24.05.2018 | 
Կրթություն
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՐՁՆԵԼՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԼԻՆԻ, ԲԱՅՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՅԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ Tert.am ԿԱՅՔԻՆ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՐՁՆԵԼՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԼԻՆԻ, ԲԱՅՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՅԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ  Tert.am ԿԱՅՔԻՆ
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը միայն կողջունի:

Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ, ցավոք սրտի, համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ Հայաստանից հարուստ երկրները դա չեն կարողանում անել: Նա օրինակ բերեց ՌԴ-ին, որը գնալով նույնիսկ կրճատում է պետպատվերով տեղերը՝ ավելացնելով վճարովին:

«Բուհերը կողջունեն բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը, իդեալական կլինի, եթե մենք հնարավորություն ունենանք դա անելու, այսինքն՝ պետությունը բեռը վերցնի իր վրա՝ կրթության ծախսերից ազատի ուսանողներին: Դա հոյակապ կլինի, ինչպես օրինակ Սկանդինավյան երկրներում է, Դանիայում, մասնակի նաև Գերմանիայում: Բայց, ցավոք սրտի, այս պահին փաստը ցույց է տալիս, որ նույնիսկ տնտեսապես ավելի զարգացած երկրները չեն կարողանում դա անել: Թե ինչպես կլինի, չեմ կարող ասել, գուցե նոր իշխանությունները հնարավորություն ունենան ինչ-որ ծրագիր մշակել»,-ասաց նա:

ԵՊՀ ռեկտորը գտնում է, որ բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու ժամանակ ինչ-որ մեկը պետք է վճարի՝ աշխարհում անվճար բան չկա: Նա հիշեց հայտնի ասացվածքը, որ «ձրի պանիրը միայն թակարդում է լինում»: Սիմոնյանի կարծիքով՝ պետք է վճարի կա՛մ պետությունը, կա՛մ մասնավոր աղբյուրները, կա՛մ ուսանողները:

«Կարծում եմ՝ կատարյալ կլիներ, եթե պետությունը վճարեր, հնարավոր եմ համարում, որ լինեն նաև ֆոնդեր, որոնք այս ծախսն իրենց վրա կվերցնեն: Չեմ թաքցրել տեսակետս ու միշտ ասել եմ, որ ուսանողի կողմից վճարելն ամենավատ տարբերակն է, բայց ստիպված ենք, որովհետև տնտեսական զարգացման ցուցանիշները հնարավորություն չեն տվել, որ պետությունը դա անի։ Իսկ մեր բիզնեսն ու մասնավոր ֆոնդերն այդ հնարավորությունները չունեն, եթե ինչ-որ չափով էլ ունեն, այնուամենայնիվ դա չեն անում, որովհետև դրա մշակույթը մեզանում ձևավորված չէ»,- նշեց ռեկտորը:

Անկախ ամենից՝ Արամ Սիմոնյանը կարծում է, որ պետք է այնպես գործել, որ բուհերը չտուժեն, այսինքն՝ փոխհատուցվեն բուհերի կատարած ծախսերը՝ աշխատավարձը, որը, ըստ Սիմոնյանի, պետք է լինի հնարավորինս բարձր, սարքավորումների, գույքի, բուհի բնական գործունեությանը համար նախատեսված ծախսերը:

Նա բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու ճանապարհներից մեկը տեսնում է և՛ պետական, և ՛ մասնավոր բուհերի թիվը կրճատելով:

«Կարելի է գնալ բուհերի խոշորացման ճանապարհով, բուհերի մասնագիտացման ճանապարհով սկսել, այսինքն՝ ամեն մի բուհ իր խնդիրն ունենա: Որովհետև մրցակցությունը մրցակցություն, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մրցակցությունը երկրի ներսում անվերջ չի կարելի ընդլայնել, օրինակ՝ Հոլանդիայի ԿԳՆ-ն ու մասնագետները գտնում են, որ ներսում չի կարելի անվերջ զարգացնել մրցակցությունը, պետք է ներսում ուժեղանալ՝ նաև իրար օգնելով, որ մասնագիտական առումով կողմնորոշվեն, որ կարողանան մրցակցել դրսի բուհերի հետ: Մեզ մոտ շատ է բուհերի քանակը, քանի որ մենք մասնավորն ու պետականը միասին վերցրած այնքան բուհ ունենք, ինչքան Սկանդինավյան 3 երկրները՝ Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան միասին վերցրած չունեն»,- ընդգծեց Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը գտնում է, որ ծրագիր պետք է մշակել, բայց չի կարծում, որ այս պահին պետությունն ունի այդ հնարավորությունը: Նրա խոսքով՝ բարձրագույն կրթության անվճար դարձնելուն կարելի է հասնել մասնակի կամ աստիճանաբար:

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին:
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ
«Կան մի շարք մասնագիտություններ, որ սպասարկում են ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ոլորտներ»: