20.11.2015 | 
Ուսանողական
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող-2015» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

«Լավագույն ուսանող-2015» մրցույթն այս տարի նվիրվում է Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին: Այն ներառված է Թաթուլ Կրպեյանի հոբելյանական միջոցառումների պետական հանձնաժողովի ծրագրած միջոցառումների շարքում:

 

Լավագույն ուսանողներին որոշելու համար ԵՊՀ-ում արդեն երկար տարիներ է, ինչ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Բնականաբար, շնորհաշատ ուսանողներին ընտրելը դժվարին ու պատասխանատու գործընթաց է: Այս մրցույթում առավելապես կարևորվում են համալսարանականների կրթական ձեռքբերումները, հասարակական ակտիվությունը, գիտության ոլորտում նկատելի հաջողությունները և ուսման առաջադիմությունը:

 

«Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպիչն է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը, իսկ մշակութային մասինը` ԵՊՀ մշակույթի կենտրոնը: Մրցույթին այս տարի մասնակցել են 16 ֆակուլտետներ և կրթական ծրագրեր իրականացնող երկու կրթագիտական ստորաբաժանումներ՝ (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն): Հավելենք, որ ԵՊՀ 3 ֆակուլտետներից լավագույն ուսանողներ չեն ընտրվել, քանի որ չէին ապահովել մրցակցային պայմանները:

 

ԵՊՀ մեծ դահլիճը հերթական անգամ բազմամարդ էր, ու թեև Ուսանողության միջազգային օրը նոյեմբերի 17-ն էր, այնուամենայնիվ այդ օրվան նվիրված իրադարձությունը տեղի ունեցավ այսօր: Փաստորեն, այս տարի ուսանողները երկու անգամ շնորհավորանք ստանալու հնարավորություն ունեցան: Դեռևս վաղ առավոտից ամբողջ Մայր բուհը դարձել էր ուսանողակենտրոն: ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այս տարի ևս անցկացվեց «Ուսանողական ռեկտորատ» ամենամյա ծրագիրը, որի շրջանակներում ԵՊՀ ռեկտորատի ու ֆակուլտետների դեկանների պաշտոնները մեկ օրով զբաղեցրին երիտասարդները:

 

Տոնական մեծ հանդիսությունն այս տարի նույնպես վերածվել էր իրական տոնի: «Լավագույն ուսանող-2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտ համալսարանականներ ու օրվա հերոսները` ուսանողները: Այն սկսվեց ԵՊՀ և ուսանողական միջազգային օրհներգերով, այնուհետև հնչեցին շնորհավորական ելույթներ:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն օրը կրկնակի տոն համարեց և նշեց, որ մրցանակաբաշխությունը, նվիրված լինելով Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին, պետք է առանձնահատուկ հպարտությամբ պարտավորեցնի լավագույններին: Պարոն Սիմոնյանը փաստեց նաև, որ Արցախյան ազատամարտի նվիրյալի ներկայությունը համալսարանում միշտ եղել է, կա ու կլինի:

 

«Թեև այսօր կընտրվեն սահմանափակ թվով լավագույն ուսանողներ, այնուամենայնիվ նրանց թիվը շատ է, չէ՞ որ նրանք են մեր վաղվա հույսը, գալիք պայծառ ապագայի գրավականը: Մայր բուհը հպարտանում է նրանցով, քանզի մեր գործի արդարացման հիմնական գրավականը հենց նրանք են, նրանց հաջողություններն ու բարեկեցիկ կյանքը»,- հավելեց ԵՊՀ ռեկտորը:

 

Հայրենասիրական, էստրադային երգեր ու պարեր, հուզմունք ու պատասխանատվության զգացում. ահա այսպիսի մթնոլորտում էին որոշվում տարվա լավագույն ուսանողները: Համերգի ընթացքում հնչեցին նաև Թաթուլ Կրպեյանի գրած բանաստեղծություններից ու նրան նվիրված երգեր: Բուռն ծափողջույններով ու շնորհավորական խոսքերով էլ օրն ավարտին մոտեցավ՝ հաջորդ տարի կրկին հանդիպելու և լավագույններին ընտրելու ակնկալիքով:

 

Նշենք նաև, որ հաղթող ուսանողների մրցանակները՝ հավաստագրերն ու ԵՊՀ բրոնզե մեդալները, հանձնեցին ԵՊՀ պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, ինչպես նաև մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:

 

Ստորև ներկայացնում ենք լավագույնը ճանաչված ուսանողների անունները՝

  • Հայկ Ասլանյան - Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Ավետիք Կարագուլյան - Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս,
  • Լուսինե Սահակյան - Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Մարիամ Մարտիրոսյան - Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս,
  • Հովհաննես Վարդանյան - Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս,
  • Արման Ասրյան - Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, 4-րդ կուրս,
  • Տաթևիկ Մինասյան - Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Վաչիկ Խաչատրյան - Ֆիզիկայի ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Արման Նինոյան - Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս,
  • Մելիք Մկրտչյան - Պատմության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Հայկ Հովհաննիսյան - Հայ բանասիրության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Նազելի Հայրապետյան - Աստվածաբանության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Արմեն Խաչատրյան - Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս,
  • Սոնա Գալստյան - Կենսաբանության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Ամալյա Նավասարդյան - Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Լիլիթ Պետրոսյան - Իրավագիտության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս,
  • Ծովինար Յոլչյան - Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, մագ. 2-րդ կուրս,
  • Աստղիկ Նադիրյան - Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, մագ. 2-րդ կուրս:

Պատկերասրահ՝ «Լավագույն ուսանող-2015»

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԽ համագումարը՝ օրակարգային 4 հարցով:
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի: