտորը և ընդգծեց, որ Մայր բուհը միակ համալսարանն է, որի գործունեությունը՝ ընդհուպ բյուջե, բաց է հասարակության համար:

 

Այնուհետև ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին բուհի ղեկավարին: Ուսանողական կառույցների ներկայացուցիչների հարցերը բազմաբովանդակ էին ու տարաբնույթ:

 

ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ արդեն իսկ նկատելի փոփոխություններ են արձանագրել հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների ուղղությամբ: Ուսանողների շրջայցի արդյունքում պարզվել է, որ կենտրոնական մասնաշենքի և 7-րդ մասնաշենքի բուֆետներում գնային փոփոխություններ կան, փոփոխության են ենթարկվել նաև ճաշացանկերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ, ըստ որի՝ ընթերցասրահները աշխատելու են մինչև 19:00-ը և բաց են լինելու նաև շաբաթ օրերին (10:00-16:00):

 

Այդ կապակցությամբ պարզաբանում ներկայացրեց Ե. Միրզոյանը՝ նշելով, որ այս կարգը ժամանակին գործել է, սակայն ուսանողների հոսքի նվազման պատճառով դադարեցվել է:

 

«Ներկայումս գրադարանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում: Մասնավորապես ֆակուլտետներից հավաքագրվել է ուսանողներին անհրաժեշտ գրականության ցանկը, հաշվառել ենք դրանք և առաջիկայում կունենանք աշխատանքային տվյալներ: Իրականացվում է նաև այն գրքերի թվայնացման աշխատանքները, որոնք մեծ պահանջարկ ունեն»,- ասաց Ե. Միրզոյանը:

Ռեկտորը հավելեց նաև, որ գրադարանն առաջիկայում կհամալրվի նոր գույքով և տեխնիկայով:

 

Դ. Ափոյանը նշեց, որ ուսանողներից մեկը նախատեսում է շուրջ 70 անուն գիրք նվիրաբերել Հայ բանասիրության ֆակուլտետի գրադարանին, ինչի մասին գոհունակություն հայտնեց բուհի ղեկավարը:

 

ՈՒԽ նախագահի վերջին հարցը վերաբերում էր ուսանողական էլ. փոստի հասցեների տրամադրման, գաղտնաբառերի փոփոխման, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով ուսանողական սոցհարցումների պատասխանների հրապարակումներին:

 

Վերոնշյալ հարցերի մասին պարզաբանումներ ներկայացրեց Պարույր Վարդերեսյանը, ով մանրամասն ներկայացրեց էլ. փոստի հասցեների տրամադրման և գաղտնաբառերի փոփոխման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ դեկանատներն այլևս հնարավորություն չեն ունենա փոխելու ուսանողների էլ. փոստի հասցեների գաղտնաբառերը:

 

Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակում իրականացվող ուսանողական հարցումներին, ապա Պ. Վարդերեսյանը նշեց. «Հարցումների համար նախատեսված համակարգը ստեղծված է  այնպես, որ օգտատերը չի կարող պատասխանել հարցերին երկրորդ անգամ: Բացի այդ՝ ոչ ոք ձեր փոխարեն չի կարող մասնակցել հարցմանը, քանի որ ինքնությունը հաստատող հարցերի շարք կա, որը ոչ ոք, բացի ձեզնից, չի կարող հաղթահարել»:   

 

Ա. Սիմոնյանն անդրադարձավ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների տարիքային սահմանափակման հարցին. «Իհարկե, սերնդափոխություն պետք է լինի, ինչը բնական է և անհրաժեշտ: Այդ ուղղությամբ նույնպես աշխատանքեր են տարվում»:

 

 

Խաչիկ Աբաջյան (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ) -Լուրջ խնդիր կա ուսանողների տեղեկացվածության հետ կապված: Ուսանողները չգիտեն՝ ուսումնական գործընթացի, բուհի կառուցվածքի և այլ անհրաժեշտ ինֆորմացիայի պակասի համար ում դիմեն: Կառույցը շատ մեծ է, ուստի առաջարկում ենք նորեկների համար ճանաչողական հանդիպումներ կազմակերպել և ներկայացնել ընթացակարգեր: Մեր ուժերով մենք կարող ենք դա իրականացնել:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյան- Ողջունելի առաջարկ է: Ժամանակին մենք ունեինք առաջին կուրսեցիների համար նախատեսված թղթապանակ, որտեղ կար բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը: Դուք կարող եք նորեկներին հորդորել՝ մեր կայքի միջոցով ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Ներկայացրե՛ք ծրագիր, այն կքննարկվի և կպատրաստենք նոր փաթեթներ:

 

Էդուարդ Գալստյան (Ավագների խորհրդի ներկայացուցիչ)- Կուրատորների (ուսումնական խորհրդատուներ) ինստիտուտն ամբողջ աշխարհում գործող կառույց է, սակայն մեզանում այն թերի է: Լուրջ խնդիրներ կան նաև կուրսղեկների հետ կապված. ուսանողների համագործակցությունը ավագ սերնդի հետ կարող է դրական ազդեցություն ունենալ: Այդ հարցերի ժամանակավոր լուծումներն իրենց չեն արդարացրել, ուստի մենք մշակել ենք առաջարկությունների փաթեթ, որը ներկայացնում ենք բուհի ղեկավարությանը:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյան- Այո՛, համաձայն եմ: Ավագ սերնդի հետ աշխատանքը մեծ ազդեցություն ունի ուսանողների գործունեության վրա: Մենք նույնպես կարևորում ենք այդ հարցը: Ուրախ ենք, որ երիտասարդները ուշադրություն են դարձնում կուրատորների ինստիտուտի զարգացման խնդիրն: Ձեր առաջարկներն անպայման կքննարկվեն:

 

Տաթև Սողոյան (Իրավագիտության ֆակուլտետ)- Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի կողմից իրականացվող ուսանողների քննման ու գնահատման մեթոդները չեն գոհացնում շատերին: Բացի այն, որ դասավանդվող առարկաների մատուցման եղանակները հնացած են և անհետաքրքիր, մեծ տեղ է հատկացվում նաև ուսանողների բացակայության հարցին:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյան- Այո՛, այդ հարցի վերաբերյալ լուրջ քննարկումներ են եղել: Անկեղծության համար պետք է նշեմ, որ առարկայի հանդեպ ուսանողների վերաբերմունքը նույնպես կարևոր է: Շատ անտարբեր վերաբերմունք կա այն առարկայի նկատմամբ, որը իսկապես շատ կարևոր է յուրաքանչյուրի համար: Ինչ վերաբերում է բացակայություններին, ապա այդ հարցը կքննարկվի տվյալ հարցերով զբաղվող պրոռեկտորի հետ:

 

Նորայր Հակոբյան (Արևելագիտության ֆակուլտետ)- ԵՊՀ-ում թեքահարթակների պակաս կա: Մասնավորապես 7-րդ մասնաշենքում կարելի է թեքահարթակ կառուցել, քանի որ տեխնիկապես այդ հնարավորությունը կա՝ ի տարբերություն մյուս մասնաշենքերի:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյան- Թեքահարթակների առկայության խնդիրը միշտ եղել է բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համապատասխան ստորաբաժանումներին հրահանգ կտրվի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը մշակել և կառուցել թեքահարթակներ կենտրոնական և 7-րդ մասնաշենքերում:  

 

 

Անի Հակոբյան (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ)-Պրակտիկայի հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Մասնավորապես ուսանողները կամավորական սկզբունքով կարող են ուսումնասիրություններ իրականացնել և պարզել, թե տվյալ բնագավառի որ կազմակերպությունը կարող է գործնական նյութեր տրամադրել ուսանողներին և պրակտիկա իրականացնել:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյան- Այդ տարբերակը կարող է գործել: Ես նույնպես բազմաթիվ առաջարկներ եմ ստանում կազմակերպությունների կողմից, որոնք պատրաստակամ են աշխատել և համագործակցել մեր բուհի հետ: Եթե ուսանողները նույնպես կարող են աջակցել մեզ այդ հարցում, հիանալի կլինի: Ամեն դեպքում, ներկայացրեք ձեր առաջարկները, կքննարկենք և համապատասխան լուծումներ կգտնենք:

 

Անահիտ Գևորգյան (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ)-ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության հետ փոխգործակցության ընդլայնման կարիք կա: Խոսքը վերաբերում է միջազգային կրթաթոշակային ծրագրերին, որոնց մասին տեղեկատվությունը շատ քիչ է և ժամանակին չի հասնում ուսանողներին: Մենք առաջարկում ենք, որ միջազգային կրթական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն ուղարկվի ուսանողների էլ. փոստի հասցեներին կամ մշակվի այլ մեխանիզմներ:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյան-Հարցը շատ կարևոր է, քանի որ մեր հիմնական նպատակնէ  ուսանողներին արտերկրում կրթություն ստանալու կամ այլ ծրագրերին մասնակցելու հնարավորություն ընձեռել: Ուստի համապատասխան վարչության հետ կքննարկվի խնդիրը, և առաջիկայում կներկայացնենք տեղեկատվության տարածման և ուսանողներին իրազեկման նոր մեթոդներ:

 

Էլեն Միքայելյան- Քննաշրջանի համար հատկացված օրերի քանակը բավարար չէ ուսանողին պատշաճ պարապելու, թեմաններն վերհիշելու համար: Ուստի Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի ծրագիր, որը թույլ կտա երկարացնել քննաշրջանի անցկացման ժամկետը և ուսանողին քննություններին լավ պատրաստվելու հնարավորություն կտա:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյան- Մենք համապատասխան պրոռեկտորի հետ կքննարկենք այդ հարցը: Պետք է նշեմ, որ բազմիցս այդ ժամկետները փոփոխության են ենթարկվել, սակայն ուսանողների կողմից կրկին դժգոհություններ են եղել: Բացի այդ՝ հումանիտար և բնագիտական թևում դասախոսների մեթոդները տարբեր են:  

 

Շուշան Մուրադյան - Ծխելու դեմ պայքարը Մայր բուհում արդյունավետ չէ: Յուրաքանչյուր ֆակուլտետի մուտքի մոտ կամ միջանցքներում միշտ կարելի է հանդիպել ծխող երիտասարդների, ովքեր անտեսում են փակցված ցուցանակները: Կարծում եմ՝ խնդրի լուծման համար նոր մեխանիզմներ են պետք մշակել և ավելի լրջորեն զբաղվել օրինազանցներին պատժելու հարցով:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյան- Համակարծիք եմ Ձեզ հետ: Վստահ եմ, որ ուսանողները այս հարցում կարող են օգտակար լինել՝ կազմակերպելով ֆլեշ մոբեր կամ այլ միջոցառումներ: Բուհի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ խնդրին: Մենք կոշտ քաղաքականություն ենք վարում և պատժում կարգը խախտողներին՝ ընդհուպ հեռացում, սակայն պետք է ձեզ հետ համաձայնվեմ, որ դեռևս ցանկալի արդյունքներ չեն գրանցվել: Միասին պետք է աշխատենք տվյալ խնդրի լուծման ուղղությամբ:

 

 

Դավիթ Ափոյան (ՈՒԽ նախագահ)- Ուսանողներն առաջարկում են ֆակուլտետներում WiFi գոտիներ ստեղծել: Դրանք կարող են տեղակայվել ֆակուլտետների նախասրահներում և հեռու գտնվել լսարաններից՝ դասապրոցեսին չխանգարելու համար:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյան-  Այդ հարցը բազմիցս բարձրացվել ու քննարկվել է համապատասխան ստորաբաժանման հետ: Հարկ է նշել, որ WiFi սարքերը լսարաններից  հեռու տեղադրելու փաստը կարող է խոչընդոտ հանդիսանալ դասավանդման ընթացքում կամ սեմինարների կազմակերպման ժամանակ համացանցից օգտվող դասախոսների կամ ուսանողների համար: Բացի այդ՝ ԵՊՀ-ի սարքերը բավականաչափ հզոր չեն՝ մեծ քանակությամբ օգտատերերին բավարարելու համար, ուստի առաջիկայում ձեռք կբերվեն նոր սարքեր, որոնք էապես կհեշտացնեն և՛ տվյալ հարցող զբաղվող կառույցի աշխատանքները, և՛ ուսանողների, և՛ դասախոսների աշխատանքները:

 

Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին հետևողականորեն աշխատելու համար և հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպմանը ավելի մեծ թվով ուսանողներ կմասնակցեն:

Այլ նորություններ
«ՖԻԶԻԿՈՍ» ԿԱՏՈՒՆ, ՈՐՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՊՀ-ՈՒՄ
Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Վլադիմիր Ֆեոդորի Մորոզովն իր աշխատասենյակում պահում է տասնմեկամյա Մաթիլդա կատվին: Կատվի անունը «Փոքրիկը և Կառլսոնը» մուլտֆիլմից է: Ըստ Մորոզովի՝ Մաթիլդան ֆիզիկայից ավելի շատ գիտելիքներ ունի, քան որոշ ուսանողներ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՑ 24-Ը ՍՏԱՑԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ այս տարի 51 շրջանավարտից 24-ը ստացան գերազանցության դիպլոմ: