12.05.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՆՈՐՈՎԻ
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՆՈՐՈՎԻ
Աբովյան 43 հասցեում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ աստղադիտարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արման Մալխասյանը, Արթուր Իսրայելյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, ֆակուլտետի դասախոսներ, ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: 

 

 

Ներկաներին ողջունեց ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

 

Խոսելով աստղադիտարանի՝ նախկինում եղած ոչ բարվոք վիճակի մասին՝ Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց այնտեղ կատարված աշխատանքները. վնասված իրերի նորոգում, սենյակների վերանորոգում, կահավորում, որոնք կատարվել են ինչպես անձնական միջոցներով, այնպես էլ ԵՊՀ-ի ջանքերով:

 

Աշոտ Մելքոնյանն անդրադարձավ ԵՊՀ աստղադիտարանում դպրոցականների համար պարբերաբար կազմակերպվող անվճար դասընթացներին, որոնք նպաստում են «Ֆիզիկա» առարկայի ուսումնասիրմանը, մասնագիտական կողմնորոշմանը:

 

 

«Դասընթացների նպատակն է վերականգնել «Ֆիզիկա» առարկայի հանդեպ եղած հետաքրքրությունը և, իհարկե, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը,- ասաց պարոն Մելքոնյանն ու մտահոգությամբ արձանագրեց,- «Կրթություն և կարիերա Expo 2021»-ի ընթացքում, ուսումնասիրելով աշակերտների հետաքրքրվածությունը «Ֆիզիկա» առարկայի հանդեպ, ես համոզվեցի, որ շատերն ուղղակի անտարբեր են: «Արհեստական բանականություն», «Ռոբոտաշինություն», բայց ոչ «Ֆիզիկա». այն հիմնարար դերը, որ ֆիզիկան ունի բնական գիտությունների զարգացման գործում, շարունակում է խղճուկ վիճակում մնալ»:

 

Նրա համոզմամբ, խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ ֆիզիկան՝ որպես բնական գիտությունների հիմք, պետական հոգածություն, հովանավորություն և ֆինանսավորում ստանա: 

Անդրադառնալով հետագա աշխատանքներին՝ Ա. Մելքոնյանը, այնուամենայնիվ, նշեց, որ աստղադիտարանի խնդիրները ոչ ամբողջական են լուծվել:

 

 

«Մեր նպատակն է ԵՊՀ աստղադիտարանը դարձնել աշակերտների, ուսանողների, հասարակության, ֆիզիկայի, աստղաֆիզիկայի գովազդման տարածման նորովի օջախ: Աստղադիտարանի հիմնական գործառույթը լինելու է «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ ուսանողների լաբորատոր և գործնական պարապմունքների կազմակերպումը,- նշեց ԵՊՀ աստղադիտարանի տնօրենն ու ասաց, որ այս առումով կարևոր է նաև թանգարանի բացումը,- «Գիտության թանգարան», որի սաղմերն արդեն դրված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ կնքված համագործակցության պայմանագրի արդյունքում»:

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այսուհետ ԵՊՀ աստղադիտարանը նորովի կներկայանա հանրությանը. «Առ այսօր ԵՊՀ աստղադիտարանը հայտնվել էր լուսանցքում, բայց նոյեմբերին կատարված բարեփոխումների շնորհիվ այն բավականին բարվոք տեսք է ստացել, ինչի արդյունքում  պատրաստ է իրականացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնք կնպաստեն «Ֆիզիկա» մասնագիտության զարգացմանը»:

 

Դեկանի խոսքով, ԵՊՀ աստղադիտարանը կահավորման, նոր սարքավորումների կարիք ունի, որն ապագայում ևս լուծում կստանա:

 

Նշենք, որ միջոցառման ավարտին ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ու ներկաները շրջայց կատարեցին՝ ծանոթանալով իրականացված աշխատանքներին:

 

 

 
Անգին Խաչատրյան
Այլ նորություններ
«ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՊՐԻ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է
ԵՊՀ պատվիրակությունը՝ ի դեմս ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի, երկօրյա այցով Արցախում է, որի ընթացքում նախատեսված են միջոցառումներ և հանդիպումներ։
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ ԵՆ. ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր իր հաջողության պատմությունը ներկայացրեց իրավագիտության մագիստրոս, Մյունխենի խորհրդատվական ընկերության իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Լաուրա Պետրոսյանցը: