01.06.2018 | 
Հասարակություն
«ԵՊՀ-Ն ՈՒՆԻ ՀՐԱՇԱԼԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ, ԲԱՅՑ ԿԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԴՐԵՐԻ ՊԱԿԱՍ». ՎԱՐԴԱՆ ՄԱՐՏԻԿՅԱՆ
«ԵՊՀ-Ն ՈՒՆԻ ՀՐԱՇԱԼԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ, ԲԱՅՑ ԿԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԴՐԵՐԻ ՊԱԿԱՍ». ՎԱՐԴԱՆ ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Վարդան Մարտիկյանը ներկայումս մագիստրոսական կրթություն է ստանում Բուրգունդիա պատմական շրջանի վարչական կենտրոն Դիժոնում: Վարդանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, կրթության առանձնահատկությունների, երկու համալսարանների տարբերությունների և նրա հետագա անելիքների մասին:

-Վարդա՛ն, կպատմեք, թե ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

 

- Դպրոցում առաջադիմությամբ աչքի չեմ ընկել, բայց միշտ հետաքրքրված եմ եղել ֆիզիկայով և մաթեմատիկայով: Ինձ հատկապես շատ էր գրավում աստղագիտությունը.   շատ էի սիրում կարդալ հանրամատչելի գրքեր և դիտել ֆիլմեր մոլորակների և առհասարակ տիեզերքի մասին: Այդպես որոշեցի խորամուխ լինել ֆիզիկայի մեջ և կրթությունը շարունակել ԵՊՀ-ում, որտեղ ինձ համար մի հետաքրքիր բան պարզեցի: Աստղաֆիզիկան, գրավիտացիայի, լարերի և բրանների տեսությունները, որոնք հաճախ անցնում են գիտաֆանտաստիկայի տիրույթը, և որոնք այդքան ինձ ոգևորել էին, կարող են իրենց արդյունքներով զարմացնել և հրապուրել յուրաքանչյուրին, բայց դեպի այդքան զարմանահրաշ արդյունքների տանող ճանապարհներն իրականում ամենահետաքրքիրը չեն: Ընդհակառակը՝ կան գիտության ճյուղեր, որոնք առաջարկում են ավելի հետաքրքիր ճանապարհներ և տալիս են, թեև հանրության համար ոչ այդքան գրավիչ, բայց ոչ պակաս կարևոր արդյունքներ: Եվ այդպես, ԵՊՀ-ում ուսանելու առաջին տարիներին ցանկություն ունեի փոխել ֆակուլտետը և զբաղվել մաթեմատիկայով, որը տալիս է խիստ սահմանումներ և խոսում է ամենախիստ հիմնավորումներով: Սակայն մաթեմատիկայի մի քանի սեմինար լսելուց հետո հասկացա, որ մաքուր մաթեմատիկան, շատ աբստրակտ է և չի կարող գոհացնել ինձ: Այդպես որոշեցի ընտրել տեսական ֆիզիկա մասնագիտությունը, որտեղ երկուսը մեկում է. անսպառ մաթեմատիկա և միևնույն ժամանակ ռեալ պրոցեսներ, որոնք չեն հեռանում իրականությունից:

 

-Ի՞նչ կրթություն եք ստանում այժմ:

 

- Այժմ սովորում եմ Դիժոնի համալսարանում: Մագիստրոսական ծրագիրը կոչվում է «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիա» (Physics,Photonics and Nanotechnology,PPN): Դասընթացի հիմնական ուղղություններն են՝ ֆեմտովայրկյանային լազերներ, մանրաթելային օպտիկա, պլազմոնիկա, նանո-օպտիկա, ոչ-գծային օպտիկա, ատոմային և մոլեկուլային ֆիզիկա, բոզե-էնշտեյնյան կոնդենսացիա, ապակենման նյութեր, մաթեմատիկա, նանոկենսամոդելավորում, նանոտեխնոլոգիա, քվանտային քիմիա, քվանտային ֆիզիկա, քվանտային ինֆորմատիկա, քվանտային կառավարում, քվանտային օպտիկա, բաց քվանտային համակարգեր: Անցնում ենք նաև ոչ մասնագիտական առարկաներ՝ ֆրանսերեն, կոմունիկատիվ հմտություններ, ինչպես նաև լաբորատոր աշխատանքներ: Այս ամենը  դասավանդվում է առաջին կիսամյակում: Երկրորդ կիսամյակը հատկացվում է պրակտիկային: Այն, ինչով հիմա ես զբաղվում եմ, կարելի է անվանել կիրառական մաթեմատիկա: Ես նախագծում եմ էլեկտրոմագնիսկան դաշտ ռեալ մասս-սպեկտրոգրաֆիկ էքսպերիմենտում իրագործելու համար:

 

-Ուսումն արտերկրում շարունակելու մասին որոշումն ինչպե՞ս կայացրիք: Ովքե՞ր աջակցեցին Ձեզ:

 

 - Մի անգամ Պրոֆեսոր Լեղուան (Prof. Leroy) և նրա կինը՝տիկին Փաշայան-Լեղուան (Pashayan-Leroy), սեմինար անցկացրեցին ԵՊՀ-ում, և այդ սեմինարը շրջադարձային դարձավ ինձ համար: Ծրագիրը, որը նրանք ներկայացրին, հետաքրքրեց ինձ, և ես դիմեցի, բայց առանձնապես մեծ հույսեր չունեի: Ի զարմանս ինձ՝ հուլիսին նամակ ստացա, որ ընդունվել եմ և կրթաթոշակ եմ ստանալու: Ֆրանսիա եմ մեկնել սեպտեմբերի 12-ին: Կավարտեմ հունիսի 30-ին: Ինձ բոլոր ադմինիստրատիվ հարցերով աջակցել են պրոֆեսոր Լեղուան, նրա կինը՝Փաշայան-Լեղուան, պրոֆ.Գեղանը (Prof.Guerin), ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտաշխատող Աննա Քոթանջյանը, իմ ընկերը՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և այս ծրագրի շրջանավարտ Նաիրա Գրիգորյանը: Նախնական ֆինանսական և տեխնիկական օգնություն են ցուցաբերել եղբայրներս՝Հունան և Ներսես Մարտիկյանները: Եվ,իհարկե, չեմ կարող չնշել գիտական իմ ղեկավարին՝ Ռուբիկ Պետրոսյանին, ով առաջնորդել է ինձ կյանքիս բոլոր խաչմերուկներում և կյանքիս այս փուլում ևս: Նա ինձ շատ է օգնել իր իմաստուն խորհուրդներով:

 

-Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք նկատել երկու համալսարանների միջև:

 

- Նմանություններից մեկը գնահատման համակարգն է: Առաջին հայացքից դրանք լիովին տարբերվում են: Այստեղ պրակտիկորեն հնարավոր չէ ստանալ 16-ից բարձր միավոր: Սովորել  և լավ գնահատական ստանալ. այս երկու գործողությունների միջև կա անդունդ, որն այստեղ էլ չի փոքրանում: Լավ գնահատականներ ստանալու համար անհրաժեշտ է չսովորել, իսկ սովորելու համար պետք է զոհաբերել լավ գնահատականները: Իսկ տարբերություններից կարելի է նշել հետևյալը. այստեղ ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ է: Մեկ կիսամյակում անցել ենք մոտ 21 առարկա՝ չհաշված լաբորատոր աշխատանքները: Քննությունների կազմակերպման առումով բողոքում էինք ԵՊՀ-ից, բայց շատ իզուր: Մեր քննաշրջանը տևել է մոտ 10 օր: Ամեն օր երկու քննություն ենք ունեցել: Իսկ հետո ևս երկու շաբաթ մոտ 7 լաբորատոր աշխատանք հանձնելու համար: Ես, ինչպես նաև մյուս ուսանողներն այդ շրջանում չէինք քնել մոտ մեկ ամիս և շարունակում ենք նույն տեմպերով: Այնուամենայնիվ, այս ամենն ուներ իր դրական կողմերը: Ծանր և լարված աշխատանքը, անքուն գիշերները կոփում են ուսանողներին, նրանց ավելի են մոտեցնում և համախմբում, սովորեցնում են պայքարել միասին, կռվել միասին, չքնել մեկը մյուսի համար, չքնել իրար հետ, պայքարել մինչև մտքի վերջին լուսավոր շողը և պատրաստում են ավելի ծանր մարտահրավերների: Դրական կողմեր կարելի է գտնել նույնիսկ գնահատման համակարգի անկատարության մեջ: Կյանքն ինքնին անարդար է, և ռեժիմը սովորեցնում է պայքարել արդարության համար: Արդարությունը միշտ հաղթելու է, բայց միայն կռվով, արյան և անքուն գիշերների գնով: Բացի այդ՝ այստեղ դասախոսներն ավելի լուրջ են վերաբերվում իրենց գործին: Դասացուցակով նախատեսվա՞ծ է այս դասը, ուրեմն այն պետք է դասավանդվի՝ անկախ ամեն ինչից: Դասն ինչ-ինչ պատճառներով բա՞ց է թողնվել, ուրեմն այն պետք է լրացվի: Դասախոսը ո՞տքն է կոտրել. մի՛ անհանգստացեք, մենք վիդեո դասընթաց կկազմակերպենք: Չեմ զարմանա նույնիսկ, եթե դասախոսը հիվանդանոցից դասավանդի: Մեր ԵՊՀ-ն ունի հրաշալի դասախոսներ, բայց կա երիտասարդ կադրերի պակաս: ԵՊՀ-ն ադմինիստրատիվ առումով ավելի լավ և ողջամիտ ձևով է կազմակերպում քննաշրջանը: ԵՊՀ-ում դասացուցակն ավելի որոշակի է: Այստեղ համարյա ամեն շաբաթ դասացուցակը թարմացվում և փոխվում էր, բայց մենք անաչառորեն հետևում էինք դասացուցակին: Դիժոնի համալսարանը պարբերաբար հյուրեր է ընդունում ուրիշ համալսարաններից, արդյունաբերական կազմակերպություններից և հնարավորություն է ընձեռում լսելու տարբեր ոլորտներում ընդգրկված մասնագետների: Այստեղ համալսարանն ունի լավ կոլաբորացիաներ մյուսների հետ, ինչը չի կարելի ասել ԵՊՀ-ի մասին: Սա,իհարկե, կապված է ֆինանսների հետ: Ֆինանսների հետ է կապված նաև այն, որ այստեղի ուսանողն, ի տարբերություն ԵՊՀ-ի ուսանողի, կարող է և պետք է մտածի միայն իր ուսման մասին:

 

- Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունեք ապագայի վերաբերյալ:

 

- Նպատակ ունեմ ասպիրանտուրան շարունակել այստեղ իմ ղեկավարի հետ. հուսով եմ՝ կստացվի: Երազանքս, որ գուցե հետո դառնա նպատակ,աշխատել ՔՏԿ-ում (Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն,Սինգապուր) և ավանդ ունենալ քվանտային տեխնոլոգիաների զարգացման մեջ:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: