01.11.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐՔԻ 32-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՖՈՐՈՒՄԻ ԴԻՊԼՈՄԻ, ԻՍԿ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐՔԻ 32-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՖՈՐՈՒՄԻ ԴԻՊԼՈՄԻ, ԻՍԿ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՄԵԴԱԼՈՎ
2019 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնաճյուղի գրադարանում կայացել է Գևորգ Փիրումյանի, Գևորգ Սիմոնյանի և Լիանա Մարգարյանի համահեղինակած «Բնական ջրերի և այլ համակարգերի գեոէկոլոգիական գնահատման ինտեգրալ ինդեքս» («Geoecological Evaluational Integrating Index of Natural Waters and other Systems») անգլերեն մենագրության շնորհանդեսը:

Գրքի համահեղինակ Գևորգ Փիրումյանը Ռուսական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավարը: Գևորգ Սիմոնյանը Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, Ռուսական բնագիտական ակադեմիայի պրոֆեսոր, ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ: Մենագրության համահեղինակ Լիանա Մարգարյանը ԵՊՀ էկոլոգիական անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող է, տեխն. գիտ. դոկտոր, դոցենտ: 

 

Նշենք, որ Գևորգ Փիրումյանի, Գևորգ Սիմոնյանի և Լիանա Մարգարյանի «Բնական ջրերի և այլ համակարգերի գեոէկոլոգիական գնահատման ինտեգրալ ինդեքս» մենագրությունը մասնակցել է 2019 թ. սեպտեմբերի 4-8-ը Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի 75 տաղավարում Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի շրջանակում (ВДНХ) կազմակերպված Մոսկվայի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումին,  որի մասնակիցները՝ 33 երկրների ավելի քան 300 ռուս և արտասահմանյան հրատարակիչներ, ներկայացրել են կրթական, գիտական, տեղեկատու և հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական գրականության լավագույն օրինակները:

 

 

 

ԵՊՀ աշխատակիցների հեղինակած մենագրությունն արժանացել է ցուցահանդեսի դիպլոմի, իսկ հեղինակային խումբը՝ ի դեմս Գևորգ Սիմոնյանի, պարգևատրվել է ցուցահանդեսի դափնեկրի մեդալով:

 

Մենագրությունն ամփոփում է հեղինակների ավելի քան քսանամյա ուսումնասիրությունը հիդրոքիմիայի, շրջակա միջավայրի քիմիայի և երկրաէկոլոգիայի բնագավառներում: Այն նվիրված է քաղցրահամ ջրի որակի համապարփակ գնահատման և կանխատեսման համար մոդելների ստեղծմանը: Քաղցր ջրի որակի և շրջակա միջավայրի կարգավիճակի համապարփակ գնահատման համար առաջարկվում են նոր եզակի մոդելներ:

 

Աշխատությունը վերլուծում է գիտության մեջ առկա քաղցրահամ ջրի որակի ցուցանիշները և տալիս է հեղինակների կողմից մշակված ջրի որակի ցուցանիշների առավելությունները: Ջրի որակի կանխատեսումները կատարվում են կլիմայի փոփոխության տարբեր սցենարների համար: Առաջարկվել են և շրջանառության մեջ են դրել ջրի որակի 2 նոր ինդեքսներ՝ Ջրի որակի էնտրոպիական ինդեքսը (Geo-ecological evolving organised index GEVORG index) և Ջրի որակի հայկական ինդեքսը:

 

 

Գևորգ Փիրումյանը նշեց, որ մենագրությունը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին. «Մենագրությունը, որը բավականին ընդգրկուն է, վերաբերում է քաղցրահամ ջրերի որակի բացահայտմանը և կանխատեսմանը: Համաշխարհային գրականության մեջ և գիտական հանրության շրջանակում տարբեր ինդեքսներ են տարածված, մենք քննարկել ենք գոյություն ունեցող գրեթե բոլոր ինդեքսները, ներկայացրել մեր կողմից առաջարկված ինդեքսի առավելություններն ու կիրառության ոլորտը, վերջինիս ընդլայնումը: Ի դեպ, նոր ինդեքսը հենց գիտնականների առաջարկով է կոչվել Հայկական»:

 

Գրքի համահեղինակի խոսքով, Հայկական ինդեքսը կիրառության բավականին մեծ ընդգրկում ունի, որի կիրառության շրջանակը, բացի բնական ջրերից, տարածվում է նաև այլ ոլորտներում և չի զիջում հայտնի համաշխարհային ինդեքսներին, օգնում է գնահատել, պարզաբանել և կանխատեսել բնական ջրերի որակը, բացի դրանից՝ կարող է կիրառվել կենսաբանական համակարգերի տարբեր հարցերի լուծման համար՝ որպես հաշվարկի և կանխատեսման եղանակ:

 

ՀՀ-ում ստեղծվել է հիդրոքիմիայի և բնապահպանական քիմիայի մեծ գիտական դպրոց, որը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս: Այդ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են ավելի քան 100 հոդվածներում՝ տպագրված Հայաստանի և արտերկրի գիտական ամսագրերում, ներկայացվել են ավելի քան 30 միջազգային գիտաժողովներում և համաժողովներում: Մշակված ցուցանիշները տարածվում են բոլոր գետերի, լճերի, արհեստական ջրամբարների, ինչպես նաև ստորերկրյա ջրերի վրա:

 

 

Վերջին տարիներին հեղինակները կիրառել են իրենց կողմից մշակված ցուցանիշները՝տարբեր կենսա- և էկոհամակարգերի որակը որոշելու համար: Ձեռք են բերվել գոհացուցիչ արդյունքներ, որոնք արդեն ներդրվել են Ղազախստանի ագրոտեխնիկական համալսարանում՝ քաղաքային տարածքներում կանաչ տարածքների վիճակի ուսումնասիրման համար՝ օդի աղտոտվածության, հողի անբարենպաստ քիմիական և ֆիզիկական հատկությունների մշտական բացասական ազդեցությունը որոշելու և գնահատելու համար:

 

Մշակված ցուցանիշները ներդրվել են նաև Զելեզնոգորսկի «Տիեզերական տեխնոլոգիաներ» ընկերությունում՝ նաֆթիդային համակարգերի (բնական գազ, նավթ, հարակից գազ) հասունությունը գնահատելու համար: Ներկայացված է նաև նավթի հայտնաբերման մեթոդ` հիմք ընդունելով մակերևութային ջրերի հիդրոքիմիական վերլուծությունը և վանադիումի քանակությունը:

 

Գևորգ Փիրումյանը նշեց, որ մոտ 25 տարի կատարված ուսումնասիրությունները հիմնականում վերաբերել են ՀՀ մակերևութային ջրերին՝ գետերին, բնական լճերին, արհեստական ջրամբարներին, այժմ իրենք շարունակում են նոր ուսումնասիրություններ կատարել. «Մենք ամփոփել ենք միայն մակերևութային ջրերը, այժմ ուսումնասիրություններ ենք կատարում ստորգետնյա ջրերի վերաբերյալ, որպեսզի փորձենք նոր ինդեքս առաջարկել կամ արդեն առաջարկված ինդեքսը կիրառել նաև ստորգետնյա ջրերի որակի որոշման համար»:

 

Գևորգ Փիրումյանը նշեց, որ մենագրությունն անգլերենով լույս է տեսել Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի և «Լոգոս» հրատարակչության առաջարկով: Գիրքը նախատեսված է հիդրոլոգիայի, հիդրոքիմիայի, էկոլոգիայի, նավթի և մաթեմատիկական մոդելավորման բնագավառի մասնագետների, շրջանավարտների, ասպիրանտների և ուսանողների համար. «Մենագրությունից կարող են օգտվել և օգտակար տեղեկատվություն ստանալ ոչ միայն ոլորտով հետաքրքրված և համապատասխան ուսումնասիրություններ կատարող անձինք, այլև բոլորը»: 

 

Հասմիկ Ասլանյան

 

 

 

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 13 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: