07.11.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է. ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
 ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է. ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանում անցկացված մաթեմատիկայի միջազգային մրցույթում 1 ոսկե և 2 արծաթե մեդալ նվաճած ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3 ուսանողները պատմում են մրցույթի և թիմային հաջողության մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող թիմը հոկտեմբերի 26-31-ն Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանի կազմակերպած մաթեմատիկայի մրցույթից վերադարձել էր 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Առաջին անգամ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 20 երկրի ավելի քան 50 համալսարան:

Մաթեմատիկական միջազգային մրցույթում հաջողություններ գրանցած ուսանողները համակուրսեցիներ են: Թիմի ղեկավարներն են Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ասպիրանտ Ներսես Սրապիոնյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Վազգեն Միքայելյանը:  Թիմի հետ մշտապես աշխատել է Մաթեմատիկայի և մեխանիկայի ամբիոնի դասախոս Կարեն Քեռյանը:

Ոսկե մեդալ նվաճած  գյումրեցի Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ բազմաթիվ մրցույթների և օլիմպիադաների մասնակից է եղել, նվաճել 4 մեդալ, որոնց կողքին ավելացրեց ևս մեկը: Արսենը սովորել է «Ֆոտոն» վարժարանում, իսկ մաթեմատիկա առարկան սիրելի է եղել դեռ դպրոցական տարիներին:
 

Վահագն Ալթունյանը, ավարտելով Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը, ընդունվել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ՝ ավելի խորացնելու և ամրապնդելու գիտելիքները: Այժմ սովորում է երրորդ կուրսում, Ուզբեկստանից վերադարձել է՝ արծաթե մեդալ նվաճած:

 

«Դպրոցական տարիներին միշտ մասնակցել եմ օլիմպիադաների, իսկ այս տարի ամռանը Բուլղարիայում տեղի ունեցած Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում շահել եմ բրոնզե մեդալ»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագնը:

Արծաթե մեդալը Վահագնի նվաճած երրորդ մեդալն է, որին մտադրություն ունի ավելացնելու նորերը. «Շարունակելու եմ նույն  ոգով՝ հաղթանակներս նվիրելով բոլոր նրանց, ովքեր հավատում են ինձ»:

Սևակ Աբրահամյանը ևս վերադարձել է արծաթե մեդալով:   Խոսելով միջազգային մրցույթի  մասին՝ նա նկատեց, որ այն շատ լավ էր կազմակերպված. «Մասնակիցներին տրված էր հինգ խնդիր, որոնք դասավորված էին աճման կարգով՝ ըստ բարդության»:

 

Սևակն ասաց, որ  թիմի հաջողության գրավականն աշխատասիրությունն ու նվիրվածությունն էր. «Շնորհիվ թիմային պատրաստվածության՝ այս մրցույթում ԵՊՀ-ն մոտ 50 համալսարանների շարքում լավագույն եռյակում էր»:

Ապագա մաթեմատիկոսները պատմեցին, որ մրցույթից առաջ շրջել են քաղաքով, ծանոթացել տեսարժան վայրերին, շփվել մրցակիցների հետ և նրանց պատմել Հայաստանի մասին:

 
Մեդալակիրներին ոգևորությամբ դիմավորել են համալսարանականները, ընկերներն ու հարազատները:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ԻՏԱԼԵՐԵՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ-ում Իտալիայում արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոյին իր աշխատասենյակում հյուրընկալեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«ՀԱՅԵՐԸ ԵՎ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՇԱՏ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ». ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
Ջուն Յամադայն այսօր հանդիպել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: