30.05.2016 | 
Ուսանողական
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԵՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԵՆ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Ուսանող-2016» մրցանակաբաշխությունը:

Ավանդույթի համաձայն՝ ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից անցկացվող «Ուսանող» մրցանակաբաշխությունը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է կառույցի հիմնադրման օրը՝ ապրիլի 14-ին: Սակայն այս տարվա ապրիլյան իրադարձությունները կազմակերպիչներին ստիպեցին հետաձգել տոնական միջոցառումը:

 

Քառօրյա պատերազմի օրերին հայ ժողովրդի միասնականության ու համախմբվածության գործում իր մեծ ներդրումն ունեցավ նաև Մայր բուհը: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի իրականացրած նախաձեռնությունների շրջանակում ձևավորված Մարտական պատրաստության ակումբի տղաները, ինչպես նաև նրանց շարքերը համալրած այլ համալսարանականներ, ձևավորելով ջոկատ, մեկնեցին սահմանագիծ:

 

Այս իրադարձությամբ պայմանավորված՝ ուսխորհրդականները որոշեցին չեղարկել նախապես պլանավորված միջոցառումը և լավագույնի կոչումը տալ ուսանողներին, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում գտնվել են առաջնագծում՝ նրանց պարգևատրելով ԵՊՀ ՈՒԽ արծաթե մեդալով:

 

 

Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց տոնական համերգով, որի ընթացքում լավագույնի կոչմանն արժանացած ուսանողներին ողջունեցին ոչ միայն համալսարանականները, այլև ասմունքող Նարեկ Մարգարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, ՀՀ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) և երգչուհի Սոնա Ռուբենյանը:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա հերոսներին, նշեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով՝ հերոսներին շնորհակալություն կհայտնեն նաև գրավոր կերպով:

 

«Հպարտությամբ եմ նշում, որ ապրիլյան պարտադրված պատերազմի ժամանակ այս տղաները համախմբվեցին և պատրաստակամ եղան հսկելու ու պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները: Եվ այսօր լավագույնի կոչումը նրանց տալով՝ մենք ուզում ենք ասել, որ հենց այսպիսինն է Մայր բուհի ուսանողը, այսպիսինն է նրա կերպարը»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:

 

 

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանն էլ ողջույնի իր խոսքում նշեց, որ Ուսանողական խորհուրդը չէր կարող անտարբեր մնալ և այսօրը չնվիրել հերոսներին ու նրանց մեծարմանը. «Մայր բուհը միշտ էլ իր զինվորի կողքին է լինելու և ամեն ինչ անելու է հանուն հայրենիքի»:

 

Մարտական պատրաստության ակումբի նախագահ և ԵՊՀ կամավորական ջոկատի հրամանատար Արմեն Խաչիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս մրցանակը հաճելի է բոլորի համար հատկապես այն առումով, որ ուսանողների որոշմամբ է իրականացել պարգևատրումը. «Ուսանողական խորհուրդն այս քայլով ցույց տվեց նաև, որ Մայր բուհի ուսանողական կառույցը բարձր է գնահատում ուսանողների ռազմահայրենասիրական ոգին և նվիրումը հայրենիքի նկատմամբ»:

 

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: