05.12.2017 | 
Քաղաքականություն
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ-ի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը,IBM նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ֆիլիպ Մորրիս» ընկերության գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովան, նույն ընկերության արտադրանքի հետազոտության և ՄՍ գծով տնօրեն Լուկա Ռոսսին, տեխնոլոգիական հարցերով կառավարիչ Ռիկարդո Ռիվա Ռեջիորին, կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ի պատվիրակության անդամներին և հակիրճ ներկայացրեց ԵՊՀ գործունեությունը:

 

«Ուրախ ենք Ձեզ հետ այս համագործակցությունը սկսելու համար: Հուշագրի կնքումը մեր գործակցության առաջին քայլն է: Հուսով ենք, որ մեր համատեղ գործունեության հաջորդ փուլերը կլինեն օգտակար ու արդյունավետ: Առաջիկայում կփորձենք իրականացնել փոխգործակցության կոնկրետ ծրագրեր, մշակել նոր գաղափարներ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ի պատվիրակության անդամները հայտնեցին իրենց պատրաստակամությունը Հայաստանում հետազոտությունների ու մշակումների ոլորտում բարձր որակի մարդկային կապիտալի ձևավորմանը նպաստելու հարցում:

 

«Մենք չափազանց ոգևորված ենք՝ հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն ունեցող ու իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով: Սա ապացուցում է մեր վստահությունն ու նվիրվածությունը այն երկրին, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք»,- նշեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովան:

 

Հանդիպման ընթացքում քննարվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կրթական ու գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները, որոնք կարող են ներառել ինչպես մագիստրոսական, այնպես էլ ասպիրանտական ծրագրերի մշակումը:

 

Նշենք նաև, որ ներկայումս Շվեյցարիայում և Սինգապուրում տեղակայված «Ֆիլիպ Մորրիսի» գիտահետազոտական կենտրոններում կատարվում են հիմքային ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության, ջերմադինամիկայի և այլ ոլորտներում:

Այլ նորություններ
ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես բոլոր ֆակուլտետներում տեղի են ունեցել գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստեր, որոնց ընթացքում դեկանները հանդես են եկել հաշվետվությունների ներկայացմամբ:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների այցելությունները մարզային դպրոցներ: