12.04.2018 | 
Կրթություն
«ԵՍ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ, ՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԼՈԿԱԼԱՑՄԱՆ ՏԱՆԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«ԵՍ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ, ՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԼՈԿԱԼԱՑՄԱՆ ՏԱՆԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Այս նախագիծը ողջունելի է և խիստ արդիական, նույնիսկ փոքր ինչ ուշացած: Սակայն նախագծում կան կետեր, որոնք շտկման և որոշակի փոփոխության են ենթակա»,-այսօր մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագծին, նման տեսակետ հայտնեց ԵՊՀ մանկավարժության և զարգացման կենտրոնի դոցենտ Արմինե Աշիկյանը:

Անդրադառնալով այլ բանախոսների դիտարկումներին՝ նա նշեց, որ հանրության  քննարկմանը ներկայացված բոլոր նախագծերն էլ ունենում են որոշակի թերություններ:   

 

«Մեր երկիր սերունդների համար «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի մեթոդական աշխատանքների բարելավմանն ուղղված այս նախագիծը կարևոր է, այն ձևավորելու է հայրենիքը պաշտպանելու, ինչպես նաև ինքնապաշտպանվելու հմտություններ: Այսօր տղաների 18 տարին լրանալուց հետո ուղարկում են բանակ, իսկ նրանք զենքը բռնելու ձևը չգիտեն: Իմ կարծիքով, այս նախագծի կիրառումը կլրացնի այդ բացը, մեր տղաները դեռևս դպրոցական տարիքից պետք է իմանան, թե ինչպես պաշտպանել հայրենիքը: Վատ չէր լինի, որ մենք էլ Իսրայելի նման բարձր հիմքերի վրա դնենք ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը»,- նկատեց բանախոսը:

 

Ըստ Ա. Աշիկյանի՝ մեր հասարակությունն ունի համախմբվելու մեծ կարողություն, բայց այս համախմբման ձևավորման փուլում չունի լավ պատրաստվածության մակարդակ: «Նախագիծը պետք է նոր սերնդի համար այդ կարողությունների նախապատրաստական շեմը ապահովի:  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի մեթոդական պատրաստվածության առումով դեռ շատ բացեր ունենք: Պետք է բարձրացնենք նաև առարկայի տեսական  և գործնական գիտելիքների մակարդակը, որպեսզի բոլոր հնարավոր տարբերակներում գալիք սերունդը կարողանա ինքնադրսևորվել: Կարծում եմ, որ ճիշտ չէր լինի, եթե նախարարությունը մշակեր միայն «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի բարելավման հայեցակարգ, այս նախագիծն ավելի մեծ խնդիրներ է նախատեսում լուծել»,- կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոսը:

 

Բանախոսը, անդրադառնալով նախագծի այն կետին, որտեղ օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելը դիտվում է որպես մարտահրավեր, նշեց, որ այս կետի հետ համաձայն չէ: «Ես մտավախություն ունեմ, որ այն հասարակությանը լոկալացման տանելու միտում ունի: 21-րդ դարում եթե ուզում ենք կայանալ և աշխարհում հանդես գալ որպես ինքնիշխան, իրավական և անկախ պետություն, ոչ միայն պետք է հենվենք ազգային արժեքների վրա, այլև պետք է միանշանակ հաղորդակից լինենք համամարդկային արժեքներին: Յուրաքանչյուր պետության հիմքն ազգային և համամարդկային արժեքների ներդաշնակությամբ է պայմանավորված»,- ասաց նա:

 

Նշենք, որ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը ԿԳ նախարարության կողմից ներկայացված է հանրային քննարկման։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Հայոց ցեղասպանության առջև օրեցօր ծառացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում հարցին տիրապետող, բանիմաց երիտասարդ մասնագետներին:
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի պաշտոնական բացումը: