08.05.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմին նվիրված երգերի՝ «Военные песни России» խորագիրը կրող հանրապետական մրցույթի գալահամերգը:

Արդեն ավանդաբար տեղի ունեցող մրցույթը պետք է կայանար անցյալ տարի՝ նվիրված Հաղթանակի 75-ամյակին, սակայն համավարակով պայմանավորված՝ այն հետաձգվել էր:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքով, դա բավականին բարձր մակարդակով տեղի ունեցող մրցույթ է, որի ժյուրիի կազմում են հայտնի երաժիշտներ Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը. «Սա հիանալի հնարավորություն է՝ ցույց տալու մեր աշխատանքները, հասկանալու՝ ինչ գործ ենք արել»:

 

«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի կազմակերպած այս մրցույթին Երևանի պետական համալսարանը ներկայացրին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաներ Էմմա Բաղդասարյանը, Արևիկ Չոբանյանը, Տիգրան Թումանյանը, Լամարա Մարտիրոսյանը և Միքայել Նշանյանը, որոնք երկու մրցութային փուլերն անցնելու արդյունքում ելույթ ունեցան նաև գալահամերգին:

 

 

Տիկին Դավթյանը տեղեկացրեց, որ մրցութային երկու փուլերը նույնպես բավականին բարձր մակարդակով էին կազմակերպված, կային արհեստավարժ մասնակիցներ. «Այս տարի մենք ընտրել ենք հիմնականում առաջինկուրսեցիներին կամ այնպիսի ուսանողների, որոնք առաջին անգամ են մասնակցում նմանատիպ մրցույթների: Նախնական երկու փուլերին մեր մասնակիցները հիանալի ելույթ են ունեցել»:

 

Մշակույթի տնօրենի կարծիքով, նմանօրինակ մրցույթները և փառատոնները հնարավորություն են տալիս շփվելու արհեստավարժ մարդկանց հետ, վարպետության դասեր ստանալու նրանցից, ավելացնելու մասնագիտական հմտությունները. «Առաջինկուրսեցիների կամ նոր մասնակցող ուսանողների համար սա մեծ խթան է՝ հետագայում ևս երաժշտությամբ զբաղվելու համար, իսկական արվեստի հետ շփվելու հիանալի հնարավորություն, որը մեծ դաստիարակչական ազդեցություն է ունենում մարդու համար»:

 

 

Բացի մրցույթի՝ հանրապետության տարբեր բուհերը ներկայացրած մասնակիցներից՝ գալահամերգին Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղ. ղեկ.՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան) ելույթ ունեցան նաև նախորդ տարիների դափնեկիրները, այդ թվում՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, մեներգիչներ Մարիցա Թիլիքյանը, Անուշիկ Մարոզյանը և Արևիկ Պռազյանը: 

 

Համերգից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխություն:

 

Ժյուրիի անդամների քվեարկության արդյունքում 1-ին տեղը զբաղեցրեց Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչ Էռնա Թամազյանը, 2-րդ տեղը՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաներ Էմմա Բաղդասարյանը և Միքայել Նշանյանը, իսկ 3-րդ տեղը՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Արմեն Նահապետյանը:

 

Հասմիկ Ասլանյան

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: