23.11.2017 | 
Հասարակություն
ՀՕՖ-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ՀՕՖ-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ-ն պարգևատրել է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությանը՝ Մայր բուհի կրթագիտական գործունեությանը ցուցաբերած մշտական և նշանակալի աջակցության համար:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակում նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ կազմակերպության կրթական և գիտական ծրագրերի 20-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակում էլ ՀՕՖ-ին հանձնվեց ԵՊՀ ոսկե մեդալը:

 

Միջոցառմանը ներկա էին գործընկեր բուհերի ներկայացուցիչներ, տարբեր կրթական ծրագրերի ուսանողներ, Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գիտական դրամաշնորհին արժանացած գիտնականներ:

 

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը ողջույնի խոսքում նշեց. «ՀՕՖ-ի լավագույն աշխատակիցների թվում նույնպես մեր լավագույն շրջանավարտներն են: Պատճառն այն է, որ մենք միշտ ընտրում ենք լավագույններից լավագույններին: Իրականում լավագույններն են հնարավորություն ստանում օգտվելու այս ծրագրի ընձեռած հնարավորություններից»:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ԵՊՀ ռեկտորի ու ռեկտորատի անունից ողջունեց և շնորհավորեց ներկաներին. «ԵՊՀ-ն իր ջերմ ողջույնն ու երախտագիտությունն է հղում «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությանը՝ իր ազգանվեր ծավալուն մարդասիրական գործունեության համար, ինչպես նաև Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին՝ գիտության և կրթության զարգացմանը ցուցաբերող մեծարժեք նպաստի համար: ԵՊՀ-ն՝ որպես գիտակրթական կազմակերպություն, առանձնակի կարևորում և բարձր է գնահատում գիտության և կրթության զարգացմանն ուղղված ներդրումները, որոնք կոչված են հանրային բարեփոխմամբ բարելավելու հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական, հոգևոր, մշակութային կյանքը»:

 

ՀՕՖ-ի կրթական ծրագրերը սկիզբ են առել 20 տարի առաջ: Ավելի քան 3.000 երիտասարդներ, օգտվելով ՀՕՖ-ի ընձեռած հնարավորություններից, կրթություն են ստացել և մասնագիտություն ձեռք բերել, իսկ այժմ աշխատում են տարբեր ոլորտներում:

Արդեն 20 տարի է, ինչ Մայր բուհի ուսանողներն արդյունավետորեն ներգրավվում են ՀՕՖ-ի «Մաթևոսյան», ԵՊՀ ուսանողների համար սահմանված «Ա. Բերբերյան», «Էսթեր Աճեմյան», «Մայքլ Հալաջյան», «Գևորգ Նիկսարլի» կրթավճար ծրագրերում:

 

Նշենք նաև, որ 2000 թ.-ին ստեղծված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ANSEF) գիտահետազոտական մեծածավալ և նշանակալի դրամաշնորհներ է տրամադրում ինչպես փորձառու գիտնականներին, այնպես էլ գիտության ոլորտում առաջին քայլերն անող երիտասարդներին: ԵՊՀ-ն ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրերում ունի կայուն մասնակցություն. 2017 թ. ԳԿՀԱՀ-ի կողմից սահմանված 30 դրամաշնորհներից 8-ը ստացել են ԵՊՀ դասախոսները և գիտաշխատողները:

Այլ նորություններ
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է  ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՏ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ
Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք, թե ՀՀ կառավարության անդամներից քանի տոկոսն են կրթությունը ստացել ԵՊՀ-ում և որ ֆակուլտետներում: