Այս տարի նույնպես ՀՀ Սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց: ԵՊՀ-ից այս ծրագիրը համակարգվում է ԵՊՀ միջազգային կրթական կենտրոնի կողմից:
Հուլիսի 15-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության՝ արդեն ավանդական դարձած «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի գլխավոր նպատակը ՀՀ սահմաններից դուրս տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց իրենց հայրենիքում համախմբելն ու հայ համայնքներում ազգային ինքնության պահպանումն է: Նախաձեռնությանն այս տարի միացել են 8-ից մինչև 70 և ավելի տարեկան հայեր՝ շուրջ 20 երկրներից ժամանած: Նրանք բաց չեն թողել հայրենիքի կարոտն առնելու հարմար առիթն ու դարձել ամառային դպրոցի մասնակիցներ:
«Սփյուռք» ամառային դպրոցն իրականացվում է վեց ուղղություններով՝ Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում, Սփյուռքի լրագրողների դասընթաց, Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց, Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ, Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց և Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման դասընթաց, որն ավելացել է այս տարի: Դասընթացները վարում են հանրապետության և Սփյուռքի լավագույն մասնագետները:
Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների շրջանակներում այսօր՝ արդեն դասընթացների ավարտին, ծրագրի մասնակիցներին հերթական դասն էր անցկացնում «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Պարուսույցը ժամեր շարունակ մասնակիցներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է «հայերեն» պարել:
Գագիկ Գինոսյանի հավաստմամբ՝ յուրաքանչյուր հայ մարդու համար կարևոր է Սփյուռքում ազգային ինքնության արմատների պահմանման խնդիրը: Յուրաքանչյուր նման այց Հայաստան և առավել ևս շփում սեփական մշակույթի, սեփական գրականության հետ հնարավորություն է մի անգամ ևս վերաձուլվելու իրենց հայրենիքի հետ:
«Այսուհետ պետք է աշխատել որակական ձեռքբերումներ ունենալու ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորինս կարճ ժամանակահատվածում իր արմատները խորացնի և ձեռք բերի նոր հմտություններ, և այս մասնակիցները կարողանան վերադարձից հետո այդ ամենը գոնե մասնավորաբար փոխանցել Սփյուռքի իրենց համայնքի մյուս անդամներին»,- նշեց պարուսույցն ու հավելեց, որ նրանք այս ծրագրից վերցնում են նաև հոգևոր հարստություն:
Հավելենք նաև, որ «Սփյուռք» ամառային դպրոցը կշարունակվի մինչև օգոստոսի 2-ը: Մասնակիցները կշարունակեն իրենց հանդիպումներն ու շրջայցերը հայկական պատմամշակութային վայրերում: