26.05.2017 | 
Գիտություն
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ կիսամյակային ընդլայնված նիստը:

2016-2017 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ՈՒԳԸ գործունեությունն ամփոփելուց առաջ «Քաղաքացի Թումանյանը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Նա ուսանողներին ներկայացրեց ուշագրավ դեպքեր և հետաքրքիր պատմություններ Թումանյանի կյանքից, որոնք բացահայտեցին Թումանյանին իբրև քաղաքացի:

 

«Հովհաննես Թումանյանը, ապրելով այնպիսի ժամանակահատվածում, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, դարձել է ապագա անկախ Հայաստանի քաղաքացու հիանալի մոդել: Նա «մարդ-պետություն» էր, ով հիանալի անհատ էր, օրինակելի քաղաքացի, ռազմական գործիչ, ղեկավար ու դիվանագետ»,- դասախոսության ընթացքում ասաց Նարինե Թուխիկյանը:

 

Բանախոսի հավաստմամբ՝ քաղաքացի Թումանյանի համար ամենակարևորը արդարությունն էր. «Արդարություն յուրաքանչյուր ոլորտում ու յուրաքանչյուր մակարդակում: Նա իսկապես արդարության մարտիկ էր ու միշտ պայքարում էր դրան հասնելու համար»:

 

 

Նարինե Թուխիկյանն ուսանողներին պատմեց նաև, որ Թումանյանն է առաջինը խոսել Արցախի ինքնորոշման մասին. «1919 թ.-ին՝ Շուշիում տեղի ունեցած ջարդերից հետո, Թումանյանը հավաք կազմակերպեց, ելույթ ունեցավ և խոսեց ինքնորոշման մասին՝ ասելով, որ Արցախի ժողովուրդը ինքը պիտի որոշի իր ճակատագիրը՝ փաստարկելով նաև, որ Արցախը չի կարող ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, քանի որ երբեք պատմականորեն այդպես չի եղել»:

 

Թումանյանին ավելի լավ ճանաչելու համար Նարինե Թուխիկյանն ուսանողներին խորհուրդ տվեց շատ կարդալ նրա մասին, ուսումնասիրել նրա հոդվածները, նրա կյանքն ու գործունեությունը. «Թումանյանն ունի բոլոր հարցերի պատասխանները: Նա իսկապես մեծ է ու խորը և հիրավի արժանի է «Ամենայն հայոց բանաստեղծ» կոչմանը»:

 

Դասախոսությունից հետո տեղի ունեցած նիստին ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, անդրադառնալով ՈՒԳԸ գործունեությանը, նշեց, որ այս կիսամյակի ընթացքում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ ինչպես կենտրոնական ՈՒԳԸ-ի կազմում, այնպես էլ ֆակուլտետային ՈՒԳԸ-ներում:

 

Մհեր Հակոբյանի հավաստմամբ՝ այս կիսամյակում կազմակերպվել են ավելի քան 260 միջոցառումներ, որոնց մեծ մասը եղել են սեմինարների և դասախոսությունների ձևաչափով. «Կազմակերպվել են նաև գիտաժողովներ, աշխատաժողովներ, օլիմպիադաներ և դատախաղեր, գիտաճանաչողական այցեր, ֆիլմի դիտումներ և այլ միջոցառումներ»:

 

Կարևոր միջոցառումներից ԵՊՀ ՈԻԳԸ նախագահն առանձնացրեց «Գիտախոս» գիտահանրամատչելի զեկուցումների մրցույթը և տեղեկացրեց, որ ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանը, այս տարի կունենա միջազգային բնույթ և տեղի կունենա հոկտեմբերի 2-ից 6-ը. այն նվիրված կլինի ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին:

 

 

Անդրադառնալով ֆակուլտետային ՈՒԳԸ-ների գնահատմանը՝ Մհեր Հակոբյանը նշեց, որ այս կիսամյակում «գերազանց» գնահատականի արժանացել են 3 ֆակուլտետային ՈՒԳԸ-ներ, «գերազանց վերապահումով»՝ 8, «լավ»՝ 2, իսկ «բավարար»՝ 3 ֆակուլտետային ՈՒԳԸ-ներ:

 

ԵՊՀ ՈՒԳԸ կիսամյակային ընդլայնված նիստի ժամանակ պարգևատրվեցին նաև ՈՒԳԸ ակտիվ գործունեություն ծավալած անդամները և պարտաճանաչ քարտուղարները:

Այլ նորություններ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի գիտական ընդհանրացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Մատենադարանում մեկնարկեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովը՝ նվիրված Հայկական առաջին Հանրապետության 100-ամյակին: