29.05.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ. ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ. ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ քննարկել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության կողմից արված հայտարարությունը, որով պահանջվում էր ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, Հոգաբարձուների խորհրդի լուծարումը, Ֆինանսական աուդիտի անցկացումը, ինչպես նաև ՈՒԽ-ի և Արհմիության գործունեության կասեցումը:

Նիստը ղեկավարում էր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նախ ռեկտորատի մասնակիցներին ներկայացրեց նախաձեռնության կողմից  հնչեցված պահանջները:

 

«Պետհամալսարանի վրա հարձակումները սովորական են դարձել, չնայած նրան, որ ԵՊՀ-ն ամենամեծ ու ամենաուժեղ համալսարանն է: Մենք միակն ենք, որ հավատարմագրվել ենք 6 տարի ժամկետով, միակ բուհը, որտեղ պարբերաբար բարեփոխումներ են իրականացվում: Ներկայացված պահանջներն ուղղակի զավեշտալի են և ոչ հիմնավորված: Այս շարժումը, անկասկած, ուղղորդված է: Բոլորին է հասկանալի, որ խոսքը միայն իմ հրաժարականի մասին չէ: Այս ամենը կարող է բերել նրան, որ կխաթարվի մեր բարձրագույն կրթության համակարգի կանոնավոր գործունեությունը: Ո՞ւմ է պետք այս գործընթացը և ի՞նչ նպատակով, հետո կպարզվի», նշեց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ տարօրինակ քաղաքականություն է որդեգրել նաև ՀՀ ԿԳ նախարարությունը՝ հայտարարելով, որ ԵՊՀ ղեկավարությունը վաղուց է վարկաբեկված:

 

«ԵՊՀ ղեկավարը միայն ես չեմ: Այդ վիրավորանքն ուղղված է բուհի ղեկավար կազմի բոլոր անդամներին: Մենք բոլորս պետք է պատասխանենք այդ հայտարարությանը: Արդյո՞ք դուք, հարգելի՛ գործընկերներ, ձեր գործունեությամբ վարկաբեկել եք Մայր բուհը: Այսօր սա լուրջ խնդիր է, որը քննարկման կարիք ունի, որի ընթացքում էլ ակնկալում եմ ձեր դիրքորոշումն ու կարծիքները: Շահարկվում է նաև իմ կուսակցական լինելու փաստը, որի պատճառով ինձ հետապնդելը հակասահմանադրական է: ՀՀ Սահմանադրությունն ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական և գաղափարական ազատությունը, որից ես էլ կարող եմ օգտվել: Սա այն երկի՞րն է, որը մենք ուզում էինք կառուցել, սրա՞նք են այն ճանապարհները, որոնք տանում են ժողովրդավարություն: Վստահաբար կարող եմ ասել՝ ո՛չ»,- ամփոփեց Ա. Սիմոնյանը՝ շեշտելով, որ նախատեսվում է հրավիրել մամուլի ասուլիս՝ պարզաբանելու և փաստացի բացահայտելու բուհի գնումների վերաբերյալ մամուլում տարածված կեղծ տեղեկատվությունները:

ԵՊՀ ռեկտորը հայտարարեց նաև, որ իր պաշտոնավարման ժամկետը մինչև 2020 թ.-ի մայիսն է, և միայն Հոգաբարձուների խորհուրդն է իրավասու դադարեցնել իր գործառույթները:

 

Այնուհետև «ԵՊՀ ռեստարտի» պահանջներին իրավական գնահատական տվեց ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը:

 

 

«Այս պահանջները քաղաքական բնույթի հայտարարություններ են, որոնք իրավական հիմք չունեն: Նախ ասեմ, որ բուհերի կառավարման խորհրդի ցանկը հաստատում է վարչապետը, իսկ վերջնական ձևավորման մանդատը պատկանում է կառույցի հիմնադրին, որը տվյալ դեպքում ՀՀ կառավարությունն է: Հետևաբար, ըստ Կառավարության համապատասխան որոշման, Հոգաբարձուների խորհրդի լուծարման հիմքը կարող է դառնալ միայն խորհրդի կազմի անգործությունը, որևէ այլ դեպք մեր օրենսդրությամբ սահմանված չէ: Արհեստակցական կազմակերպության և Ուսանողական խորհրդի կասեցման վերաբերյալ պետք է նշեմ, որ Արհկոմը կարող է լուծարվել միայն օրենքով սահմանված, ինչպես նաև դատական կարգով, իսկ ՈՒԽ-ներն ինքնակառավարվող մարմիններ են, և վերջիններիս գործունեությունն իրականացվում է լիազոր մարմնի սահմանված կարգի համաձայն: Իսկ թե ինչպե՞ս և ո՞վ պետք է կասեցնի վերը նշված կառույցների գործունեությունը, նախաձեռնողները չեն մանրամասնում: Ամեն դեպքում, իրավաչափ այլ մեխանիզմներ գոյություն չունեն, հետևաբար տվյալ կառույցների գործունեության կասեցման պահանջներն անհիմն են»,- նշեց Ա. Թադևոսյանը և անդրադարձավ բուհում ֆինանսական աուդիտ իրականացնելու պահանջին՝ նշելով, որ ԵՊՀ-ում ներառյալ 2017 թ.-ն իրականացվել է ֆինանսական աուդիտ, և հասկանալի չեն նոր աուդիտի անցկացման դրդապատճառներն այն դեպքում, երբ տարին դեռ չի ավարտվել:

 

Ա. Թադևոսյանը նշեց նաև, որ «ՀՀ հիմնադրամների մասին» օրենքի և ԵՊՀ կանոնադրության համաձայն՝ աուդիտ իրականացնող ընկերության ընտրությունը պետք է կատարի Հոգաբարձուների խորհուրդը: Հետևաբար՝ Հոգաբարձուների խորհրդի ցրման դեպքում աուդիտ իրականացնելու հետ կապված նույնպես խնդիրներ կառաջանան:

 

«Ինչ վերաբերում է ռեկտորի հրաժարականի հարցին, ապա այն հնարավոր է միայն երկու դեպքում՝ ռեկտորի ինքնակամ դիմում գրելու, ինչը միայն ռեկտորի հայեցողական իրավունքի շրջանակում է, և Հոգաբարձուների խորհրդի կողմից նրա գործառույթների վաղաժամկետ դադարեցման: Եթե Հոգաբարձուների խորհրդի գործունեության կասեցման պահանջ կա, ինչպե՞ս պետք է այս գործընթացներն իրականություն դառնան»,- ընդգծեց բանախոսը:

 

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ ռեկտորը նախաձեռնության պահանջները կատարելու լիազորությամբ օժտված չէ, իսկ ինչ վերաբերում է Արհկոմի գործունեության դադարեցմանը, ապա բանախոսը հայտարարեց. «ՀՀ օրենսդրության համաձայն՝ արհմիությունները ձևավորվում են կամավորության սկզբունքով և անկախ են գործատուներից, կառավարությունից, տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ու ֆիզիկական անձանցից: Կառույցի կասեցում կարող է լինել միայն դատական կարգով: Եթե մեր կրտսեր գործընկերներն իրենց վերապահում են դատական մարմնի լիազորություններ, ապա դա այլ հարց է, հակառակ դեպքում խորհուրդ ենք տալիս չանցնել օրենքի սահմանները, փոխել գործելաոճը և պահանջներ ներկայացնելուց պահպանել օրինականությունը: Պետք է նշեմ նաև, որ 2000 թ.-ից, երբ փոխվեց արհմիությունների մասին օրենքը, ուսանողներն այլև չէին կարող և իրավունք էլ չունեին անդամակցել  Արհկոմին»,- ասում է Ա. Ավետիսյանը և ավելացնում, որ այն աշխատակիցները, ովքեր գոհ չեն կառույցի աշխատանքներից, ըստ օրենքի՝ կարող են նոր արհմիություններ կազմավորել, որոնց հետ ԵՊՀ արհկոմը պատրաստ է համագործակցել:

 

ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ նշեց, որ չի հասկանում մի խումբ ուսանողների դժգոհության պատճառները. «Կարծում եմ՝ ՈՒԽ գործունեության կասեցումը կապված է Հոգաբարձուների խորհրդի ցրման հետ, քանի որ խորհրդում մենք 25 տոկոս ներկայություն ունենք: Բացարձակապես ոչ մի կապ չունեցող հիմնավորում է սա: Մենք ուսանողական կառույցի պաշտոնական կայքի միջոցով հայտարարություն ենք տարածել՝ քննարկումները կառուցողական դաշտ տեղափոխելու համար: Ուսանողի կարծիքը մեզ համար առաջնային է, ուստի պատրաստ ենք բոլորին լսել՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից: Մենք հորդորում ենք, որպեսզի մեր ընկերները հիմնավորեն իրենց պահանջները: Ուզում եմ ընդգծել նաև, որ ՈԻԽ-ն երբեք չի կաշկանդվել ոչ մի կառույցից, մենք ազատ ենք մեր որոշումների մեջ, ինչը վկայում են մեր բոյկոտներն ու հօգուտ ուսանողի պահանջատիրական քայլերը»:

 

Ռեկտոր Ա. Սիմոնյանը շեշտեց նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին գումարներ չփոխանցելու արդյունքում ամառային արձակուրդից առաջ ԵՊՀ բոլոր աշխատակիցներին իրենց աշխատավարձի 50 %-ի չափով պարգևավճարներ տալու հնարավորություն ընձեռվեց:

 

 

«Համաձայն չեմ ՀՀ ԿԳ նախարարի հայտարարության հետ: Հնչած այն մտքի մասին, թե ԵՊՀ-ն ունի օլիգարխ ֆակուլտետներ, որոնք պարտադիր դասընթացներ են թելադրում, չի համապատասխանում իրականությանը: Խոսքը «Իրավունքի տեսություն» դասընթացի մասին է, որը ներառվել է 2018-2019 ուստարվա կրթական ծրագրում՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն: Հարկ եմ համարում նշել, որ դասընթացը չի իրականացվելու մասնագիտական դասընթացների հաշվին» ,- իր ելույթում նշեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ նշեց, որ նախաձեռնող խմբի հայտարարությունները հիմնականում կառուցված են մասնավոր օրինակների ու տպավորությունների վրա. «Եթե ուզում ենք, որ համալսարանը լինի ավելի լավը, քան կա այսօր, պետք է քննարկում կազմակերպվի շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ Կառավարություն, ԿԳՆ և այլն: Պետք է իրավիճակը վերլուծվի, պատճառները հասկանալի դառնան և համապատասխան լուծումներ առաջարկվի: Կարծում եմ՝ համալսարանական խնդիրների մեծ մասի ծագման պատճառները համալսարանից դուրս են»:

 

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն ասաց, որ խնդիրներն ավելի ընդհանրական են, քան պարզապես ռեկտորի հրաժարական տալը, քանի որ երկրում քաղաքական նոր իրողություններ կան:

«Երկրում գլոբալ փոփոխություններ են ընթանում, չնկատել դա և խոսել միայն ԵՊՀ ներքին խնդիրների մասին, պարզապես կարճատեսություն է: Այսօրվա իրողությունը երեկվա գործընթացների բնականոն շարունակությունն է: Մենք պետք է հաշվի նստենք դրա հետ: Լուրջ խնդիր կա մեր և մեր ուսանողների հարաբերությունների հարցում, որը սկսվել է դեռևս տարկետման իրավունքի պահանջի ժամանակ: Ուսանողները ոչնչի չհասան, իսկ մենք սահմանափակվեցին հայտարարությամբ: Առաջարկում եմ այդ հարցը քննարկել Հոգաբարձուների խորհրդում՝ նախ և առաջ պարզելով, թե արդյո՞ք մենք Հոգաբարձուների խորհուրդ ունենք այսօր: Ակնհայտ է, որ նշված պահանջների մեջ քաղաքական տարր կա, և դա նորմալ է: Պետք է երկխոսել, դեկլարատիվ հայտարարություններ պետք չեն»,- նշեց Վ. Դումանյանը և ռեկտորին կոչ արեց հաշվի նստել ուսանողների կարծիքների ու պահանջների հետ՝ հանդիպում կազմակերպելով նախաձեռնության առաջնորդի հետ:

 

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գազին Ղազինյանն էլ նշեց, որ հնչեցված շատ մտքերի ու առաջարկությունների հետ համաձայն է. «Անհիմն տպավորություն է ստեղծվում, որ մենք մեր դեմ արդարանում ենք: Այսօրվա հավաքը դրա համար չէ: Եթե մենք մեղքի զգացողություն չունենք և տեղյակ ենք իրավական կարգավորումներից, ապա արդարանալու կարիք չկա: Կարևոր է հասկանալ նպատակը, թե ինչքանով է այն բարի և ինչքանով են նպատակին հասնելու միջոցներն օրինական: Ես համոզված եմ, որ մենք այսօր տեսնում ենք սառցաբեկորի 10-15%-ը՝ ընդհանրացնող հայտարարություններ անելով: Մի բան հստակ է՝ համալսարանը վարկաբեկել չի կարելի, և ոչ մեկին չի կարելի դա թույլ տալ»:

 

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն անդրադարձավ տարկետման իրավունքի հարցին՝ նշելով, որ արդեն հայտարարել է, որ գիտությունը տուժելու է այդ օրինագծի ընդունման հետևանքով: Բանախոսը նշեց նաև, որ քաղաքական բոլոր իրողությունների ընթացքում էլ համալսարանականն իր դիրքորոշումն ունեցել է:

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը նույնպես հորդորեց երկխոսություն սկսել ուսանողների հետ և չանտեսել նրանց պահանջները. «Քաղաքական հզոր ուժ ներկայացնող գործիչը նույնպես երկխոսության չգնաց և իրեն փշալարով փակեց: Բոլորս գիտենք ինչով դա ավարտվեց: Դա սխալ քաղաքականություն է»:

 

Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն էլ անդրադարձավ բուհի կրթական ոլորտին՝ նշելով, որ ԵՊՀ-ին առավելագույն չափով՝ 6 տարով, հավատարմագրել են իրատեսական բարեփոխումներ իրականացնելուն ուղղված բարդ ծրագրին, ինչը ծանրակշիռ փաստ է:

 

 

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նույնպես ընդգծեց, որ պատճառներ չի տեսնում հանրության առջև արդարանալու համար. «Այո՛, երկրում համակարգային փոփոխություններ են կատարվել՝ ունենք կառավարություն, որը վայելում է ժողովրդի համակրանքը: Իշխանափոխության հասնելու այն եզակի ձևաչափը, որը որդեգրեց մեր ժողովուրդը, այսօր մասնավոր հարցեր լուծելու համար անընդունելի է: Կառավարությունը բոլոր լծակներն ունի լուծելու իր առջև դրված խնդիրները: Սա վարկաբեկման միջոցով փոփոխություններ անելու ձևաչափ է, որով չենք օգնում իշխանությանը, այլ՝ խանգարում, քանի որ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ բոլոր գործընթացները պետք է կատարվեն օրենքի սահմաններում»:

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտ Ապրեսյանն էլ իր ելույթում նշեց, որ Մայր բուհն այն հաստատությունը չէ, որտեղ ցանկացած ոք կարող է մտնել ու վաստակաշատ պրոֆեսորին անօրինաբար դուրս հրավիրել: Իսկ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանն էլ հավելեց, որ Մայր բուհը միշտ էլ քննադատության թիրախում է եղել. «Նոր Հայաստանում, Համաժողովրդական շարժման արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք՝ որպես առաջատար բուհ, պետք է քայլ անենք և մշակենք կրթական նոր քաղաքականություն, առաջարկենք մեր ծրագրերը, որում, գուցե, ներառված կլինեն նաև ուսանողների պահանջները»:

 

Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը գործընկերներին հիշեցրեց, որ ժամանակին իր կողմից առաջարկ է եղել լինել ակտիվ քաղաքական բոլոր գործընթացներում. «Այս գործընթացը չի ավարտվելու մեր հավաքով: Ավելի վատ օրեր էլ են մեզ սպասվում: Հիմա բարդ ժամանակահատված է, իսկ իրավիճակը գնալով ավելի է բարդանալու: Առաջարկում եմ հանդիպումներ կազմակերպել բոլոր այն կառույցների ներկայացուցիչների հետ, ովքեր ներգրավված են նախաձեռնության կողմից ներկայացված պահանջների ցուցակում, և «լայվ» ռեժիմով ներկայացնել հանրությանը: Այդ ճանապարհով մեր վարկանիշը միայն կբարձրանա, քանի որ այդ ձևաչափին ընդունելի է դարձել բոլորի կողմից: Պետք է մաքսիմալ բաց աշխատել, ինչը թույլ կտա թուլացնելու իրավիճակի լարվածությունը, բայց խնդիրը, այնուամենայնիվ, չեն վերանա»:

 

 

Համալսարանական մի շարք ամբիոնների վարիչներ ու դասախոսները նույնպես հանդես եկան ելույթներով, որոնց հիմնական մեխը երկխոսություն սկսելու գաղափարն էր: Երկխոսություն, որում պետք է ներգրավվեն և՛ ուսանողները, և՛ ՀՀ կրթության և գիտության նախարարը, և՛ կառավարության ներկայացուցիչները:

 

«Մենք երբեք չեն հրաժարվել երկխոսությունից, սակայն դա պետք է որոշակի ձևաչափ ունենա: Բողոքի ակցիա կազմակերպելը ճիշտ ձևաչափ չէ: Այստեղ միայն իմ անձի հարցը չէ: Այո՛, մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է բուհ-նախարարություն, դասախոս-ուսանող հարաբերությունները սխալ կառուցվել, ինչո՞ւ է պետհամալսարանը թիրախավորված և ինչո՞ւ լավը չի երևում, լավի մասին չի բարձրաձայնվում: Սրանք են գլխավոր խնդիրները: Կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք բանակցել և խելամիտ լուծումներ փնտրել»,- շեշտեց Ա. Սիմոնյանը:

 

Կարծիքների փոխանակման և հնչեցված առաջարկությունների արդյունքում ԵՊՀ ղեկավարության որոշեց հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է և ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին ներկայացված էին պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի և Միքայել Միքայելյանի թեկնածությունները: