12.04.2018 | 
Կրթություն
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի պաշտոնական բացումը:

Մարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանի միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ Հայաստանում վերահաստատված 40 երիտասարդներ հնարավորություն կստանան ԵՊՀ-ում մասնակցելու հատուկ դասընթացների, որոնց նպատակն է սովորեցնել հայկական աշխատաշուկայի առանձնահատկությունները:

 

Ծրագիրը հիմնականում  նախատեսված է հակամարտության գոտիներից, հատկապես՝ Սիրիայից և Ուկրաինայից, ինչպես նաև Ջավախքից Հայաստան տեղափոխված այն երիտասարդների համար, որոնք ունեն բարձրագույն կրթություն, սակայն կարիք ունեն անհրաժեշտ մասնագիտացումների՝ հայկական աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու համար։ 

 

Դասընթացներին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 258 ուսանողներ, որոնցից ընտրվել են 62-ը: Ի դեպ՝ ծրագրում ներգրավված են նաև հայաստանաբնակ ուսանողներ:

 

Ծրագրի պաշտոնական բացմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, կենտրոնի ներկայացուցիչները, ծրագրի գործընկեր «2minds» կազմակերպության համահիմնադիր Գայանե Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանում փախստականների գծով համակարգող Ջոնաթան Լեյֆ Հայեսը:

 

«Ծրագրի իրականացումը բավականին հետաքրքիր փորձ է, քանի որ այն նախ բազմամշակութային շատ տարրեր է ներառում, բացի այդ՝ հնարավորություն է ընձեռում դիտարկելու Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկությունները»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը՝ բարձր գնահատելով ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող շարունակական և հետևողական աշխատանքը:

 

Նախատեսվում է, որ ծրագրի ավարտից հետո նրա մասնակիցները կկարողանան աշխատանք գտնել Հայաստանի բանկային համակարգում, հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններում, ինչպես նաև մի շարք այլ  բնագավառներում։

 

«Ծրագրում ընդգրկված են դասընթացների ու սեմինարների այնպիսի թեմաներ, որոնց ընթացքում դուք ձեռք կբերեք նոր հմտություններ: Ներկայումս մեր կենտրոնը բանակցություններ է վարում մի շարք կազմակերպություններ հետ՝ հետագայում գործնական պարապմունքներ անցկացնելու և լավագույններին աշխատանքով ապահովվելու ուղղությամբ: Ծրագրի ավարտին վկայագրեր ստանալու համար դուք պետք է շատ ակտիվ լինեք, պատասխանատվությամբ մասնակցեք բոլոր դասընթացներին»,- ընդգծեց կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը և որոշ մանրամասներ ներկայացրեց ծրագրի վերաբերյալ:

 

2013 թ.-ին Հալեպից Հայաստան տեղափոխված Ավետիս Ափոշյանը, ով ԵՊՀ միջազգային հարաբերությունների մագիստրոս է, հույս ունի, որ ծրագրի ավարտին կկարողանա բարձր վարձատրությամբ աշխատանք գտնել:

 

«Ծրագիրը բավականին հուսադրող է: Մասնագիտական սեմինարների ու  պրակտիկաների միջոցով կփորձենք ձեռք բերել նոր հմտություններ, որպեսզի կարողանանք համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին: Հայաստանում մեզ շատ լավ ենք զգում, սակայն եթե չկարողանանք գումար վաստակել, ստիպված կլինենք հեռանալ: Ծնողներս չեն աշխատում, և ես ու եղբայր տարբեր աշխատանքներ են անում, որպեսզի կարողանանք ապրել»,- պատմում է Ավետիսը և հավելում, որ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի չհեռանան Հայաստանից: 

 

Հավելենք, որ ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Հայոց ցեղասպանության առջև օրեցօր ծառացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում հարցին տիրապետող, բանիմաց երիտասարդ մասնագետներին:
«ԵՍ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ, ՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԼՈԿԱԼԱՑՄԱՆ ՏԱՆԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Այս նախագիծը ողջունելի է և խիստ արդիական, նույնիսկ փոքր ինչ ուշացած: Սակայն նախագծում կան կետեր, որոնք շտկման և որոշակի փոփոխության են ենթակա»,-այսօր մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագծին, նման տեսակետ հայտնեց ԵՊՀ մանկավարժության և զարգացման կենտրոնի դոցենտ Արմինե Աշիկյանը: