22.05.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ERASMUS+»-Ի ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՇԱԲԱԹԻՆ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ERASMUS+»-Ի ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՇԱԲԱԹԻՆ
Մայիսի 6-12-ը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն վարիչ Արմեն Թռչունյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ, դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանն այցելել են Գերմանիա:

Համալսարանականները «Erasmus+» ծրագրի շրջանակում այցելել են Սաարլանդի համալսարան, որտեղ մասնակցել են ծրագրի մասնակից  համալսարանների անձնակազմի վերապատրաստման շաբաթին:

 

«Սաարլանդի համալսարանը «Erasmus+» ծրագրի ակտիվ մասնակից է: Գերմանական համալսարանի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի և այսօր էլ ակտիվորեն շարունակում է: Ծրագիրն ի սկզբանե նախատեսում էր դասախոսների, ուսանողների և ասպիրանտների փոխանակում երկու մասնագիտությունների գծով՝ «քիմիա» և «բույսերի կենսատեխնոլոգիա»»,- փաստում է Արմեն Թռչունյանը և հավելում, որ նպատակ կա ընդլայնել փոխգործակցության շրջանակը:

 

Նշենք, որ անցյալ տարի նույնպես ԵՊՀ կենսաբանության և քիմիայի ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և դոցենտներ ուսանել ու գործնական պարապմունքներ են անցկացրել Սաարլանդի համալսարանում, իսկ այս տարի գործընկեր համալսարան են մեկնել 4 ուսանող և երկու ասպիրանտ: Ներկայումս շարունակվում է ծրագրում ընդգրկված գործընկեր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների փոխայցելությունները համալսարաններ:

 

«Բնականաբար փոխանակման ծրագրերը ձևական բնույթ չեն կրում: Առաջատար մի շարք բուհերի հետ պրոֆեսորների մակարդակով համագործակցություն է ծավալվում, փոխայցելություններ են կազմակերպվում, ինչը շատ կարևոր է հետագա ծրագրերի մշակման և ծրագրման համար: Փոխգործակցության լավագույն դրսևորում կարող է լինել կրկնակի դիպլոմների կրթական ծրագրերի իրականացումը, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են իրականացվում»,- ասում է պրոֆեսոր Թռչունյանը:

 

Այցի շրջանակում ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցել են «Erasmus+» կրթական ծրագրերի կարգավորումներին, մասնակցության ապահովման, կատարելագործման և ռազմավարական այլ խնդիրներին նվիրված քննարկումներին: Հանդիպումների նպատակը մեկն էր՝ դինամիկ զարգացում ապահովել յուրաքանչյուրի ծրագրի շրջանակում ստեղծված համագործակցության համար:

 

Արթուր Իսրայելյանը, ով հիմնականում զբաղվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ «Erasmus+» ծրագրերում արդյունավետ մասնակցության հարցերով, վստահ է՝ նոր փորձառությունը թույլ կտա ավելի վստահ աշխատել միջազգային ծրագրերի շրջանակում:

 

«Արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ «Erasmus+» ծրագրին դիմելու կազմակերպչական աշխատանքներով: Ուսանողների հետ միասին ընտրում ենք առարկաների այն ցանկը, որը պետք է ուսումնասիրվի միջազգային կրթական ծրագրի շրջանակում, որպեսզի խուսափենք կրկնություններից  և ապահովենք բարձր արդյունավետություն»,- նշում է Ա. Իսրայելյանը և ավելացնում, որ փոխգործակցություն է նախատեսվում նաև ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի հետ:    

 

Համալսարանականները հանդիպել են նաև Սաարլանդի հայ ուսանողների հետ, ծանոթացել նրանց աշխատանքներին, առօրյային ու տպավորություններին: ԵՊՀ դասախոսները շեշտում են, որ գերմանացի պրոֆեսորները գոհ ու տպավորված են նրանց թե՛ վարքից, թե՛ կրթական պատրաստվածության մակարդակից և թե՛ գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրություններից:

Այլ նորություններ
ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ» ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑԻՆ
2018 թ. հոկտեմբերի 19-21-ը Դիլիջան քաղաքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի կողմից համատեղ կազմակերպվել էր «Փախստականների իրավունք» խորագրով 8-րդ դպրոցը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր հերթական մարզային այցելությունը: Այս անգամ ԵՊՀ դասախոսական անձնակազմն աշակերտների հետ հանդիպումն անցկացրել է Չարենցավանի ավագ դպրոցում: