24.11.2017 | 
Հասարակություն
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅՑԸ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅՑԸ
2016 թ.-ին ԵՊՀ իրավաբանական կլինիկայի մի շարք ուսանողների ակտիվ մասնակցությամբ նախաձեռնվել և հայց է ներկայացվել ընդդեմ «Յուքոմ» ՍՊԸ-ի:

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողներ Աննա Հարությունյանը, Սրբուհի Գրիգորյանը, Ժաննա Հակոբյանը, Հարություն Հովհաննիսյանը, Մերի Բադալյանը, Մերի Մամիկոնյանը, Ջանիկ Իվանյանը և Նարինե Թորոսյանը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու  Գրիգոր Բեքմեզյանի գլխավորությամբ, «Յուքոմ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել՝ պայմանագրային պարտավորությունների կատարման և բաժանորդային վճարի համաչափ նվազեցման պահանջներով:

 

Սույն գործով ուսանողները գտնում են, որ «Յուքոմ» ՍՊԸ-ն իրավունք չունի սահմանափակելու Անգլիայի պրեմիեր լիգայի խաղերի հեռարձակումը «Матч ТВ» սպորտային ալիքներով և պարտավոր է հատուցել սահմանափակման արդյունքում պատճառված վնասները:

 

Շուրջ 1 տարի տևած դատական գործընթացից հետո՝ 2017 թ.-ի նոյեմբերի 17-ին, դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն՝ պարտավորեցնելով «Յուքոմ» ՍՊԸ-ին նվազեցնել բաժանորդային վճարը՝ սկսած 2016 թ.-ի օգոստոս ամսից մինչև վճռի փաստացի կատարումը: Դատարանը գտել է նաև, որ այլ հեռուստաընկերության խաղերի ցուցադրման բացառիկ իրավունքի պայմաններում «Յուքոմ» ՍՊԸ-ն կարող է ունենալ սահմանափակման հնարավորություն: Ներկայումս ուսանողներն ուսումնասիրում են վճիռը և քննարկում այն բողոքարկելու հնարավորությունները:

 

Նշենք, որ Իրավաբանական կլինիկան (Ուսանողական իրավաբանական խորհրդատվության կենտրոն) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում է, որը 1999 թվականից ի վեր ուսանողների միջոցով անվճար իրավաբանական ծառայություններ է տրամադրում սոցիալապես անապահով քաղաքացիներին քրեական, քաղաքացիական, վարչական, առողջապահական և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտներում:

 

Իրավաբանական կլինիկայի գործունեության նպատակներին համապատասխան՝ ուսանողներն այստեղ քաղաքացիների անձնական շահերի պաշտպանության  նպատակով դիմումներ, հայցադիմումներ, ՄԻԵԴ գանգատներ կազմելուց և  դատական ներկայացուցչություն իրականացնելուց բացի՝ նմանօրինակ նախաձեռնությունների միջոցով ձեռնամուխ են լինում նաև հասարակության հավաքական շահերի պաշտպանությանը:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: