09.09.2022 | 
Կրթություն, Գիտություն, Հասարակություն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՏԻԵԶԵՐՔ ԵՎ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՏԻԵԶԵՐՔ ԵՎ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված քննարկման բանախոսներն էին ԵՊՀ շրջանավարտ, Starmus VI փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Գ. Իսրայելյանին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:

Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Գարիկ Իսրայելյանին «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման կայացման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը գիտության բնագավառի վերարժևորման և հասարակության ուշադրությունը գիտության կողմը սևեռելու տեսանկյունից։

 

 

«Շատերը չէին հավատում, որ «Սթարմուսը» կկայանա Հայաստանում, սակայն Դուք սովորեցրիք հավատալ երազանքների իրականացմանը և դրա համար անել հնարավոր ու անհնարին ամեն բան: Անհրաժեշտ է շատ աշխատել, ձգտել լավագույնին, ստեղծել կապեր և սովորել օտար լեզուներ։ Վստահ եմ՝ ցանկացած երազանք հնարավոր է իրականացնել, և այսօր դա ապացուցում են Գարիկ Իսրայելյանը, Ջիմ Բաղյանը և Դեյվիդ Ջոն Էյքրը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։

 

Խոսելով Նոբելյան շաբաթվա ընթացքում գրանցված հաջողությունների մասին՝ ռեկտորն ընդգծեց, որ սա բացառիկ հնարավորություն էր գիտությունն ուսանողների և գիտնականների համար էլ ավելի հետաքրքիր դարձնելու:

 

«Հուսով եմ՝ աշխարհահռչակ գիտնականների ու արվեստի գործիչների հետ հանդիպումները, նրանց հաջողության պատմություններին ու գիտական նվաճումներին հաղորդակից դառնալը կոգևորի մեր երիտասարդներին՝ հավատալու իրենց ուժերին և նպաստելու մեր երկրում գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը»,- նշեց Հ․ Հովհաննիսյանը։

 

Ապա Հ. Հովհաննիսյանը ԵՊՀ շրջանավարտ Գարիկ Իսրայելյանին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:

 

 

Մինչ բուն քննարկմանն անցնելը Գարիկ Իսրայելյանը ներկաներին պատմեց ԵՊՀ-ում անցկացրած ուսանողական տարիների մասին՝ վերհիշելով այն տպավորությունները, որոնք իր կյանքում մինչ օրս ունեն ազդեցիկ նշանակություն։

 

«Ինձ համար անչափ հաճելի է վերադառնալ սիրելի և հարազատ բուհ, որտեղ անցել է իմ ուսումնառության ամենակարևոր ժամանակահատվածը: Տարիներ անց, վերադառնալով Երևանի պետական համալսարան, ես ինձ կրկին ուսանող եմ զգում»,- ասաց ԵՊՀ շրջանավարտը:

 

 

«Սթարմուսի» համահիմնադիրը մեզ հետ զրույցում պատմեց, որ փառատոնի ստեղծման գաղափարը միանգամից չի առաջացել․ հիմնադրվել է 2007 թվականին, իսկ անվանումն ընտրվել է երկարատև քննարկումների արդյունքում։

 

Գ. Իսրայելյանը փաստեց, որ տիեզերագիտության արդիականությունն ավելի է ընդգծվում տեխնոլոգիական դարաշրջանում։

 

«Ես համոզված եմ, որ հետագա տարիներին այս ոլորտում սպասվում են չափազանց հետաքրքիր նորարարություններ, դրանով պայմանավորված՝ փառատոնի կարևորությունը տարեցտարի մեծանում է: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում մենք շնորհում ենք նաև Սթիվեն Հոքինգի անվան հուշամեդալ։ Ս․ Հոքինգը հաջողության է հասել իր գիտահանրամատչելի աշխատությունների շնորհիվ՝ գրելով ռեկորդային ցուցանիշ գրանցած «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը։ «Սթարմուս» փառատոնը նույնպես գիտահանրամատչելի է և նախատեսված տիեզերագիտությամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց համար»:

 

 

Հաջորդիվ ելույթ ունեցավ հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը՝ հայտնելով, որ առաջին անգամ է եկել Հայաստան և իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում:

 

«Իմ ծնողները հայ են, ես իմ կյանքի ողջ ընթացքում լսել եմ Հայաստանի մասին և միշտ ցանկացել եմ լինել այստեղ»,- ասաց Ջ․ Բաղյանը:

 

 

«Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկման ընթացքում Ջիմ Բաղյանը ներկայացրեց տիեզերքը՝ պատմելով ներկաներին ամենից շատ հետաքրքրող՝ դեպի տիեզերք թռիչքի, դրա ընթացքում ստացած տպավորությունների և զգացողության մասին։ Տիեզերագնացն անդրադարձավ նաև Երկրից դեպի Մարս ձգվող ճանապարհին արևի ճառագայթահարման վտանգի առկայությանը՝ նշելով. «Հավանականությունը, որ մարդը տիեզերքից հետ չի վերադառնա կամ վերադառնալուց հետո քաղցկեղ կունենա, 5-10 տոկոս է, սակայն չափազանց կարևոր է հաշվի առնել անգամ այդ քիչ տոկոսը, և ես կարծում եմ՝ մարդկությունը դեռևս պատրաստ չէ այդ վախը հաղթահարելուն»:

 

 

«Տիեզերանավից հստակ տեսանելի է Երկիրը, երևում է ամեն բան, նույնիսկ ֆուտբոլի դաշտը: Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե որքան հետաքրքիր և տպավորիչ է տիեզերանավի պատուհանից ողջ տիեզերքը տեսնելը»,- պատմեց Ջ. Բաղյանը:

 

Ամերիկացի գրող, աստղագիտությունն ու տիեզերքը հանրայնացնող գործիչ Դեյվիդ Ջոն Էյքրը նշեց, որ ինքը 2002 թվականից եղել է աստղագիտությանը վերաբերող ամսագրի գլխավոր խմբագիրը։ Վերջինս գիտության և Ամերիկայի պատմության վերաբերյալ 23 գրքի հեղինակ է, համահեղինակ կամ խմբագիր։ 15 տարեկանում հիմնադրել է աստղագիտությանն առնչվող ամսագիր՝ «Deep Sky Monthly»-ն։

 

 

Ներկաներին հետաքրքրեց նաև այն, որ Դ. Էյքրը հաճախ է ճամփորդում՝ անցկացնելու զրույցներ՝ աստղագիտության վերաբերյալ, ինչպես նաև զբոսաշրջիկների հետ դիտելու արևի խավարումը: 

 

Քննարկման ունկնդիր, ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի ղեկավար, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Հայկ Զաքարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այս շաբաթվա ընթացքում համալսարանականներին շնորհվել է բացառիկ հնարավորություն լսելու աշխարհահռչակ գիտնականներին և ծանոթանալու գիտության բնագավառի նորարարություններին։

 

 

«Նոբելյան մրցանակակիրների և հանրաճանաչ գիտնականների՝ Հայաստան, մասնավորապես Երևանի պետական համալսարան այցելելը չափազանց կարևոր է մեզ համար։ «Սթարմուս» փառատոնը նաև ստեղծեց հասարակությանը գիտությանն ավելի մոտեցնելու հնարավորություն: Անչափ կարևորում եմ այն, որ մեր ուսանողները լսում են գիտության մեջ մեծ վաստակ ունեցող մարդկանց դասախոսությունները՝ ծանոթանալով նրանց փորձին և գիտության տվյալ ոլորտի նորարարություններին»,- ասաց Հ. Զաքարյանը:

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Մարինե Տոնոյանը ներկա է եղել «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված բոլոր դասախոսություններին և անչափ տպավորված էր դրանցից։ Մ. Տոնոյանը փաստեց, որ այս շաբաթն իր համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել՝ նպաստելով գիտելիքների հարստացմանը։

 

 

«Երկար ժամանակ անհամբեր սպասում էի հենց այսօրվա քննարկմանը: Ցանկանում էի տեսնել հատկապես Գարիկ Իսրայելյանին, որովհետև նրա գործունեությունն ինձ ոգեշնչում է՝ մղելով ավելի լավ սովորելու, իմ մասնագիտության մեջ կատարելագործվելու, որպեսզի իմ բոլոր երազանքներն իրականություն դառնան: Այդ երազանքներն իհարկե ուղղված են գիտության, հատկապես աստղագիտության զարգացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Տոնոյանը։

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներից Նունե Բադալյանը հավելեց, որ երիտասարդ գիտնականների ու ֆիզիկոսների համար այսպիսի միջոցառումների նախաձեռնումն անչափ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր դասախոսություն ոգեշնչման աղբյուր է։

 

«Այսօրվա քննարկումը շատ հետաքրքիր էր, որովհետև առնչվում էր նաև իրական կյանքին, ցույց տալիս, թե ինչքան կարևոր է աստղագիտությունը մեր կյանքում, և թե ինչպես պետք է երեխաներին ու հասարակությանը կրթենք, որպեսզի գիտությունն ավելի շատ ուշադրության արժանանա»:

 

 

Ն. Բադալյանին տպավորել էր Ջիմ Բաղյանի պատմությունը, որին ճանաչում է դեռ փոքր տարիքից՝ հետևելով նրա գործունեությանը։

 

«Ջիմ Բաղյանը պատմեց, թե ինչպես է փոքր տարիքում, նայելով աստղերին, հետաքրքրվել գիտությամբ։ Զարմանալի կթվա, սակայն այդ պատմությունը շատ նման է իմ պատմությանը․ փոքր տարիքում ֆիզիկոս պապիկս ինձ ցույց էր տալիս աստղերը, ուսումնասիրում էինք քարտեզը ճիշտ այնպես, ինչպես Ջ․ Բաղյանն էր պատմում։ Այսպիսով՝ ինձ համար այս օրն անչափ նշանակալի էր»,- պատմեց Ն․ Բադալյանը:   

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-10 ՀՀ-ում առաջին անգամ անցկացվող Starmus VI միջազգային փառատոնը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ ԵՊՀ-Սթարմուս համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես են եկել Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոսներ Քիփ Թորնը, Միշել Մայորը և մանրէաբան Էմանուել Շարպենտիեն։

 

Այլ նորություններ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։