01.10.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՕՍԼՈՄԵՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ՄՇԱԿՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՕՍԼՈՄԵՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ՄՇԱԿՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Սեպտեմբերի 1-8-ը ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դասախոսները «Եվրասիա» ծրագրի շրջանակում մասնակցեցին «Intercultural Encounters in Academia and at Workplace» դրամաշնորհային ծրագրով կազմակերպված աշխատանքային սեմինարին:

Նորվեգիայի կրթության միջազգային համագործակցության կենտրոն (SIU) հիմնադրամի կողմից մայրաքաղաք Օսլոյում կազմակերպված  սեմինարին մասնակցած ԵՊՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը, նույն ամբիոնի դոցենտներ Լիլիթ Բեքարյանը և Անուշ Այունցը, գլխավորում էր Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:  

 

Սույն ծրագրով նախատեսվում է Օսլոմետ, ինչպես նաև Հարավային Կովկասի երեք առաջատար համալսարանների՝ ներառյալ Երևանի պետական համալսարանի, միջմշակութային հաղորդակցության, միջազգային հարաբերությունների, միջազգային տնտեսական հարաբերությունների, ազգագրության և հոգեբանության ոլորտների մասնագետների ակադեմիական համագործակցություն` ուսանողների համար համատեղ մագիստրոսական դասընթացներ մշակելու նպատակով:

 

Գլոբալիզացիայի ներկա դարաշրջանում ուսանողների համար ավելի կարևորվում են ակադեմիական համատեքստում և աշխատանքային ոլորտում միջմշակութային հաղորդակցման հմտությունները, մշակութային իրազեկությանն առնչվող գիտելիքները և մշակութային տարբեր իրադրություններում հարմարվողականության մեխանիզմների մշակումն ու ներդրումը: Աննախադեպ աճող միգրացիայի պայմաններում անհրաժեշտ է էլ ավելի խորացնել ուսանողների իրավագիտակցությունը, նրանց իրավական և տնտեսագիտական գիտելիքները:

 

Նպատակ ունենալով օգնելու հարավկովկասյան և Նորվեգիայի համալսարաններում բարձրագույն կրթություն ստացող երիտասարդներին հաղթահարելու վերոնշյալ մարտահրավերները՝ միջազգային աշխատանքային խմբի կողմից քննարկվեցին և հստակեցվեցին այն երեք ակադեմիական ոլորտները, որոնց շրջանակներում նախատեսվում է մշակել, ապա նաև իրականացնել մագիստրոսական դասընթացները:

 

Դրանք են՝ միջմշակութային հաղորդակցության հմտությունների զարգացում, ծայրահեղականության դրսևորումները խոսքում և հասարակական կյանքում, միգրացիա և մարդու իրավունք: Վերը նշված ուղղությունների վերաբերյալ դասընթացները կազմակերպվելու և նախնական փորձարկում անցնելու են նախ՝ 2019 թ.-ի ամռանը Թբիլիսիում և Օսլոյում կազմակերպվելիք երկշաբաթյա ամառային դպրոցի ընթացքում (4-ական ուսանող յուրաքանչյուր երկրից), այնուհետև 2020 թ.-ի ամռանը նույն քաղաքներում անցկացվելիք ուսումնական դասընթացներին (2-ական ուսանող յուրաքանչյուր երկրից):

 

Հավելենք, որ ԵՊՀ ուսանողները ևս մասնակցելու են այդ ծրագրերին: Գրանտային ծրագրով նախատեսվում է նաև 2020-2021 ուստարում հարավկովկասյան համալսարաններից մեկական ուսանողի՝ Օսլոմետ համալսարանում մեկ կիսամյակի ուսանում:

 

Հայաստանը խնդիր ունի ինտեգրվելու ներկայումս աշխարհում ընթացող տնտեսական, կրթական և քաղաքական գլոբալ գործընթացներին, ուստի մշակված դասընթացները հետագայում ընդգրկվելու են նաև ԵՊՀ մագիստրոսական տարբեր ծրագրերում:

 

Երեք ակադեմիական տարի տևողությամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները խթանելու են Հարավային Կովկասի երկրների ու Նորվեգիայի ակադեմիական համագործակցությունը, նպաստելու են համընդհանուր գիտելիքի դաշտ ստեղծելուն և ուսանողների ու դասախոսների ակադեմիական շարժունությանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռեն համատեղ աշխատանքի փորձ ձեռք բերելու և ծանոթանալու արտասահմանյան բուհերի նորարարական և ստեղծարար գործընթացներին:

Այլ նորություններ
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում դեկտեմբերի 10-ից 14-ը տեղի կունենա դասախոսությունների շարք, որը կվարի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լեզվաբանության ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ելենա Բուտորինան։