12.01.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ․ ԵՊՀ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ․ ԵՊՀ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PR (հանրային կապերի) գործիքներ և կրոնական կազմակերպություններ. առաջին հայացքից միմյանց հետ աղերս չունեցող այս երկու տերմինները ոչ միայն արդիական են և առնչակից, այլև դարձել են մագիստրոսական թեզի թեմա: ԵՊՀ ժուռնալիստիկայի և աստվածաբանության ֆակուլտետների մագիստրանտները համատեղ ուսումնասիրում են «Կրոնական կազմակերպությունների PR գործիքները հայաստանյան մեդիայում» թեման։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետից Կարինե Հովհաննիսյանը և աստվածաբանության ֆակուլտետից Մարիամ Աբրահամյանն այն համարձակներից են, որ ցանկություն են հայտնել դառնալու աննախադեպ նախաձեռնության առաջին մագիստրանտները, ինչը, նրանց խոսքով, ոգեշնչող և միևնույն ժամանակ պարտավորեցնող է։

 

 

Գիտական աշխատանքի ղեկավարներն են ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ, փ․գ․թ․ Պարգև Բարսեղյանը և ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Սաթենիկ Գրիգորյանը։ Նրանց կարծիքով՝ նման նախագծի մասնակցում են ոչ ստանդարտ մտածողություն ունեցող ուսանողներ, որոնք պատրաստ են նոր ձևաչափի, չեն վախենում առաջինը լինելուց և ունեն հաղորդակցման ճկուն հմտություններ, ինչը երկուստեք կարևոր է ու առանցքային:

 

Թե՛ Կարինեն, թե՛ Մարիամը մագիստրոսական թեզի թեման ընտրել են՝ հիմք ընդունելով դրա արդիականությունն ու անհրաժեշտությունը մեր օրերում ինչպես կրոնական, բարոյահոգեբանական, այնպես էլ մեդիադաշտում գործելակերպի տեսանկյուններից։

 

Թեմայի ընտրությանը զուգահեռ առաջ եկած հիմնական մտավախությունը երկու ուսանողների դեպքում էլ նույնն էր․ իրենց անվան կողքին ո՞ւմ անունն է գրվելու մագիստրոսական թեզի տիտղոսաթերթին։ Ուսանողների առաջին հանդիպումից ու ծանոթությունից հետո մտավախությունները հօդս ցնդեցին, և նպատակը դարձավ մեկը՝ համատեղ ուժերով հասնել լավագույն արդյունքի։

 

Մագիստրանտների ու նրանց գիտական ղեկավարների համար այս գործակցությունը թեմայի համակողմանի ուսումնասիրության, գիտելիքների հարստացման, սովորելու և միաժամանակ՝ սովորեցնելու հնարավորություն է։

 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Կարինեի համար սա նոր ու փոքր-ինչ անծանոթ ոլորտ է։

 

«Ինձ համար շատ հետաքրքիր է ուսումնասիրել մի թեմա, որի վերաբերյալ նախկինում ունեի մակերեսային պատկերացում, իսկ այժմ՝ մագիստրոսական թեզը գրելու ընթացքում, շարունակում եմ սովորել ավելին կրոնի և կրոնական կազմակերպությունների վերաբերյալ»,- ասում է նա։

 

Ի տարբերություն Կարինեի՝ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Մարիամի համար նորություն է ոչ թե կրոնական կազմակերպությունների ուսումնասիրությունը, այլ դրանց կիրառած PR գործիքները։

 

«Այս համագործակցությունը հրաշալի հնարավորություն է ոչ միայն ընդլայնելու մասնագիտական կարողություններն ու մտահորիզոնը, այլև սովորելու թիմային և համագործակցային աշխատելաոճ, որոնց շնորհիվ էլ հաղթահարում ենք առաջացող դժվարությունները»,- ընդգծում է Մարիամը։

 

 

Գիտական ղեկավար Պարգև Բարսեղյանը, շեշտելով այսօրինակ համագործակցությունների կարևորությունը և անհրաժեշտությունը միջֆակուլտետային ու միջմասնագիտական կապերի ընդլայնման առումով, նշում է․ «Արագ զարգացող մեր դարաշրջանում բարդ է դաշտի համակողմանի ուսումնասիրությունը, և սույն թեզի շրջանակում կատարվող հետազոտությունը որոշ չափով լրացնում է այդ բացը»։

 

Սաթենիկ Գրիգորյանն էլ հավելում է, որ այս փոխգործակցության շնորհիվ աշխատանքը դառնում է առավել հագեցած, բազմաբևեռ և գիտական ու փաստական առումով առավել հարուստ։

 

«Միջմասնագիտական մագիստրոսական թեզերի գաղափարն ի սկզբանե եղել է ոգևորիչ ու յուրատիպ։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը միշտ շարժվում է նորին ու նորարարականին ընդառաջ, այդ պատճառով էլ ֆակուլտետը երկրորդ անգամ է նախաձեռնել համատեղ թեզերի գաղափարը»,- նշում է գիտական ղեկավարը։

 

Գիտական խումբն ակնկալում է ունենալ մագիստրոսական որակյալ թեզի պատշաճ ներկայացում, որը նորություն կլինի գիտական հանրույթի և օգտակար՝ ամբողջ հասարակության համար՝ նպաստելով տվյալ ոլորտի վերաբերյալ մեդիագրագիտության տարածմանը։ Նրանք հուսով են, որ իրենց գործակցությունն օրինակելի կլինի մյուս ուսանողների ու դասախոսների համար՝ համագործակցային մագիստրոսական թեզերի նախաձեռնությունը դարձնելով շարունակական։

 

Նշենք, որ միջֆակուլտետային գիտական հետազոտություններ են կատարում ԵՊՀ ժուռնալիստիկայի, աստվածաբանության, փիլիսոփայության և հոգեբանության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների մագիստրանտները։

 

Լիլիթ Մկրտչյան

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: