07.05.2020 | 
Քաղաքականություն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԵՊՀ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԵՊՀ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
1956 թ. փետրվարին տեղի ունեցած ԽՄԿԿ 20-րդ համագումարը, որ դատապարտեց անհատի պաշտամունքը, ԽՍՀՄ պատմության մեջ մտցրեց աննախադեպ բեկում. սկսվեց մի ժամանակաշրջան, երբ փոխվեց մարդկանց մտածելակերպը, աստիճանաբար ձևավորվեց այլախոհական մթնոլորտ:

Հայաստանում գիտության ու մշակույթի մի շարք գործիչների նախաձեռնությամբ ստեղծվեցին ընդհատակյա խմբավորումներ, հետագայում՝ նաև կուսակցություններ, որոնք պարբերաբար տպագրում կամ ձեռագիր տարածում էին անլեգալ թերթեր ու գրքույկներ:

 

Մոտենում էր Հայոց մեծ եղեռնի 50-ամյակը:

 

1915 թ. Օսմանյան կայսրության պետականորեն կազմակերպած ու իրագործած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր տատիկներն ու պապիկները զավակներին և թոռներին սկսեցին շշուկով պատմել եղեռնի դժնդակ տարիներին իրենց աչքի առջև թուրքերի կատարած սահմռկեցուցիչ սպանությունների ու լլկումների, իրենց կրած կորուստների ու անլուր տառապանքների մասին։

 

Սկսված գործընթացին մեծապես նպաստեց մշակութային մի շատ կարևոր իրողություն: 1964 թ. աշնանն առաջին անգամ Հայաստանում հրատարակվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը դարձավ հրապարակային լայն քննարկումների առարկա:  Այդ առումով հատկապես հիշարժան է 1965 թ. փետրվարի 27-ին Աբովյան փողոցում գտնվող ԵՊՀ մասնաշենքի մեծ դահլիճում Պատմության ֆակուլտետի ասպիրանտների և ուսանողների համատեղ ջանքերով կազմակերպված Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հետ հանդիպման երեկոն: Այն առիթ դարձավ Երևանից սփյուռքի համար հեռարձակվող ռադիոհաղորդման մեջ առաջին անգամ մայր հայրենիքից բարձրաձայնելու Մուսա լեռան հերոսամարտի իրողությունը: Այդ հանդիպումից ոգևորված նախաձեռնող խումբն ապրիլի սկզբին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նորաբաց մեծ դահլիճում կազմակերպեց նաև Վանի և Շատախի հերոսամարտերին նվիրված հուշ-երեկո, որտեղ զեկուցմամբ հանդես եկավ հայկական ազգագրական երգերի անզուգական կատարող Հայրիկ Մուրադյանը: Հարկավ, այն նույնպես կարևոր դեր խաղաց մարդկանց գիտակցության ու ազգային արժանապատվության բարձրացման գործում: 

 

Հայոց ցեղասպանության, կորցրած հայրենիքի թեմաներով քննարկումներ էին լինում ոչ միայն ընտանիքներում, ուսանողության և մտավորականության շրջանում, այլև վերին օղակներում: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակոբ Զարուբյանին մեծ դժվարությամբ հաջողվել էր ԽՄԿԿ Կենտկոմի ղեկավարությունից թույլտվություն կորզել Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում 1965 թ. ապրիլի 24-ին հանդիսավորությամբ առաջին անգամ պաշտոնապես նշելու Հայոց եղեռնի 50-ամյակը, նաև այդ թեմայով անցկացնելու գիտական նստաշրջան:

 

Այս դեպքում էլ Երևանի պետական համալսարանը նախաձեռնողի դերում էր և 1965 թ. ապրիլի 20-ին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հետ համատեղ կազմակերպեց Հայոց ցեղասպանության 50-ամյակին նվիրված նստաշրջան, որտեղ զեկուցումներով հանդես եկան ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը, Աղասի Եսայանը, Մկրտիչ Մկրյանը և շատ այլ անվանի գիտնականներ՝ պատմաբաններ, իրավաբաններ, գրականագետներ: Իսկ ԽՄԿԿ Կենտկոմի օրգան «Правда» թերթում հոդվածով հանդես եկավ պատմաբան, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը:

 

Այս միջոցառումներն, անշուշտ, ավելի ոգևորեցին անվտանգության մարմինների բռնություններից ու հալածանքներից չընկրկող համալսարանական երիտասարդներին, որոնց սատարում էին ԵՊՀ ղեկավարությունը և շատ դասախոսներ: Երկրաբանության ֆակուլտետի ուսանողներ Մարատ Գրիգորյանը (այժմ՝ ֆակուլտետի դեկան, երկրաբ. հանքաբ. գիտ. թեկնածու, դոցենտ), Վահրամ Մելքոնյանը, Լիոն Հախվերդյանը, Արամ Գևորգյանը, Գագիկ Կարապետյանը, Լևոն Դավթյանը և ուրիշներ ապրիլի 24-ի վաղ առավոտյան հավաքվեցին համալսարանի բակում: Շատ չանցած նրանց միացան մյուս ֆակուլտետների բազմաթիվ ուսանողներ, ինչպես նաև դասախոսներ: Նրանք քայլում էին Երևանի փողոցներով ու վանկարկում՝ «Մենք պահանջում ենք վերադարձնել մեր հողերը»: Երիտասարդների շարքերը գնալով ավելի էին խտանում. նրանց միացան նաև այլ բուհերի ուսանողներ: Շուտով ուսանողական խմբերը վերածվեցին ժողովրդական հոծ զանգվածի, որը տոգորված էր իր բռնազավթված հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Արցախը վերադարձնելու վճռական պահանջով: Ցուցարարներն ուղղվեցին դեպի Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակ, այնտեղից Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ տեղի ունեցավ միտինգ. ելույթ ունեցան շատ մտավորականներ, այդ թվում՝ համալսարանականներ Լևոն Ներսիսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը և ուրիշներ: Հնչում էին նաև Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի բանաստեղծությունները, որոնք պաթոսով ներկայացնում էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող Սամվել Մուրադյանը (այժմ՝ ակադ. Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր): Իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայոց եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ միտինգի մասնակիցները դուրս եկան պանթեոնից և հայրենասիրական երգեր երգելով ուղղվեցին դեպի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ հանդիսավոր նիստին մասնակցելու բուռն ցանկությամբ: Շենք մտնելու ոմանց փորձը մատնվեց անհաջողության, և ցուցարարների ու իրավապահների միջև տեղի ունեցան բախումներ:

 

 

Նույն օրը համալսարանականներ Վազգեն Մանուկյանի և նրա մի խումբ ընկերների ղեկավարությամբ բողոքի ցույց կայացավ նաև Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև, որին մասնակցում էին նաև մոսկվացի բազմաթիվ մտավորականներ:     

Այդ օրը ժայթքեց հիսուն տարիների լռության պայմաններում հայ ժողովրդի կուտակված ցասումը՝ ուղղված խորհրդային իշխանություններին և համայն մարդկությանը:

 

Այս ցույցերը խորհրդային երկրի պատմության մեջ ժողովրդի կամքի ու վճռականության արտահայտման աննախադեպ իրադարձություն էին: Ու թեև ցուցարարներից շատերը ձերբակալվեցին, այնուամենայնիվ 1965 թ. ապրիլի 24-ին սկիզբ առած հոգևոր զարթոնքը հետագայում իր զարգացումն ապրեց Սփյուռքի տարբեր գաղթօջախներում կազմակերպված բողոքի բազմաթիվ ցույցերով և 1988-ին՝ Արցախյան ազգային ազատագրական շարժումամբ:

 

Ապրիլի 24-ը դարձավ հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող օր՝ նոր էջ բացելով հայ ազատագրական մտքի պատմության մեջ: Այդտեղից էլ նորովի դրսևորվեց հայ ժողովրդի համախմբումն իր ազգային խնդիրների բարձրացման և լուծման շուրջ:

 

Հայոց ցեղասպանության միջազգայնացման և պահանջատիրության խնդիրների բարձրաձայնման շնորհիվ աշխարհի շատ պետություններ ընդունեցին Հայոց ցեղասպանության փաստը:

 

Պատմական արդարությանը հասնելու ձգտումով էր, որ 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան, որոշում ընդունեց դիմել Ադր. ԽՍՀ, Հայկ. ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար:

 

Դեռևս 1960-70-ականներին ԵՊՀ կուսակցական, ինչպես նաև ֆակուլտետային ժողովներում բազմիցս արծարծվել էր (հատկապես ԽՍՀՄ նոր Սահմանադրության նախագծի քննարկման ընթացքում) Լեռնային Ղարաբաղի հարցը: Իսկ 1987 թ. հունիսի 22-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի կուսակցական կազմակերպության (քարտուղար՝ Արտավազդ Դարբինյան) ժողովը քննարկել էր ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը և ընդունած որոշումը հասցեագրել ԽՄԿԿ Կենտկոմ` Մ. Գորբաչովին:

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, որի ղեկավարներից շատերը համալսարանականներ էին, Երևանի պետական համալսարանը միահամուռ վճռականությամբ կանգնեց շարժման պաշտպանության դիրքերում և դարձավ կազմակերպիչն ու կենտրոնը բազում միջոցառումների: Բոլոր ֆակուլտետներում կազմակերպվում էին հանդիպումներ, միտինգներ, ամենօրյա ժողովներ, նիստեր, կայացվում էին որոշումներ և ուղարկվում ամենատարբեր հասցեներով, հիմնականում կենտրոնական թերթերին, կազմվում էին նամակ-դիմումներ` ուղղված ԽՄԿԿ Կենտկոմի ղեկավարությանը՝ Արցախի հարցը արդարացի լուծելու պահանջով: Թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների շուրթերին «Արցախ» բառն էր, բոլորն էին ոգևորված ու հավատում էին, որ խնդիրը սահմանադրական ճանապարհով կստանա իր լուծումը:

 

Ի պատասխան հայ ժողովրդի արդար պահանջի` 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի ղեկավարությունը Սումգայիթ քաղաքում կազմակերպեց հայ բնակչության ջարդ: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գազանաբարո ջարդեր իրականացվեցին նաև Գանձակում, Խանլարում, Դաշքեսանում, Շամխորում, Մինգեչաուրում, իսկ 1990 թ. հունվարին` Բաքվում և Ադրբեջանի մյուս հայաբնակ քաղաքներում: Այս ոճիրը պետական մակարդակով կազմակերպված և իրականացված ցեղասպանություն էր:

 

Եվ հայ ժողովրդի հավատը փոխվեց հիասթափության:

 

Բայց անպատմելի վշտի մեջ անգամ (1988-ի երկրաշարժը) չընկրկեց հայը, չկոտրվեցին պայքարը շարունակելու նրա կամքն ու վճռականությունը, ու նա հասկացավ, որ արդարության հասնելու միակ ճանապարհը միասնությունն է, որ հույսը պետք է դնել միայն սեփական ուժեղ բազկի վրա:

 

Ու բռունցքվեց ժողովուրդը …

 

Երևանի փողոցներով հոսում էին մարդկային գետեր, հավաքվում Օպերայի շենքի բակում՝ Ազատության հրապարակում, վերածվում փոթորկուն ծովի: Այստեղ հավաքված ժողովուրդը զօր ու գիշեր միաբերան վանկարկում էր «Միացո՛ւմ, միացո՛ւմ», «Պայքա՛ր-պայքա՛ր մինչև վերջ» կոչերը: Ժողովրդի գլխավերևում ասես թևածում էին Սասունցի Դավթի, զորավար Անդրանիկի, Մեծն Նժդեհի ոգիները:

 

Համալսարանականներն իրենց ամենագործուն մասնակցությունը բերեցին Ազատության հրապարակում սկսված նստացույցերին:

Այդ ընթացքում Մոսկվայում ԵՊՀ ռեկտոր Սերգեյ Համբարձումյանն իր պատգամավոր գործընկերների հետ միասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերում աննահանջ պայքար էր մղում Արցախի հարցի արդարացի լուծման համար:

 

1988 թ. նոյեմբերի 24-ին խորհրդային իշխանությունները զորք մտցրին Երևան, և քաղաքում հայտարարվեց պարետային ժամ: Երևանի կապույտ երկնքում պտտվում էին ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Արգելվեցին հավաքներն ու միտինգները, ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, խզվեց կապը Արցախի հետ, կենտրոնական թերթերը լցվեցին ապատեղեկատվությամբ: Կենտրոնն այս կերպ փորձեց գլխատել շարժումը:

 

Նոյեմբերի 25-ի առավոտյան Ազատության հրապարակում միտինգ էր նշանակված, սակայն Օպերայի շենքի բակը շրջապատված էր Խորհրդային բանակի զինվորներով, և մարդկային հեղեղը, Ազատության հրապարակում հավաքվելու իրավունքից զրկված, հոսեց դեպի համալսարանի բակ` ճշգրիտ տեղեկատվություն ստանալու: ԵՊՀ բակն ու դահլիճը լեփ-լեցուն էին մարդկանցով: Զինվորներն իրենց գնդապետի գլխավորությամբ նետվեցին ցրելու ժողովրդին: ԵՊՀ կուսկոմիտեի քարտուղար Յուրի Մկրտումյանի համարձակության և ջանքերի շնորհիվ, երկարատև բանակցությունների միջոցով կանխվեցին բռնություններն ու ակտիվիստների ձերբակալությունը, և հաջողվեց պահպանել համալսարանի հարաբերական ազատությունը:

 

1989 թ. հայերի ու ադրբեջանցիների միջև սկսվեցին զինված բախումներ, որոնք շուտով վերածվեցին պատերազմական գործողությունների:

 

Այս պայմաններում ԵՊՀ-ն դարձավ Արցախյան շարժման ոգին պահպանող կարևորագույն կենտրոններից: Մարդիկ գալիս էին համալսարան` տեղեկանալու Արցախում կատարվող իրադարձություններին: Նրանք հավատում էին համալսարանին, որի ղեկավարությունն ու ուսանողությունը ջանքեր չէին խնայում Ադրբեջանի հայաբնակ վայրերի փախստականներին օգնություն կազմակերպելու, անգամ զենք հայթայթելու գործում:

 

Բազմաթիվ համալսարանականներ, դույզն-ինչ չվարանելով, զինված` սուրբ հողը պաշտպանելու կամքով ու վճռականությամբ, հայ ֆիդայիների արյան եռքն իրենց երակներում, զինվորագրվեցին Արցախի պաշտպանությանը:

 

1989 թ. կեսերին համալսարանում ստեղծված հատուկ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը (ԵՊՀ ռեկտոր), պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանը (Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ), դոցենտ Յուրի Մկրտումյանը (ԵՊՀ կուսկոմիտեի քարտուղար), դոցենտ Նորիկ Գալստյանը (հանձնաժողովի նախագահ), պրոֆեսոր Գարեգին Փանոսյանը (Գենետիկայի ամբիոնի վարիչ), դոցենտ Ռաֆիկ Տոնոյանը (Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան), Ֆրիկ Մելիք-Ադամյանը (Դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի դոցենտ), հիմնականում զբաղվում էր մարտական ջոկատներին և սահմանամերձ շրջաններին օգնություն կազմակերպելու հարցերով:

 

1990 թ. աշնանից համալսարանի կոլեկտիվը ստանձնել էր ԵՊՀ լազերային տեխնիկա գիտաարտադրական միավորման հաշվողական տեխնիկայի բաժնի վարիչ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատին պարենով ապահովելու գործը: Ջոկատը, որը 1990 թ. հայատյաց ադրբեջանցիների դեմ կռվում էր Շահումյանում, այնուհետև Մարտակերտում, 1991 թ. վերակազմավորվեց Ազատագրական բանակի (գլխավոր հրամանատարն էր Լեոնիդ Ազգալդյան):

 

ԵՊՀ ողջ կազմը նվիրվել էր Արցախին օգնելու գործին:

 

 

Ֆիզիկայի ֆակուլտետում Միսակ Մարտիրոսյանի, Արմանդ Ռոստոմյանի, Սամվել Մխիթարյանի, Արթուր Չոբանյանի և մյուս աշխատակիցների ջանքերով պատրաստվեցին հատուկ կաղապարներ, ձուլվեցին մեծ քանակությամբ գնդակներ, Յուրի Մկրտումյանի նախաձեռնությամբ Եղեգնաձորից բերվեցին յափնջիներ, որոնցից որսորդական հրացանների համար պատրաստվեցին խիցեր: Այս ամենը, սննդի և հագուստեղենի հետ միասին կապավորների միջոցով ուղարկվում էր Արցախ: Քիմիայի ֆակուլտետում դասախոսներ Հելբիկ Հակոբյանը և Կարապետ Դավթյանը Հայաստանում առաջինը սինթեզեցին հրթիռային վառելանյութ:

 

Շարժման սկզբին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ Արցախից բերվում էր չոր թութ, մասուր, ուրց, թթի օղի և այլն ու աճուրդի հանվում: Մարդիկ պատրաստակամ մասնակցում էին աճուրդին, քանի որ գոյացած գումարը տրամադրվում էր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

 

Գ. Մելիքյանը համալսարանում առաջիններից էր, որ 1989 թ. հունիսից Արցախի հիվանդանոցների ու մանկապարտեզների համար կազմակերպում էր սննդամթերքի օգնություն և ինքնաթիռով անձամբ տեղ հասցնում (երբեմն մեկ օրվա ընթացքում 3-4 անգամ): Նա, Խորեն Պալյանի հետ միասին ԵՊՀ ուսանողների ուժերով Արցախի գյուղերում կազմակերպում էր համերգներ՝ ժողովրդի հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով: Հետագայում  Մելիքյանը, հաղթահարելով բազում դժվարություններ, զենք ու զինամթերք, կապի միջոցներ էր հասցնում Արցախ: Իսկ կռվող տղաների համար Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները գործում էին հարյուրավոր գլխարկներ ու գուլպաներ:

 

Նյութական օգնությունից զատ՝ համալսարանը առաջինն էր, որ հրապարակեց Արցախյան հարցը լուսաբանող ամենատարբեր աշխատություններ. «Нагорный Карабах и вокруг него… глазами независимых наблюдателей» (сборник документов) составители: С. Т. Золян, Г. К. Мирзоян (Ер., 1991), «К освешению проблем истории и культуры Кавказской Албании и восточных провинций Армении» составил  П. М. Мурадян (т. 1, Ер., 1991), Ս. Ավագյան «Արցախ. Ինչո՞ւ չի ասվում ճշմարտությունը» (Եր., 1991), «Արցախը հայ մշակույթի կարևորագույն օջախ» (Եր., 1991) և այլն:

 

Զոհված համալսարանականների անուններով ԵՊՀ-ում բացվել են լսարաններ, որտեղ սովորող հայ պատանիների ու աղջիկների սրտերում ոգեկոչվում է հայ քաջաց սխրանքը, բոցավառվում է հայրենասիրության անմար կրակը: Իսկ ԵՊՀ պատմության թանգարանի Արցախյան գոյապայքարում զոհված համալսարանականներին նվիրված ցուցավահանակները՝ լուսանկարներով, փաստաթղթերով, անձնական իրերով, ինչպես նաև նրանց մասին գրված գրքերով ոգևորում են ուսանողներին, խթանում հերոսների  սխրանքը  գնահատելու նրանց ներքին մղումը, նրանց գիտակցության մեջ ամրագրում այն համոզմունքը, որ հայը պատրաստ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած հարձակում:

 

 

Արցախյան ազատամարտում, որ մահու և կենաց կռիվ էր հայ ժողովրդի համար, հաղթեց հայի կամքն ու ոգին, միասնությունն ու ժողովրդի հավաքական ուժը, որոնց կրողներն էին նաև համալսարանականները: Նրանցից շատերը հեգնանքով նայելով մահվան աչքերին ու կրծքով ընդունելով թշնամու մահաբեր գնդակը՝ իրենց արյամբ գծեցին Արցախի սահմանները: Արցախի ազատության զոհասեղանին դրեցին իրենց մատաղ կյանքն ու անմահացան, քանզի անմահություն է մահն իմացյալ։

 

Շատերն էլ, ապրելով պատերազմում հաղթողի բերկրանքը, վերադարձան խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի: Յուրաքանչյուրն իր մասնագիտական ոլորտում անմնացորդ նվիրվեց այս անգամ արդեն մեր երկրի տնտեսության, կրթության ու գիտության, մշակույթի զարգացման գործին՝ միշտ պատրաստ հարկ եղած դեպքում կրկին կանգնելու հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Արցախյան ազատամարտից 22 տարի անց՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը փորձեց կրկին շրջել պատմության անիվը, սակայն հաշվի չառավ, որ հայ զինվորը հանուն հայրենիքի միշտ էլ ընտրում է մահ իմացյալը …

 

Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հայ զինվորն իր քաջությամբ ու անկոտրում ոգով, դիմակայելով ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների հարձակմանը, հօդս ցնդեցրեց թշնամու ծրագրերը: Ավա¯ղ, անհավասար մարտերում նորից ունեցանք կորուստներ, նորից հերոսացան տղաներ։

 

Փա՛ռք ու պատի՛վ նրանց, հավե՛րժ խաղաղություն նրանց հոգիներին:

 

Ապրիլյան առաջին իսկ օրերին սկիզբ առավ համաժողովրդական շարժում, որը հանդուրժողականության ու հայրենասիրության բացառիկ դրսևորում էր: Բոլորը համախմբվեցին մի ընդհանուր գաղափարի շուրջ, յուրաքանչյուրը յուրովի վերագնահատեց ու վերաարժևորեց հայրենիքն ու պետականությունը և հաստատակամ կանգնեց հայ զինվորի կողքին՝ կանխելու մեր երկրի անվտանգությանն սպառնացող ոտնձգությունը:

 

Հայրենասիրության, միասնականության ու համախմբվածության նորօրյա դրսևորումներով համակվածª ԵՊՀ-ն ևս անմասն չմնաց հայրենիքի պաշտպանության գործից, շատ ծրագրեր իրագործեց: Հայրենաշունչ այդ ոգին Մայր բուհի մշտական ուղեկիցն է եղել. Հայրենական մեծ պատերազմ, 1965 և 1988 թվականների ազգային զարթոնք, Արցախյան գոյապայքար:

 

Արցախի առաջնագծում գտնվող զինվորներին և ռազմական բախումներից տուժած ազգաբնակչությանը համալսարանի ուսանողները կազմակերպեցին օգնություն. առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք, սննդամթերք, տնտեսական ապրանքներ:

 

Ռեկտորատի արտահերթ նիստում կայացված որոշմամբ բացվեց առանձին հաշվեհամար, և համալսարանականները կամավոր հիմունքներով դրամական օգնություն ցուցաբերեցին Արցախի առաջնագծում գտնվող զինվորներին և սահմանամերձ գոտիներում ապրող մեր ազգաբնակչությանը: Հավաքվեց 8 մլն. դրամ, որով գնվեցին առաջին անհրաժեշտության իրեր, իսկ գումարի մյուս մասը ԵՊՀ-ի տրամադրած 20 մլն. դրամի հետ փոխանցվեց ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին:

 

ԵՊՀ ուսանողական բոլոր կառույցները կազմակերպեցին տարաբնույթ միջոցառումներ:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում հանդես եկան համերգով՝ ի զորակցություն Արցախում վիրավորված զինվորների:  

 

Մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում բացվեց «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որի հերոսները քաջարի հայ մարտիկներն էին, որոնք իրենց վեհ կեցվածքով, հպարտությամբ ու խոհուն ժպիտով ոչ միայն ոգևորում էին այցելուներին, հատկապես ուսանողներին, այլև ցույց տալիս, որ հայ զինվորն անպարտելի է: Լուսանկարների հեղինակները համալսարանականներն էին, որոնք դրանք արել էին հունիսի սկզբին Մարտակերտում «Մարտական խաչ» շքանշանի արժանացած ասպետների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

 

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները պարբերաբար այցելելով հոսպիտալում բուժվող զինծառայողներինª նրանց տեսնում էին ոչ միայն չընկճված, այլև մարտականորեն տրամադրված, որոնք անհամբերությամբ էին սպասում օր առաջ դիրքեր վերադառնալուն, իսկ ակումբի «Վարդանանք» թերթի էջերում մշտապես լուսաբանվում են  համալսարանական հերոսների կյանքն ու գործած սխրանքները, որոնք հայրենասիրության յուրօրինակ դասեր են:

 

Այս միջոցառումները ոչ միայն ոգևորում են հայ զինվորին, այլև ամրապնդում, սերտացնում և առավել արդյունավետ են դարձնում համալսարան-բանակ կապը, որ արդեն երկար տարիների պատմություն ունի:

 

Հպարտանանք համալսարանական նորօրյա հերոսներով. Գոռ Դարմանյան, Շուլի Հակոբյան,

Գևորգ Մանուկյան և ուրիշներ:  

  

Հայ զինվորի նորօրյա սխրանքը փաստում է, որ հայկական բանակը պատրաստ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած հարձակում: Տա° Աստված, որ դրա առիթը չլինի, որ խաղաղ լինեն մեր սահմանները, որ Եռաբլուր զինվորական պանթեոնը չհամալրվի նոր հերոսներով …

 

Հավերժ փառք մեր հերոս տղերքին:

 

Ապրիլյան քառօրյա պատերազմը հերոսական մի նոր էջ դարձավ հայ ժողովրդի պատմության մեջª ցույց տալով, որ հայն իր անկոտրում ոգով ու կամքով միշտ պատրաստ է մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու հանուն հայրենիքի, հանուն խաղաղության, հանուն իր ազգային արժանապատվության: Հայոց բանակը մեկ անգամ ևս արձանագրեց, որ ինքն է գալիքի խորհրդանիշն ու անկախության երաշխիքը, ապացուցեց, որ հայ ժողովրդի ոգին, մտքի ու բազկի ուժն ի զորու են հրաշքներ գործելու, որ ապրիլը ոչ միայն ապրելու, այլև հաղթանակի ամիս է:

 

ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվ. պատմության թանգարանի

տնօրեն  Հեղինե Գասպարյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՌԱՀ-Ի ՀԵՏ
ԵՊՀ-ի և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի միջև այսօր կնքվել է համագործակցության պայմանագիր՝ նպատակ ունենալով հաստատելու երկկողմ գործունեություն կրթության, գիտական և ուսումնամանկավարժական ոլորտներում:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՊՀ-Ի ՈՒ ԻՐԱՔԻ ԴՀՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի և Իրաքի Դհոկի համալսարանի միջև այսօր կնքվեց համագործակցության համաձայնագիր: