29.01.2019 | 
Քաղաքականություն
ԵՐԿԿՈՂՄ ԴԻՊԼՈՄԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ. ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ՆԹՀ-Ի ՄԻՋԵՎ
ԵՐԿԿՈՂՄ ԴԻՊԼՈՄԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ. ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ՆԹՀ-Ի ՄԻՋԵՎ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր Երևանի պետական համալսարանը և Նոթինգհեմի Թրենթ համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ երկու համալսարանների Իրավագիտության ֆակուլտետների միջև համագործակցություն հաստատելու նպատակով:

Հուշագրի շրջանակում երկու համալսարանները համագործակցելու են համատեղ ուսումնական ծրագրերի մշակման և ուսումնական մեթոդների ներդրման, ուսանողների և դասավանդող անձնակազմի փոխանակման ծրագրերի իրականացման ուղղությամբ, կազմակերպելու են գիտահետազոտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ:

Համագործակցության ընթացքում երկու համալսարանների Իրավագիտության ֆակուլտետները մշակելու են համատեղ վկայականներ տրամադրելուն ուղղված ակադեմիական դասընթացներ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց, որ երկու համալսարանների միջև սկիզբ դրված համագործակցությունը շատ լավ ապագա ունի, եթե երկու կողմերն ակտիվ և հաստատակամ լինեն. «Համագործակցությունն իրագործվելու է մի քանի ուղղություններով՝ համատեղ կրթական, գիտական ու խորհրդատվական աշխատանքներ, կադրերի փոխանակման և վերապատրաստման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների զարգացման ծրագրեր»:

«Արդեն մեր գործընկեր Նոթինգհեմի Թրենթ համալսարանի իրավաբանական դպրոցը լավագույններից է Եվրոպայում: Ի դեպ, համատեղ զրույցի ընթացքում միտք ծագեց, որ այս համագործակցությունը կարող է կամուրջ դառնալ նաև Իրանի և Միջին Արևելքի երկրների համալսարանների համար»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը փաստեց, որ հուշագիրն իրավական հիմք է հետագայում առանձին ուղղություններով ծրագրեր մշակելու համար. «Մեզ և մեր գործընկերներին իսկապես բարդ ու կարևոր աշխատանք է սպասվում»:

Դեկանը, ներկայացնելով գործընկեր համալսարանը, ասաց, որ Նոթինգհեմի Թրենթ համալսարանը Մեծ Բրիտանիայի ամենամեծ համալսարաններից մեկն է, հիմնադրվել է 1843 թվականին. «Համալսարանն ունի շուրջ 26,000 ուսանող: Այն համարվում է Մեծ Բրիտանիայի 15 լավագույն համալսարաններից մեկը՝ համաձայն ուսանողների բավարարման հարցման («The Complete University Guide 2019»): Նոթինգհեմի Թրենթ համալսարանը, ըստ «The Times»-ի վարկանիշի և «Sunday Times Good University Guide»-ի, 2018 թվականին ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն բուհը: Փոխըմբռնման հուշագրում տեղ գտած ուղղությունները շատ մեծ հնարավորություններ են տալիս մեր զարգացման ճանապարհին մեկ քայլ առաջ գնալու համար»:

Գագիկ Ղազինյանը պատմեց, որ երկկողմ համագործակցությունը սկիզբ է առել այն ժամանակ, երբ Նոթինգհեմի Թրենթ համալսարանը դիմել էր դրամաշնորհի համար՝ ՀՀ փաստաբանական դպրոցում կրթական ծրագիր իրականացնելու. «Մեր ֆակուլտետի և Թրենթ համալսարանի շրջանավարտ Տիրայր Վարդազարյանի միջոցով հաղորդակցության սկիզբ դրվեց մեր միջև, և մենք դրամաշնորհի շրջանակում դարձանք գործընկերներ: Այդ համագործակցության ընթացքում ցանկություն առաջացավ ավելի խորացնելու կապերը և կրթական ու գիտական ծրագրեր իրականացնելու առանց միջնորդների»:

Խոսելով ճանապարհային քարտեզի ուրվագծման մասին՝ պարոն Ղազինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված քայլերի իրականացումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կդարձնի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի գիտակրթական լավագույն կենտրոններից մեկը. «Մենք ունենալու ենք «Համեմատական իրավունք» մասնագիտացում, այն է՝ անգլիական իրավունք, որի անհրաժեշտությունը գիտակցում ենք բոլորս՝ իմանալով, որ առևտրային և ֆինանսական միջազգային հիմնական վեճերը լուծվում են Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում»:

Նոթինգհեմի Թրենթ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Ջանին Գրիֆիթս-Բեյքըրը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում. «Այս հուշագիրն իսկապես սկիզբն է այն մեծ աշխատանքի, որ մենք իրականացնելու ենք ապագայում՝ կրթական ու գիտական համատեղ ծրագրեր, ուսումնասիրություններ ու հետազոտություններ: Հուսով եմ, որ ձեզնից շատերին կհյուրընկալենք մեր համալսարանում»:

Գործընկեր համալսարանի միջազգային կապերի պատասխանատու Վասիլիուս Ադամիդիսն իր խոսքում ասաց, որ այս համագործակցությունը Թրենթ համալսարանի ռազմավարության քայլերից է, որը ենթադրում է գլոբալ կապեր. «Ամեն տարի մենք ընդունում ենք ավելի քան հինգ հազար միջազգային ուսանողների, որոնցից շատերը սովորում են Իրավաբանական դպրոցում: Ես նույնպես հուսով եմ, որ այսօրվա համագործակցությունը հետագայում կզարգանա»:

Թրենթ համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Ջանի Չինգն ասաց, որ իրենց ուսումնական ծրագրերում ներառված են նաև հակակոռուպցիոն և մարդու իրավունքների ոլորտները, որոնք վերջերս ուշադրության կենտրոնում են եղել ու զարգացել Հայաստանում. «Ես ցանկանում եմ շփվել ԵՊՀ-ի գործընկերներիս հետ, կարծում եմ՝ մենք խորհրդակցելու շատ բան ունենք»:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից և փոխանակումից հետո Նոթինգհեմի Թրենթ համալսարանի պատվիրակությունը եղավ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, որտեղ կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը հյուրերին ներկայացրեց իրենց գործունեությունը և կրթական ծրագիրը: Այնուհետև հյուրերը գնացին Իրավագիտության ֆակուլտետ՝ մանրամասն քննարկելու հետագա քայլերը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային երեք հարցով տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է հարցման կարգով:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԵԼ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։