15.12.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը:

Նիստի սկզբում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ողջունելով բոլոր մասնակիցներին, նշեց, որ այս ուստարվա ընդլայնված նիստը տարբերվում է մյուս նիստերից, քանի որ ամփոփվում է նաև հոբելյանական տարին:

 

Մհեր Հակոբյանը փաստեց, որ 4-րդ միջազգային գիտաժողովին ներկայացվել է 400 հայտ 25 երկրների 57 բուհերից, զեկուցումներով հանդես են եկել 14 երկրների 350 մասնակիցներ, ովքեր իրենց զեկուցումները ներկայացրել են 23 մասնագիտական բաժանմունքներում. «Սա այս տարվա, այս կիսամյակի ամենակարևոր միջոցառումներից էր: ՈՒԳԸ պատմության էջերում այս գիտաժողովը կհիշվի որպես այս ժամանակների ամենամասշտաբային և լավագույն միջոցառումներից մեկը»:

 

Մհեր Հակոբյանը ներկայացրեց նաև այս կիսամյակի նոր ծրագիրը՝ «Հետադարձ հայացք», որի շրջանակներում փորձառու ՈՒԳԸ-ական և ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի անդամ Վեներա Ստեփանյանը անցկացնում է հարցազրույցներ ՈՒԳԸ նախկին նախագահների հետ և ներկայացնում նրանց փորձը, հմտություններն ու հիշողությունները:

 

Ընդլայնված նիստում ներկայացվեցին նաև ՈՒԳԸ համալրումները և ձեռքբերումները, ինչպես նաև ֆակուլտետային ՈՒԳԸ ցուցանիշները: Մհեր Հակոբյանը ներկայացրեց նաև հաջորդ տարվա գլխավոր միջոցառումը՝ 5-րդ միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ապրիլի 16-20-ը և նվիրված կլինի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

 

 

Ակտիվ գործունեություն ծավալած ֆակուլտետային ՈՒԳԸ-ները, քարտուղարները և անդամները պարգևատրվեցին հավաստագրերով և մասնագիտական գրքերով։

 

ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանն էլ նիստի ընթացքում ներկայացրեց Տեղեկատվական հանձնաժողովի գործունեությունը, նշելով, որ այս կիսամյակի ընթացքում ՈՒԳԸ կայքում տեղադրվել է 74 լուր: Մարիամ Մարտիրոսյանը ներկայացրեց նաև հանձնաժողովի հետագա քայլերը, որոնցից են միջոցառումների լիարժեք լուսաբանումը, ֆեյսբուքյան էջերի ակտիվացումը, հայտարարությունների տարածումը և կայքի թարմացումն ու թարգմանությունը:

 

Ընդլայնված նիստի ընթացքում պարգևատրվեցին նաև Տեղեկատվական հանձնաժողովի՝ առավել ակտիվ գործունեություն իրականացրած անդամները:

 

Մհեր Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր այն ֆակուլտետային ՈՒԳԸ-ներին և անդամներին, որոնք նպաստեցին միջազգային գիտաժողովի լիարժեք կայացմանը: 5 տարիների ընթացքում կառույցին անմնացորդ ու լիարժեք նվիրվելու համար հատուկ շնորհակալության արժանացավ ՈՒԳԸ փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանը, ով հաջորդ կիսամյակում իր հետագա գործունեությունը կծավալի արդեն արտերկրում:

Այլ նորություններ
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂ, ԲԵՐՔԱՀԱՎԱՔ, ԿԻԹԱՌ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԻՆՔՆՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այս տարի ԵՊՀ-ում քննական շրջանն ավարտվում է հունիսի վերջին: Հուլիսի սկզբից սկսվում է ուսանողների ամառային արձակուրդը: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են կազմակերպելու ամառային հանգիստը ԵՊՀ ուսանողները:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ներկայացումը, որի ընթացքում ուսանողները ծանոթացան գերժամանակակից վերջին սերնդի սարքավորումներին (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ, լաբորատոր կենսառեակտոր և այլն), ինչպես նաև լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին: