19.06.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
Հունիսի 17-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ-ն կազմակերպել էր «ԵՊՀ ուսանողները՝ երեխաների համար» խորագրով միջոցառում:

Բարեգործական ուղղվածություն ունեցող ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: Համալսարանական երիտասարդներն այս տարիների ընթացքում կազմակերպել են տարաբնույթ միջոցառումներ և հավաքված դրամական միջոցները հատկացրել երեխաների այս կամ այն կարիքների բավարարմանը: Այդ միջոցառումներն անցկացվել են հիմնականում ՀՕՖ-ի (Հայ օգնության ֆոնդ) հետ համագործակցությամբ: Կենտրոնի մանուկները նամակների միջոցով հայտնել են, թե ինչի մասին են երազում և ինչ կցանկանային ունենալ:

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ նախագահ, ծրագրի համակարգող Նվեր Կիրակոսյանի հավաստմամբ՝ ծրագրի նպատակն է երեխաների ներսում պահել երազանքների նկատմամբ հավատը. «Տարիներ շարունակ այս ծրագիրն ունեցել է սոցիալական բնույթ, սակայն այս տարի որոշեցինք ձևաչափը փոխել: Անհրաժեշտություն առաջացավ նյութականից անցում կատարել հոգևոր աջակցությանը: Խոսքը վերաբերում է հոգեբանական պատրաստվածությանը: Մենք արեցինք հնարավորը՝ երեխաների հետ անմիջականությունն ապահովելու համար: Ծրագրին մասնակցեցին շուրջ 30 ուսանողներ»:

 

ԵՊՀ ուսանողները մի ամբողջ օր անցկացրել են ՀՕՖ-ի երեխաների հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնը զբաղվում է նաև սոցիալական աշխատանքով, այս անգամ ծրագրին մասնակցել են նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական մանկավարժության բաժնի ուսանողները: Համալսարանականները ծանոթացել են մասնագիտության առանձնահատկություններին, նրբություններին և այլն:

 

Պետք է նշել, որ ծրագրում ներառված են եղել նաև ՀՕՖ-ի երեխաների հետ շաբաթօրյակին մասնակցությունը, ժամանցային, ինտելեկտուալ և զարգացման խաղերը, ինչպես նաև կենտրոնի տղաների հետ ֆուտբոլային խաղը: Ըստ Նվեր Կիրակոսյանի՝ նմանաբնույթ խաղերը զարգացնում են թիմային ոգին, երեխաներին տալիս շատ հնարավորություններ և այլն:

 

Ծրագրի նախաձեռնողները գոհ են նախնական արդյունքից: Համալսարանականների մասնակցությամբ մեկօրյա հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: ԵՊՀ ՈՒԽ-ն առաջիկայում նախատեսում է կազմակերպել նաև այց Տավուշի մարզի Բերդ քաղաք, որտեղ ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան այցելելու կենտրոններ, որոնցում ներգրավված են սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Ուսանողական խորհրդի նախագահության հերթական նիստում ուսանողական կառույցի նախագահ ընտրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…