11.04.2018 | 
Կրթություն
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ իրավագիտության, սոցոլոգիայի, ժուռնալիստիկայի, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելել են Վաղարշապատի թիվ 4 ավագ դպրոց Մայր բուհի կրթական ծրագրերը և ֆակուլտետները ներկայացնելու համար:

ԵՊՀ  մինչհամալսարանական կրթության վարչությունը պարբերաբար կազմակերպում է մարզային այցելություններ, որոնց նպատակն է  նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:  Նշենք, որ ԵՊՀ դասախոսների այցելությունները դեպի մարզերի ավագ դպրոցներ շարունակական բնույթ են կրելու:

 

Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց էին այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի պատմության ու տեսության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյան, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Սահակյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մուրադյանը և նույն ամբիոնի դասախոս Մարիամ Խաժակյանը:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի պատմության ու տեսության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն աշակերտներին ներկայացրեց իրավագիտություն մասնագիտության նրբություններն ու առավելությունները:

 

«Քանի դեռ պետությունում  գործում են օրենքներ, ուրեմն իրավագետի մասնագիտությունը աշխատաշուկայում պահանջված է լինելու»,- հավելեց Պետության և իրավունքի պատմության ու տեսության ամբիոնի վարիչը:

 

Բանախոսն աշակերտներին խորհուրդ տվեց՝ ինչպե՞ս ընտրել ապագա մասնագիտությունը: «Մասնագիտության ընտրությունը մարդիկ կատարում են սրտով և բանականությամբ, ճիշտ կլինի, որ դուք այդ երկուսն էլ գործի դնեք: Այն մասնագիտությունը, որը դուք  ապագայում ընտրելու եք, պետք է սիրեք: Սակայն շատ կարևոր է նաև  բանականությունը, քանի որ հնարավոր է դուք շատ եք սիրում մի մասնագիտություն, որն աշխատաշուկայում պահանջարկ չունի, դրա համար մասնագիտության ընտրության հարցում ճիշտ է խորհրդակցել ծնողների և ուսուցիչների հետ»,-հավելեց Ա. Վաղարշյանը:

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը Վաղարշապատի թիվ 4 ավագ դպրոցում աշակերտների հետ հանդիպման ընթացքում զրուցեց լրատվամիջոցներ դերի, լրագրողի մասնագիտության առջև կանգնած մարտահրավերների և դրանց դիմակայելու հնարավորությունների մասին:

 

«Այսօրինակ զրույցներն օգնում են աշակերտներին կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում, իսկ Մայր բուհի համար այս հանդիպումները կարևոր են, քանի որ դրանք նպաստում են դիմորդների շարժին դեպի ԵՊՀ: Մենք այսօր պայմանավորվեցինք, որ աշակերտներից ոմանք կայցելեն ԵՊՀ և տեղում կծանոթանան Մայր բուհի գործունեությանը: Դպրոցականները մեծ պատրաստակամություն հայտնեցին Մայր բուհ այցելել դիմորդների հետ հանդիպման օրը՝ ապրիլի 27-ին »,- մեզ հետ զրույցում ասաց  Ն. Մարտիրոսյանը:

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանն էլ հանդիպման ընթացքում աշակերտներին տեսահոլովակների և տեսապատկերների միջոցով ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը: Նրա խոսքով՝ այս տեսապատկերները և տեսահոլովակները շատ գայթակղիչ են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ դիմելու համար:

 

 

«Աշակերտներին նաև ներկայացրինք աշխատաշուկայում սոցիոլոգի և սոցաշխատողի մասնագիտությունների պահանջարկը, որը նրանց շատ էր հետաքրքրում:  Բոլոր դպրոցականներն էլ ցանկանում են ընտրել այնպիսի մասնագիտությունը, որն արդիական է և պահանջված»,- հավելեց Ա. Սահակյանը:

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Գայանե Մուրադյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետում վերջերս կատարված ծրագրային փոփոխությունները:

 

«Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում  ուսանողն այսուհետ հավասարապես ուսումնասիրելու է երկու օտար լեզու՝ շեշտը դնելով հաղորդակացական հմտությունների ձևավորման վրա: Այդ փոփոխությունները կատարվել են աշխատաշուկայի պահանջներին համահունչ: Դիմորդն անկախ նրանից, թե ընդունելության համար ինչ օտար լեզու է ընտրել, ուսանելու տարիներին հավասարաչափ դասաժամերով առաջին օտար լեզվի հետ համատեղ սովորելու է նաև իր նախընտրած երկրորդ օտար լեզուն»,- ներկայացրեց Գ. Մուրադյանը:

 

                                                                                    Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Հայոց ցեղասպանության առջև օրեցօր ծառացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում հարցին տիրապետող, բանիմաց երիտասարդ մասնագետներին:
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի պաշտոնական բացումը: