Եվրոպական միության Տեմպուսի HEN-GEAR ծրագրի շրջանակներում Պորտուգալիայի Բրագա քաղաքում ապրիլի 1-ին մեկնարկեց հերթական աշխատաժողովը, որը նվիրված էր շրջանավարտների տվյալների հենքի ստեղծմանև ու դրա միջոցով նրանց զբաղվածության խնդիրների լուծումը խթանելու հիմնահարցերին:
HEN-GEAR ծրագրի համակարգող իտալական համալսարանների AlmaLaurea կոնսորցիումի ներկայացուցիչները ներկայացրեցին շրջանավարտների կողմից լրացված հարցաթերթիկների սոցիոլոգիական վերլուծության առանձնահատկությունները:
Շրջանավարտների կողմից լրացված հարցաթերթիկները ունենում են տարբեր որակական աստիճան (կախված լրացված հարցերի քանակից, պատասխանների բազմազանությունից, տրամադրված ժամանակից և այլն) և ըստ այդմ պետք է համապատասխանաբար դասակարգվեն հետագա վերլուծությունների համար: Աշխատաժողովի ընթացքում կայացավ տեսակոնֆերանս Բոլոնիայի Համալսարանի և AlmaLaurea կոնսորցիումի փորձագետների միջև:
Աշխատաժողովին մասնակցում էին HEN-GEAR ծրագրի գործընկեր կազմակերպությունների համապատասխան մասնագետները: Մասնավորապես` ծրագրի գործընկեր համալսարաններն են Ագրարային համալսարանը, Ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ), Տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ), Գավառի պետական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը: Որպես գործընկերներ ներգրավված են նաև Հայաստանի ձեռնարկատերերի և գործարարների միությունը, Հայաստանի ազգային ուսանողական միությունը, Կրթության և գիտության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է մեկ միասնական համակարգ, որտեղ առկա են լինելու շրջանավարտների տվյալները (մուտքագրվում են ինչպես բուհերի, այնպես էլ շրջանավարտների կողմից), որոնք որոնման գործիքների միջոցով հասանելի են լինելու գրանցված գործատուներին:
Հարկ է նշել, որ նախատեսվող համակարգը ոչ միայն աջակցելու է շրջանավարտների զբաղվածության խնդիրների լուծմանը, այլև խնդիր է հետապնդում հարցումներից ստացված տվյալների միջոցով օժանդակել համալսարաններում որակի ապահովման գործընթացին:
Աշխատաժողովի ընթացքում Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց ՀՀ-ում ընդունված որակի ապահովման չափանիշներն ու HEN-GEAR ծրագրով նախատեսված շրջանավարտների տվյալների համակարգի համեմատական վերլուծությունը: Պորտուգալիայի և Իսպանիայի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը ուսանողների ձեռներեցության խթանման և աշխատանքի տեղավորման խնդիրների շուրջ:
ԵՊՀ-ից խորհրդաժողովին մասնակցում էին ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռ. Մարկոսյանը, Տեղեկատվական համակարգերի եւ ցանցի զարգացման բաժնի վարիչ Պ. Վարդերեսյանը, Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Ա. Սարգսյանը:
ԵՊՀ պրոռեկտոր Ռ. Մարկոսյանը հանդես եկավ «Տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների զարգացման փորձը ԵՊՀ-ումե զեկուցմամբ:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց նաև HEN-GEAR ծրագրի իրականացման ընթացքը, շրջանավարտների տվյալների մուտքագրման գործընթացի խոչընդոտներն ու դժվարությունները, կազմակերպչական այլ հարցեր: