01.06.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական խորհրդի ընդլայնված նիստը:

2016-2017 ուստարին բուռն է եղել նաև Ուսանողական խորհրդի համար: Բանն այն է, որ ուսանողական միջոցառումների մեծ մասը իրականացվել է ակտիվ ուսխորհրդականների ջանքերով: Նշենք, որ ԵՊՀ ՈՒԽ նոր կազմը ձևավորվել է 2016 թ.-ի տարեվերջին, և դա է եղել հիմնական պատճառը, որ որոշ ֆակուլտետներում ակտիվություն չի նկատվում: Այնուամենայնիվ, ուսանողական կառույցն ամփոփեց իր կիսամյակային գործունեությունը և մանրամասն ներկայացրեց միջացառումների առանձնահատկությունները, դրանց բնույթը և պարբերականությունը:

 

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ողջունեց և շնորհավորեց Ուսանողական խորհրդի անդամներին՝ անցնող կիսամյակում ակտիվ գործունեություն իրականացնելու և ուսանողական երիտասարդական կյանքին նոր գույներ փոխանցելու համար. «Այս Ուսանողական խորհուրդը տվյալ ժամանակահատվածում մեծ առաքելություն ունի՝ կարողանալ հավուր պատշաճի իրականացնել ուսանողների իրավունքների պաշտպանությունը և մասնակցել համալսարանի կառավարմանը»:

 

 

ԵՊՀ ուսանողական խորհրդի նորաստեղծ կազմն այս ժամանակահատվածում կարողացել է իրականացնել նաև կրթադաստիարակչական այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում ուսանողները կարողացել են ներգրավվել տարբեր աշխատանքներում: Կառույցն իր շուրջն է համախմբում հատկապես այն երիտասարդներին, ովքեր ունեն ճկուն միտք, նախաձեռնողականություն և ուսանողական կյանքը հետաքրքիր ու յուրովի դարձնելու պատրաստակամություն:

 

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Խաչիկյանը մանրամասն ներկայացրեց կառույցի հանձնաժողովների և ԵՊՀ 19 ֆակուլտետներում ուսանողական խորհուրդների գործունեությունը: Նա դրական աշխատանքների կողքին չմոռացավ մատնանշել նաև բացթողումները: Տեղեկացրեց, որ որոշ ֆակուլտետներում միջոցառումների կազմակերպման և իրականացման ուղղությամբ արդյունավետության բարձրացմանը միտված լուրջ աշխատանքներ են տարվում, իսկ դրանք տեսանելի կլինեն առաջիկայում:

 

«Նոր գումարման Ուսանողական խորհրդն այս կիսամյակի ընթացքում իրականացրել է շուրջ 415 միջոցառում: ՈՒԽ ներկայացուցիչները տարբեր ֆակուլտետներում մասնակցել են քննական գործընթացի շուրջ 300 բողոքարկումների, ինչպես նաև տարբեր օղակներում ակտիվորեն ներգրավվածություն ունեցել բուհի կառավարման աշխատանքներին՝ թե՛ ֆակուլտետային, թե՛ կենտրոնական գիտական խորհուրդներում: Պետք է նշեմ, որ ուսանողական խնդիրները մանրամասն ուսումնասիրվել են. դրանք անպատասխան չեն մնացել»,- ասաց Արմեն Խաչիկյանը:

 

ԵՊՀ ՈՒԽ-ն միջոցառման ավարտին ակտիվ ուսխորհրդականներին խրախուսեց շնորհակալագրերով և գրքերով:

 

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի առաջարկությամբ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանագրով, ԵՊՀ բրոնզե մեդալների են արժանացել.

 

Արցախի Հանրապետությունում իրականացվող ծրագրերում կազմակերպչական զգալի աջակցություն ցուցաբերելու համար՝

  • Գայանե Ավդալյան  - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Աննա Գարեգինյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
  • Գևորգ Արշակյան - ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս

Բանավեճի առաջնության կազմակերպման և Ուսանողական խորհրդի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար՝

  • Նվեր Կիրակոսյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս

Ուսանողական խորհրդի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար՝

  • Գոհար Ջուլհակյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս
Այլ նորություններ
ԵՐԳԻՉ ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՐ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-զրույց երգիչ Սևակ Խանաղյանի հետ:
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ առաջին կուրսեցիներն ուսումնառության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող են ստանալ ԵՊՀ պորտալում առկա կայք-ուղեցույցից: