29.05.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՐՑԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՐՑԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը մի շարք պահանջներով սկսել է բողոքի ակցիաներ իրականացնել: Օրակարգային և մի շարք այլ հարցերի վերաբերյալ քննարկում անցկացնելու համար ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է նրանց հետ և պատասխանել հարցերին:

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտորը ողջունեց մասնակիցներին և ասաց, որ ինքը և պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը և Գեղամ Գևորգյանը պատրաստ են երկխոսության և կպատասխանեն նրանց հուզող բոլոր հարցերին:

 

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման առաջարկը ընդունելու համար և մասնակիցներին հորդորեց հարցերը ձևակերպել հնարավորինս սեղմ՝ մեկ րոպեի սահմանում. «Յուրաքանչյուրը կարող է երեք հարց տալ: Կխնդրենք, որ պատասխաններն էլ լինեն երկու րոպեի սահմանում, որպեսզի հնարավորություն ունենանք լսելու բոլորին»:

 

Ուսանողներից առաջինը հարցի հնարավորություն ստացավ Պատմության ֆակուլտետի ուսանող Մոնթե Մաթևոսյանը. «Պարո՛ն ռեկտոր, ինձ շատ է հետաքրքրում՝ երբ հեղափոխության օրերին համալսարանի դռներն ուսանողների առաջ փակվում էին, երբ տարկետման դեմ պայքարի ժամանակ ուսանողների առաջ դռները փակվում էին, որևէ քայլ ձեռնարկվե՞լ է, թե՞ ոչ: Եվ երբ ամսի 18-ին, այսպես կոչված, կարմիր բերետավորները ուսանողներին համալսարանական տարածքից բերման էին ենթարկում, և երբ այնտեղ կանգնած էր մեր պրոռեկտորներից մեկը, որևէ քայլ ձեռնարկվե՞լ է: Արդյո՞ք իրավաչափ է, արդյո՞ք օրենքի սահմաններում է ուսանողներին համալսարանական տարածքից բերման ենթարկելը»:

 

Արամ Սիմոնյան. «Մենք միշտ ասել ենք, հայտարարել ենք մինչև դա և դրանից հետո էլ այն կարծիքին ենք, որ ոստիկանությունն իրավունք չունի մուտք գործելու ԵՊՀ-ի  տարածք: Ես բազմիցս դրա մասին նշել եմ: Ոստիկանությունը, գուցե հենց կարմիր բերետավորները, չգիտեմ, ես չեմ տեսել, իրավունք չունեին համալսարանի տարածքում գործողություններ իրականացնելու առանց մեր թույլտվության: Մենք միշտ դրան դեմ ենք եղել, և ընդգծում եմ՝ միշտ արտահայտվել ենք: Ոստիկանն իրավունք չունի մտնելու ԵՊՀ-ի շենքեր՝ առանց դրա համար հատուկ թույլտվություն ունենալու: Ինչ վերաբերում է դռները փակելու խնդրին, նախ եղել են դեպքեր, երբ մենք փակել ենք համալսարանի  դռներից: Ինչո՞ւ: Մի պահ պատկերացրեք համալսարանի ղեկավարության վիճակը, երբ օրական 20-25 հազար մարդ մուտք ու ելք է անում համալսարան այն վիճակում, երբ մեր ուսանողների և աշխատակիցների անվտանգության ապահովումը ոչ բարձր մակարդակի վրա է, երբ հնարավոր է, որ որևէ անհավասարակշիռ մարդ, որևէ մեկը, ով բացարձակ կապ չունի համալսարանի կամ որևէ մի շարժման հետ և փորձի որևէ վտանգավոր միջոց ձեռնարկի, ընդհուպ տեռորիստական ակտ իրականացնելը, ի՞նչ եք կարծում, կարիք չկա՞ այդպիսի դեպքերում մեկ կամ մի քանի դուռ փակել: Ես կարծում եմ, որ նման դեպքերում կարելի է դուռ փակել, որովհետև, կրկնում եմ, որ անվտանգությունը մեզ համար առաջնային է, և ձեզանից ոչ մեկը չի կարող հաստատապես ասել, որ այդ անվտանգության խնդիրներն այնքան բարձր մակարդակի վրա են, որ մենք նման նախադեպեր չենք կարող ունենալ: Իսկ ընդհանրապես համալսարանի ոչ մի դուռ փակ չի լինում: Համալսարանն ազատ տարածք է, ինձ մոտ ցանկացած ուսանող, աշխատակից, դրսից յուրաքանչյուր ոք գալիս և անարգել մտնում է: Ընդ որում՝ շատ հաճախ գալիս են նաև անհավասարակշիռ մարդիկ, նույնիսկ վտանգավոր պահեր են եղել, և այդ ամենից խուսափելու համար, բացառապես զգուշությունից ելնելով է, որ փակվել են որոշ դռներ»:

 

Մոնթե Մաթևոսյան. «Ես ևս մեկ հարց ունեմ՝ համալսարանի դռները փակ լինելու հետ կապված: Երբ մեր ընկերներից մեկը՝ Գեղամը, ուսանողական քարտով մոտենում է ԵՊՀ մասնաշենքին՝ մուտք գործելու նպատակով, նրան չեն թույլատրում: Խոսքն ամսի 18-ի դեպքերին է վերաբերում: Դա՞ ինչով է պայմանավորված»:

 

Արամ Սիմոնյան. «Բացարձակապես չեմ պատկերացնում՝ խոսքն ինչի մասին է»:

 

Մոնթե Մաթևոսյանի հարցադրումը կոնկրետացրեց անձամբ ինքը՝ Պատմության ֆակուլտետի ուսանող Գեղամ Ասատրյանը.  «Խոսքը վերաբերում է ապրիլի 18-ին, երբ «Պոպլավոկ»-ի տարածքից 20-30 ուսանողներով եկանք համալսարանի բակ՝ մեզ իբրև պաշտպանված զգալու: Համալսարանի բակում 20-30 ակտիվիստ-ուսանող կար, հեղափոխության մասնակից, 30-40 ոչ ակտիվիստ-ուսանողներ էլ կային: Եվ երբ կարմիր բերետավորները համալսարանի որոշ ղեկավարների աչքի առաջ մուտք գործեցին տարածք, սկսեցին, ներողություն բառիս համար, «բռնոցի խաղալ» ուսանողների հետ, ես ինքնապաշտպանության բնազդով ուսանողական քարտս ցույց տալով՝ ԵՊՀ մուտքերից մեկով, ավելի կոնկրետ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնաշենքով փորձեցի մուտք գործել, ինձ չթողեցին: Ես դրա հետ կապված ուզում եմ պարզաբանում ստանալ»:

 

Արամ Սիմոնյան. «Ես արդեն ասացի, հիմա մեկ անգամ էլ եմ կրկնում: Կարմիր բերետավորները երբեք չեն ենթարկվել և ենթարկվում համալսարանի ղեկավարությանը: Համալսարանի ղեկավարությունը հստակ դիրքորոշում ունի ոստիկանությանը տարածքում չտեսնելու կամ ոստիկանությանը տարածք մտնել արգելելու հարցում: Մենք դա ասել ենք: Իսկ թե ոստիկանությունն ինչ է իրականացրել, դրա պատասխանատուն ես չեմ: Նախ դուք տեսնում եք, որ մեր տարածքը բաց է: ԵՊՀ-ի տարածքը երբեք փակ չի եղել, այն հասարակական այգի է: Եղել են առաջարկություններ տարածքը փակելու, ցանկապատելու համար, բայց ես խիստ դեմ եմ եղել, որովհետև գտնում եմ, որ համալսարանի տարածքը չի կարող փակվել, թեև աշխարհի շատ համալսարաններում տարածքները փակ են ու հատուկ անցաթղթեր են գործում: Ես գտնում եմ, որ ԵՊՀ-ի տարածքը բաց պիտի լինի բոլորի առաջ: Ավելին՝ մենք ստորաբաժանումներ ունենք, որոնք բաց են, և ցանկացած մարդ դրսից կարող է գալ և մտնել, օրինակ, Ռուսական կենտրոն, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, մեր ստարտափ լաբորատորիաները, որոնք 24 ժամ աշխատում են: Հիմա ձեզ ինչու չեն թողել, վատ են արել, բայց ես դրա պատասխանատվությունը չեմ կարող ինձ վրա վերցնել»:

 

 

Գեղամ Ասատրյան.  «Պարո՛ն Սիմոնյան, ոստիկանության գործողությունների համար ես ձեզանից պատասխան չեմ էլ ակնկալում, ես ընդամենը ԵՊՀ անվտանգության աշխատակցի գործողությունն եմ արձանագրում: Երբ մենք եկանք, դուռը, որ բաց պետք է լիներ, փակ էր: Ես հանեցի իմ ուսանողական տոմսը, և նորից ինձ չթողեցին այն պարագայում, երբ 40-50 հազար դրամ աշխատավարձ ստացողն առհասարակ շահագրգիռ չէր դուռ փակել ուսանողի առաջ»:

 

Արամ Սիմոնյան. «Կոնկրե՛տ ասեք, թե որ աշխատակցի մասին է խոսքը, որ ես զբաղվեմ այդ հարցով, որովհետև ես, ցավոք սրտի, այդ մասին տեղյակ չեմ»:

 

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյան. «Պարո՛ն Սիմոնյան, ես ուզում եմ ցիտել ընդամենը 3 րոպե առաջ արած արտահայտությունը, որ ես չեմ տիրապետում: Դուք շատ ճիշտ եք, Դուք չեք տիրապետում իրավիճակին»:

 

Արամ Սիմոնյան. «Ես չեմ ասել, թե չեմ տիրապետում իրավիճակին: Խնդրում եմ բառերը ճիշտ օգտագործել»:

 

Վահան Կոստանյան. «Դուք ասել եք, որ չեք տիրապետում դեպքին»:

 

Արամ Սիմոնյան. «Ես ասել եմ, որ չեմ տիրապետում տվյալ դեպքի լուրին, բայց դա չի նշանակում, որ ես իրավիճակին չեմ տիրապետում»:

 

Վահան Կոստանյան. «Այստեղ հավաքված մարդիկ կարող են փաստել, որ Դուք որևէ դեպքի, որը կապված է ուսանողի ազատ արտահայտման հետ, ուսանողի կրթության որակի բարձրացման հետ, չեք տիրապետում: Հիմա անդրադառնամ մի քանի հարցերի: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս եք Դուք ձեզ զգում այս պահին՝ նստած այն մարդկանց կողքին, որոնց որակել եք որպես «Սորոսի շպիոններ»: Ինչպե՞ս եք Դուք վերաբերում նրան, որ «Բաց հասարակություններ հիմնադրամներից» ԵՊՀ-ն ստացել է շուրջ 1.5 մլն դոլարի գրանտ, կատարվել են ծրագրեր, դրանցից մի մասը վատ են կատարվել, և Դուք դրանից հետո ձեզանից ձախ նստած պատկառելի երիտասարդին փորձում եք մեղադրանքներ ներկայացնել: Հաջորդը՝ Դուք ասում եք, որ Դուք որդեգրել եք քաղաքականություն, որ ոստիկանությունը ԵՊՀ-ում տեղ չունի: Ես չեմ ուզում խոսել Ձեր որդեգրած այդ քաղաքականության օրինական հիմքերի մասին, որոնք առնվազն կարելի է քննարկել, բայց ուզում եմ փաստել, որ Դուք, չընդունելով ոստիկանության լինելը ԵՊՀ-ում, դեմ մնալով կողմ եք, երբ որ տարկետման դեմ ակցիաների ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանները հետապնդում էին ինձ ու մեր ընկերներին ԵՊՀ մասնաշենքերում, երբ բացի քաղաքացիական ոստիկանության ծառայությունից՝ ձեր շատ մոտ շրջապատի անձիք, ծառերի հետևից ծիկրակելով, մեր հետևից վիդեոներ էին անում, երբ մարդիկ հացադուլի մեջ նստած էին, Դուք որևէ անգամ չփորձեցիք գնալ նրանց մոտ և հասկանալ՝ ինչ է կատարվում: Իսկ այսօր, չգիտես ինչու,  որոշեցիք ընդունել ու ասում եք, որ երբեք որևէ խնդիր չի եղել, որ ուսանողները դիմեն ինձ, և այդ հարցերը քննարկման չենթարկվեն: Այն մասին, որ ասում եք՝ փակ դռներ չկան ԵՊՀ-ում: Այո՛, այսօր փակ դռներ չկան ԵՊՀ-ում, և Դուք դրա համար կարող եք շնորհակալություն հայտնել ձեր դիմաց նստած ուսանողներից  յուրաքանչյուրին, որոնք հոգացել են դրա մասին՝ ծեծ ուտելով, ահաբեկվելով դասախոսական կազմի տարբեր ներկայացուցիչների կողմից: Ըստ էության՝ պետք է ասել, որ մենք պատկերացնում ենք ձեր վիճակն այս պահին: Ես կարծում եմ, որ Դուք գտնվում եք մոտավորապես այն նույն վիճակում, ինչ վիճակում որ գտնվել եք օրեր առաջ, միգուցե արդեն մի քանի ամիս առաջ, երբ որ Ձեր սենյակից դուրս չեկաք ու չպատասխանեցիք ուսանողների հարցին, թե ինչու են դռները փակվել մեր առջև: Չեմ ուզում խոսել համալսարանի վատնած միջոցների մասին, դրա մասին կխոսվի: Այսքանի մասին խնդրում եմ պարզաբանեք, բայց ուզում եմ փաստել, որ Դուք չեք տիրապետում ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին»:

 

Արամ Սիմոնյան. «Դա Ձեր կարծիքն է, որը ես բոլորովին չեմ կիսում, բայց Դուք կարող եք մնալ Ձեր կարծիքին: Ինչ վերաբերում է ոստիկանության հետ կապված հարցին, թե քաղաքացիական հագուստով մտել են, համալսարանի ցավն էլ այն է, որ քաղաքացիական հագուստով յուրաքանչյուր ոք կարողանում է մտնել: Դա է խնդիրը, որ մենք չենք արգելել ու չենք հետևում, թե ով մտավ, ով դուրս եկավ: Այո՛, սա բաց է, որը համալսարանը երբեք չի կարողացել լուծել, եթե լուծի այս խնդիրը, նախ պիտի դիմի բռնի որոշակի միջոցների, որը մենք չենք արել և չենք անում: Համալսարանում երբեք ելումուտ անողների խնդիրը հաշվարկման չի ենթարկվել: Հիմա վերահսկվում է այնքանով, որ մենք ունենք տեսախցիկները, որոնք անվտանգության համար են, և անվտանգության աշխատակիցները, որոնք գործում են այստեղ: Ինչ վերաբերում է «Բաց հասարակության» կողմից տրված գումարներին: Այդ գումարների զգալի մասը տրվել է գիտական դրամաշնորհների ձևով: Իհարկե, դա օգուտ է, բայց ես ունեմ իմ ուրույն կարծիքն այդ հաստատության մասին: Ով էլ ուզում է լինի, ինձ չի կարող հակառակն ապացուցել: Ես գտնում եմ, որ այդ հաստատությունը ստեղծվել է շատ ուրիշ նպատակների համար: Իմ կարծիքն է դա: Կիսում եք դուք, թե չեք կիսում այդ կարծիքը, արդեն ձեր խնդիրն է: Հացադուլավորների մասին: Երբ թույլ էին տալիս ուտելիք, ջուր, ծխախոտ տաք հացադուլավորներին, հնարավորություն էր տրվում սանհանգույցից օգտվել, ինքնաբերաբա՞ր էր ստացվում»:

 

Դավիթ Պետրոսյան. «Ես պետք է ընդհատեմ: Անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, ես հատուկ գնացել եմ հիվանդանոց, թուղթը կա, որ մեր ստամոքսներն այդ հինգ օրերի ընթացքում դատարկ են եղել: Ես խնդրում եմ՝ հենց հիմա ներողություն խնդրեք»:

 

Արամ Սիմոնյան. «Շատ լավ: Ես այդ մասով, հավանաբար, ճիշտ չարտահայտվեցի: Խոսքը վերաբերում էր ջրին, ծխախոտին, ծածկոցներին, բարձին: Ես որևէ արգելք հանդիսացե՞լ եմ»:

 

Վահան Կոստանյան. «Խոսքը վերաբերում է նրան, որ Դուք ձեր խոսքով հենց նոր անուղղակիորեն ասացիք, որ Դուք դիկտատ եք հաստատել համալսարանում, որ կուզենք՝ կտանք, չենք ուզի՝ չենք տա»:

 

Արամ Սիմոնյան. «Այդպես չէ: Իմ ասածից այդպիսի բան չի հետևում, բայց Դուք կարող եք Ձեր մեկնաբանություններն անել: Իմ ասածն ուրիշ է, որ եթե ես արգելք հանդիսանայի, ես կդիմեի ինչ-որ միջոցառումների, բայց ես չեմ արել, որովհետև գտել եմ, որ պետք չի և հնարավոր չի անել: Ի՞նչ է նշանակում՝ Դուք դիկտատ եք հաստատում: Եթե ես դիկտատ լինեի, ապա կանեի, եթե չեմ արել, նշանակում է դա բացակայում է: Ինչ վերաբերում է «Բաց հասարակության» կազմակերպությանը, ապա կրկնում եմ, ես ունեմ իմ կարծիքը, որի վրա ոչ ոք չի կարող բռնանալ: Ես դեռևս 15-20 տարի առաջ, երբ Երևանում չէի սովորում, տեսել եմ այդ ֆոնդի գործունեությունը Մոսկվայում և Բուդապեշտում, այդ իսկ պատճառով ես ունեմ իմ կարծիքը, ինչպես Դուք ունեք Ձեր կարծիքը, որի վրա ես չեմ կարող բռնանալ»:

 

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Սիմոն Մխոյան. «Պարո՛ն Սիմոնյան, Դուք հայտարարեցիք, որ մեր այս ակցիան մի խումբ երիտասարդների պատվախնդրություն է ուղղակի: Ասեմ, որ սա մեր օրինական պահանջն է, և մենք ուզում ենք արժանապատիվ կրթություն ունենալ, բայց դրա համար համալսարանում պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, բայց մենք այսօր չենք տեսնում այդ ամբողջ գործընթացը, որը պետք է տաներ այդ պայմանների ստեղծմանը: Պարո՛ն Սիմոնյան, Դուք այսօր խանգարում եք մեր արժանապատիվ կրթություն ունենալուն: Մեր պահանջներն այսօր իրավացիորեն արդար են, և խնդրում ենք, որ Դուք կատարեք մեր բոլոր պահանջները, որովհետև դրանք ոչ թե մի խումբ երիտասարդների, այլ ամբողջ համալսարանի պահանջն է»:

 

Արամ Սիմոնյան. «Նախ դուք ամբողջ համալսարանի անունից չեք կարող խոսել: Խնդրում եմ՝ ձևակերպեք Ձեր պահանջները»:   

 

Սիմոն Մխոյան. «Մեր պահանջներն են՝ ձեր հրաժարականը, Հոգաբարձուների խորհրդի լուծարումը, ֆինանսական աուդիտի իրականացումը, քանի որ մենք վստահ ենք, որ մեր միջոցները չեն ծառայել իրական նպատակներին, ինչպես նաև ՈՒԽ-ի և Արհկոմի գործունեության ժամանակավոր կասեցումը»:

 

Դավիթ Պետրոսյան. «ՈՒԽ-ի և Արհկոմի վերաբերյալ պահանջների մեջ փոփոխություններ են եղել, որոնք ես կներկայացնեմ իմ ելույթի ժամանակ»:

 

Արամ Սիմոնյան. «Ես պատասխանեմ բոլոր պահանջներին: Դրանք իրավաչափ չեն: Բացատրեմ՝ ինչու: Ռեկտորի հրաժարականը կարող է լինել երկու դեպքում միայն. երբ նա դիմում է տալիս, և երբ Հոգաբարձուների խորհուրդը, որը նրան ընտրել է, հետ է կանչում նրան կամ քվեարկում է, որպեսզի նա լքի պաշտոնը: Երկու դեպքն էլ իրավական հողի վրա են: Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով: Ինչ վերաբերում է Հոգաբարձուների խորհրդին, ապա, հարգելի՛ ուսանողներ, դա ես չեմ ընտրել: Այն ընտրվել է կառավարության որոշմամբ: Հասցեատերը ես չեմ, ՀՀ կառավարությունն է: Ես ինքս Հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ, և որևէ ուժ չունի իմ կարծիքը խորհրդի հետ կապված, ես նույնիսկ իրավունք չունեմ քվեարկելու այդ մարմին որոշումների համար: Հոգաբարձուների խորհրդի կանոնադրությունը կարգավորվել է ՀՀ կառավարության որոշմամբ և Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքով: Դա ինձ չպիտի հասցեագրեք, այլ՝ ՀՀ կառավարությանը, որը պետք է որոշի: Դուք գիտեք՝ ի՞նչ բան է աուդիտը: Եթե գիտեք, ապա պետք է իմանաք նաև «Աուդիտորական» գործունեության մասին ՀՀ օրենքը, որտեղ հստակ գրված է, թե աուդիտն ինչպես է կազմակերպվում և ինչ դեպքում: Ըստ այդ օրենքի՝ աուդիտը կազմակերպվում է տվյալ դեպքում հիմնադրամի համար, Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և տարին մեկ անգամ: Այն կատարվել է 2017 թվականին: Ընդ որում՝ աուդիտն անցկացվում է պետության կողմից լիցենզավորված համապատասխան աուդիտորական կազմակերպության կամ ընկերության կողմից: Մեր աուդիտները նույնպես այդ ձևով են անցկացվում: Հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարվում է մրցույթ, աուդիտն անցկացնելու իրավունքը ստացած հաղթող կազմակերպությունն այն անցկացնում է, որի արդյունքները տպագրվում են մամուլում: Դա ոչ մի  կապ չունի ռեկտորի անձնական ցանկության հետ: Ինչ վերաբերում է նոր աուդիտին, ապա այն կրկին անց է կացվում  Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, այլ ոչ ռեկտորի ցանկությամբ, ֆինանսական տարվա ավարտին: Սա է օրենքը: ՈՒԽ-ի և Արհկոմի վերաբերյալ էլ կարող եմ ասել, որ դրանք ինքնակառավարվող, ինքնուրույն մարմիններ են, և դրանց գործունեության կասեցման մասին պահանջը նույնպես իրավաչափ չէ: Ո՛չ ես, ո՛չ դուք և ո՛չ էլ մեկ այլ համալսարանական իրավունք չունի այդպիսի պահանջ ներկայացնելու, որովհետև դրանք օրինական չեն»:

 

Սիմոն Մխոյան. «Պարո՛ն Սիմոնյան, Դուք խոսում եք Հոգաբարձուների խորհրդի մասին, որի անդամների 20 տոկոսը կամ մի քանիսն իրավունք չունեն այդ մարմնի անդամ լինելու: Հանձինս՝ Սերժ Սարգսյանի և մնացած բոլոր պետական պաշտոնյաների»:

 

Արամ Սիմոնյան. «Որտեղ, որ օրենքը նախատեսում է, որ ի պաշտոնե են, այո՛, նրանք կարող են այլևս չհամարվել Հոգաբարձուների խորհրդի անդամ, բայց կրկնում եմ, Դուք հասցեն եք սխալ ընտրել: Դուք ինձ եք դա ասում, մինչդեռ այդ հարցը ՀՀ կառավարության առաջ պետք է բարձրացնեք, որովհետև դրա կազմը հենց կառավարությունն է հաստատում: Ես դրա հետ որևէ առնչություն չունեմ»:

 

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ Արմեն Խաչատրյան. «Ես 6 տարի սովորել եմ ԵՊՀ-ում: Անցած տարի ավարտել եմ և չեմ կարողացել ընդունվել ասպիրանտուրա, որովհետև անգլերեն լեզվի գիտելիքներս թույլ են եղել: Հիմա պարապում եմ և ուզում եմ շարունակել ուսումնառությունս Մայր բուհում: Այժմ, որպես շահագրգիռ մարդ, տեսնելով «Ռեստարտ» նախաձեռնության կոչերը՝ գտնում եմ, որ ոչ բոլոր ռեստարտներն են հիմնավորված: Ճիշտ է, իմ այս մոտեցումը շատերի մոտ այն կարծիքն է ձևավորում, թե ես որևէ մեկի կամ ուժի կողմից ուղղորդված եմ եկել այստեղ, բայց դա զրպարտություն է: Եվ սուտը ճշտից տարբերելու համար պետք են հստակ փաստեր: Ես կարծում եմ, որ չկան կոնկրետ փաստեր, որոնց համար կարելի է այսօր աղմուկ բարձրացնել: Ես հիմա դիմում եմ այն ուսանողներին, որոնք ներկայացնում են կառավարությանը: Երբ ասում եք, թե ռեկտորը չի տիրապետում իրավիճակին, ես էլ ձեզ հիմա եմ ասում, որ դուք չեք տիրապետում իրավիճակին: Ես 6 տարի սովորել եմ այստեղ և չեմ կարող ասել, որ այստեղ չկա ակադեմիական միջավայր, ինչպես դուք եք ասում: Եթե ձեր ասածը ճիշտ է, ապա դուք պետք է պատասխանատվություն կրեք, եթե ոչ, դուք ինքներդ պետք է հերքեք: Եվ ես մինչև վերջ հետևելու եմ և հասկանամ, թե որևէ մեկը գոռգոռոցների համար հրաժարական տվեց, թե օրինական հիմքերով: Պարո՛ն ռեկտոր, եթե դուք էլ հրաժարականի դիմում ներկայացնեք, ապա դա պետք է լինի հիմնավոր»:

 

Դավիթ Պետրոսյան. «Նախ պետք է հասկանանք, թե ակադեմիական միջավայր ասելով մենք ինչ ենք հասկանում: Եթե ԵՊՀ-ի կրթությամբ համալսարանականները չեն կարողանում աշխատանք գտնել, եթե ուսանողը հետապնդվում է սեփական հայացքների համար, երբ ուսանողին թույլ չեն տալիս մտնել համալսարան, երբ հետապնդվում է ոստիկանի կողմից, ապա մենք ունենք ակադեմիական ազատության խնդիր: Եթե դասախոսները զանգահարում են մեզ և ասում, որ հետապնդվում են ցույցերին մասնակցելու համար, մենք ունենք ակադեմիական ազատության խնդիր: Եթե գրադարանում մենք ունենք հին գրքեր և չունենք ժամանակակից գրականություն, մենք ունենք ակադեմիական ազատության խնդիր: Եթե 40 հոգու համար նախատեսված լսարանում նստում են 80 ուսանողներ, և ուսանողը չգիտի՝ թերթով իրեն հով անի՞, թե՞ գիրքը դեմքին պահի, որ արևի շողերը չխանգարեն, քանի որ վարագույր չկա կախված, մենք ունենք ակադեմիական միջավայրի խնդիր: Եվ ես կարող եմ այսպես անվերջ շարունակել: Ինչ վերաբերում է աղմկելուն, դա Ձեր կարծիքն է, մենք լսեցինք ձ Ձեր ելույթը: Եթե Ձեզ ինչ-որ բաներ են ասել,ապա տեղում կարող էիք հիմնավորել, որ թյուրըմբռնում է, բայց սեփական ընկերների գործողություններն աղմուկ որակելը ես ճիշտ չեմ համարում: Ինչ մնում է ակադեմիական միջավայրի հիմնավորմանը, ապա շատ տարբերակներ կան»:

 

Արմեն Խաչատրյան. «Դավիթ ջան, ձեր պահանջների բավարարման դեպքում ձեր նշված խնդիրները լուծվելո՞ւ են: Եթե այո, ապա ե՞րբ: Եվ դրանից հետո բոլոր ուսանողներն այստեղ ավարտելուց հետո գտնելո՞ւ են աշխատանք»:

 

Դավիթ Պետրոսյան. «Համալսարանն ունի լուրջ փոփոխությունների կարիք, և մենք, այստեղ լինելով, մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում այդ փոփոխություններն իրականացնելու գործում: Մեր բարձրացրած յուրաքանչյուր հարցի լուծման համար մեր կողմից համապատասխանաբար քայլեր են իրականացվել: Երբ մենք ասացինք, որ զուգարանի թուղթը բացակայում է, մենք ինքներս բերեցինք, տարկետման դեմ մեր պայքարի ժամանակ, երբ համալսարանում բոլորը միաձայն կողմ քվեարկեցին, մենք շարունակեցինք պայքարը և այժմ կա ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով մարդիկ ստանալու են տարկետում: Այսինքն, վերցնելով պատասխանատվություն՝ մենք փորձելու ենք մեր լուման ունենալ: Ուրախ կլինենք նաև ստանալ ձեր աջակցությունը»:

 

Արմեն Խաչատրյան. «Երբ դուք խոսում եք տարկետման դեմ պայքարից, ես՝ ինքս, օրինակ, կողմ էի: Հիմա ո՞վ կարող է ասել, թե ո՞րն է ճիշտը»:

 

Դավիթ Պետրոսյան. «Այստեղ ճշտի կամ սխալի հարց չկա: Յուրաքանչյուր ուսանող ունի իր կարծիքը»:

 

Սիմոն Մխոյան. «Լսեք նաև իմ կարծիքը: Ինչ վերաբերում է ակադեմիական մթնոլորտին: Շատ անորոշ բաներ ասացիք դրա հետ կապված: Ես չեմ ուզում մանրամասնել, թե ինչ է դա և ինչպես է ձևավորվում: Դա երկար կտևի: Կարող եմ միայն ասել հետևյալը, որ անցած տասը տարիների ընթացքում այդ մթնոլորտը վերընթաց զարգացել է: Դա չի նշանակում, որ մենք չունենք թերություններ, չունենք բացթողումներ և անելիքներ: Շատ ունենք: Բայց որ այդ մթնոլորտը տարեցտարի ձևավորվել է, դրանում ոչ մի խոսք: Կարող եմ բազմաթիվ ապացույցներ բերել, բայց դրա ժամանակը չէ: Եվ մյուս հանգամանքը: Դուք ասում եք, որ կրթությունը վատ է, և դրա համար չեք կարողանում աշխատանք գտնել: Այո՛, ցավոք սրտի, մարդիկ աշխատանք չեն գտնում: Բայց դրա պատճառը ոչ այնքան կրթության որակն է, որը, ի դեպ, ըստ մասնագետների՝ բավարարում է եվրոպական միջին ստանդարտներին, այլ այն պատճառով, որ հանրապետությունում շատ նեղ է աշխատաշուկան, զարգացած չէ արդյունաբերությունը, չի աշխատում տնտեսությունը: Դրա համար էլ աշխատատեղ չկա: Մենք մեծ թվով մասնագետների կարիք ունենք միայն մի քանի նեղ բնագավառներում, որտեղ մեր ուսանողները գտնում են աշխատանք, բայց մյուսների համար ցավոք չունենք շուկան, որովհետև տնտեսությունը չի աշխատում»: 

 



Հայկ Մանասյան. «Համոզված եմ, որ պարոն Սիմոնյանը և պարոն պրոռեկտորները շատ լավ հիշում են, հիշում են նաև ինձ հետ կապված դեպքը, որը տեղի ունեցավ անցած տարի, այն բեմադրությունը, երբ տապալվեց իմ ատենախոսական պաշտպանությունը: Ես ուզում եմ ավելի որոշակիացնել, որպեսզի օդի մեջ խոսակցություններ չլինեն: Դուք տեղյակ եք, որ Ձեր գործունեության ընթացքում  կան այնպիսի դեկաններ, ովքեր պարզապես տոտալ ռեժիմ են հաստատել ֆակուլտետում: Այս 10 տարիների ընթացքում անընդհատ խնդիրներ եմ ունեցել  իմ քաղաքական հայացքների պատճառով: Իմ առաջին հարցը՝ ի՞նչ եք ձեռնարկել, նաև Ձեր գործունեության գնահատականը չէ՞ այն, որ ներկայումս համալսարանում կան այդպիսի ֆակուլտետներ ու այդպիսի դեկաններ, այդպիսի մթնոլորտ, որտեղ չի զարգանում  ակադեմիական մթնոլորտը: Հաջորդ հարցը՝ մոտ տասն օր առաջ  իմ դեմ ԵՊՀ-ի անունից տպվել է հոդված, և ուզում եմ տեղեկացնել, որ  դատական հայց է նախապատրաստվում զրպարտության համար: Ուզում եմ հասկանալ՝ Դուք վերցնո՞ւմ եք այդ պատասխանատվությունը, որ դեկան Մարատ Գրիգորյանը գրել է իմ մասին ԵՊՀ-ի անունից, որովհետև հիմա  զրպարտության համար կազմվում է դատական գործ: Դուք վերցնո՞ւմ եք այդ պատասխանատվությունը Ձեզ վրա:


Արամ Սիմոնյան. «
Ձեր ատենախոսության մասին կարող եմ ասել, որ ես որևէ մասնագիտական պարտավորվածություններ չունեմ: Ձեր հայրիկի, դեկանի և Ձեզ հետ նույնպես խոսել են մեր գործընկերները, քննարկվել են մանրամասները: Ձեր գործի մասին ես երեք անգամ խոսել եմ  նաև ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ, ատենախոսության հետ կապված Ձեր բոլոր  խնդիրներում շեշտվում է մի բան. այդ ատենախոսությունն իր որակներով չի համապատասխանում ատենախոսություն լինելու մակարդակին: Սա իմ խնդիրը չէ: Համալսարանում գործում է մասնագիտական խորհուրդ: Մասնագիտական կարծիք տալը իմ խնդիրը չէ: Ես այդ մասնագետը չեմ: Ես կարողացել եմ անել այն, որ իմ պնդմամբ՝  Ձեր ատենախոսությունն  ուղարկվել է դարձյալ խորհուրդ, իսկ ավելի մանրամասն կարող է պարոն Գևորգյանն ասել, որովհետև նա է դրանով զբաղվել: Ինչ վերաբերում է ֆակուլտետի մթնոլորտին կամ ֆակուլտետում եղած  խնդիրներին, ապա ասեմ, որ մեկ ամիս առաջ ֆակուլտետի չորս  դասախոսների  ես ազատել եմ: 3-ը ամբիոնի վարիչներ էին: Նրանք հեռացվել են գրագողության համար: Ես գրագողության համար երեք ամբիոնի վարիչների եմ հեռացրել, բայց Դուք ինձ ասում եք, թե ես ոչինչ չեմ անում: Ո՞վ կարող էր այդ քայլին գնալ և երեք ամբիոնի վարիչների գրագողության համար ազատել պաշտոնից: Ինչ վերաբերում է դատական գործին, ապա դրա պատասխանը կարող եք ստանալ քննչական մարմիններից: Պատասխանատվությունը մեզ վրա չէ, պատասխանատվությունները վերցնում են պատկան մարմինները: Դա ԵՊՀ պատասխանատվության խնդիր չէ»:


Հայկ Մանասյան. «
Առաջին ՝ ինձ պատասխանել է մեր դեկան Մարատ Գրիգորյանը, իսկ ես դրա համար եմ հարցնում՝ արդյո՞ք Դուք պատասխանատվություն վերցնում եք, երկրորդ՝ այն նույն գրագող ամբիոնի վարիչները մասնակցել են քվեարկությանը: Ինն անդամներից բոլորը նշել են, որ դիտողություններ չկան: Դեկան Մարատ Գրիգորյանը հայտարարել է, որը նաև նկարահանվել է,  որ տեղի ունեցածը անբարոյականություն է: Փաստորեն, տեղի է ունենում անբարոյականություն, և երիտասարդ գիտնականներին դուրս են հանում համալսարանից»:


Արամ Սիմոնյան.
«Տեսանյութը եթե կա, ապա ուղարկեք պատկան մարմիններին: Շատ են դեպքեր եղել,  երբ բոլորը լավ են արտահայտվել աշխատանքի մասին, բայց հետո դեմ են քվեարկել, դա տարածված երևույթ է: Դա մասնագիտական խնդիր է, և ես դրա հետ չեմ առնչվում: Կազմակերպչական առումով ես արել եմ ամեն ինչ. հետ եմ բերել աշխատանքը, որպեսզի նորից  տեղի ունենա քվեարկություն: Դա եզակի երևույթ է»:


Լևոն Չուկակլյան
. «Երբ կարծիքն ինչ-որ մեկին կամ ինչ-որ անձի է ուղղված, եթե հիմնավոր չէ, ապա ցածրացնում է հենց կարծիք արտահայտողին: Տարկետման ցույցերից հետո ավագներին հանձնարարություն է տրվել՝ նշանակել բոլոր բացակաները: Մինչ այդ՝ ուսումնառության ժամանակ, նմանատիպ հուզված կերպով բացակները չեն դրել: Ինչո՞ւ է այսպիսի քայլ իրականացվել վարչախմբի կողմից: Երկրորդ՝ խնդիրներ, որոնք վերաբերվում են չտրված կրթաթոշակների մասով: Երբ անվճար սովորողը կրթաթոշակ չի ստացել, որը սահմանված է կանոնադրությամբ: Երրորդ՝ երբ «Ռեստարտ» նախաձեռնությունը փետրվար ամսվա սկզբին  իրականացրեց ակցիա,  վարչախմբի արձագանքը հետևյալն էր՝տարե՛ք զուգարանի թուղթը և դրե՛ք Ձեր տանը, իսկ հարցը կոծկելով՝ վարչախումբը չի կարող ծառայել  ուսանողին: Ուսանողակետրոն գաղափարախոսությունը վարչախմբի այսպիսի քայլեր չի ենթադրում: Ուսանողի խնդիրը պետք է իր խնդիրը լինի: Այսպիսի պատասխաններն չպետք է հնչեցվեն: Պարո՛ն Սիմոնյան, այս տարիների ընթացքում ինչո՞ւ է, որ ուսանողը դահլիճում նստած չհասկանա, թե ինչից դժգոհի. վարագույրի պակասի՞ց, թե՞ օդորակիչների բացակայությունից և փոքր լսարանի նեղ վիճակից: Եվ վերջում այսպիսի մի հարց  տարկետման ցույցերի մասին, ինչպես նաև հացադուլի ժամանակ, երբ Դուք ասացիք, որ կսովածանան դուրս կգան, հիմա Ձեզանից՝ որպես ԵՊՀ ռեկտորի, ակնկալում եմ պատասխանել նմանատիպ վերաբերմունքի համար»:


Արամ Սիմոնյան
. «Ինչ վերաբերում է սովածությանը, ապա հնարավոր է, որ ես այդպիսի բան ասած լինեմ, բայց ես չեմ հիշում,  իսկ սրա մեջ ես կրիմինալ չեմ տեսնում: Ձեր մյուս հարցերի մասին կարող եմ ասել, որ Դուք ակնհայտ թյուրիմացության մեջ եք, որովհետև անվճար ուսուցման  տեղերով ընդունվածները պարտադիր չէ, որ թոշակ ստանան: Թոշակ ստանում են  ռոտացիայի միջոցով այդ իրավունքը ձեռք բերած ուսանողները: Դա պետք է լավ իմանալ: Թոշակային ֆոնդը տնօրինում է կառավարությունը: Դա արվում է մեխանիկորեն, ունի օրենքի ուժ, և օրենքով է կարգավորվում, թե ով կարող է թոշակ ստանալ: Բացակաների մասին կարող եմ ասել,  որ, անկախ ամեն ինչից, բոլոր ավագները պետք է ներկա- բացական անեն: Դրա համար կան մատյաններ, և դա պետք է անել միշտ, այլ ոչ թե ընտրովի օրերին: Այդ հարցում թերացումն արդեն դեկանատի խնդիր է: Եվ եթե եղել է լիազորությունների չարաշահում, ապա պետք էր ինձ այդ մասին գրել և տեղեկացնել: Զուգարանի թղթի մասին ես բազմիցս ասել եմ և չեմ ուզում նորից այդ թեմային անդրադառնալ, իսկ ինչ վերաբերում է վարագույրներին, այո՛,  բոլոր լսարանները չէ, որ վարագույրներ ունեն: Դա նախ գալիս է նրանից, որ համալսարանի շենքի  ստեղծման առաջին իսկ օրից չի գործել օդափոխման համակարգը: Եվ գործարկել նույնպես հնարավոր չէ մի պարզ պատճառով, որ 1963-1965 թվականներին, երբ շենքերը շահագործվել են,   նրա օդափոխության համակարգի մեջ շինարարները տանիքի շինարարական աղբն են լցրել,  որը տարիների ընթացքում քարացել է:  Այդ պատճառով համալսարանում ոչ մի օդափոխության համակարգ չի գործում՝ բացառապես  դահլիճի սարքերի: Բայց սրանք մենք հավերժ չենք կարող դնել, որովհետև մեր էլեկտրատնտեսությունը դրան չի դիմանա: Մենք կփորձենք ամեն ինչ անել, որ գոնե արևկող լսարանները վարագույրներ ունենան, բայց ցանկալի կլինի, որ ուսանողները նույնպես կարողանան գույքը խնամքով օգտագործել: Լսարանային ֆոնդը մեր սխալն է: ԵՊՀ շենքը նախատեսված է 7.500 ուսանողի համար: Բայց մենք ունենք գրեթե 18 հազար ուսանող: Շատերն են ուզում սովորել ԵՊՀ-ում: Բայց այս տարիների ընթացքում կա նաև  ուսանողների թվի կրճատման միտում: Լսարանային ֆոնդի վիճակը բնականաբար կթեթևանա»:


Լևոն Չուկակլյան .
«Շնորհակալություն հարցերիս, մեղմ ասած, չպատասխանելու համար:  Հացադուլի և մեր մյուս բողոքների մասով Ձեր վարչակազմի և անձամբ Ձեր արձագանքի ու վերաբերմունքի մասով հարցին Դուք ոչինչ չպատասխանեցիք: Ինչո՞ւ է այդպիսի վերաբերմունք ցույց տրվել: Թե ինչու ԵՊՀ վարչախումբը չի ծառայում ուսանողությանը հարցին, Դուք պատասխանեցիք, որ հնարավոր է, որ այդպիսի բան եղել է, համենայն դեպս չեք  հիշում: Դա պատասխան չէր:  Երկրորդ՝ ես թյուրիմացության մեջ չեմ գտնվում, երեկ ինձ ուսանողները նյութ են ուղարկել, որի 34.7 կետերով  նրանք պետք է ստանան կրթաթոշակ, բայց չեն ստանում»:


Արամ Սիմոնյան.
«Դա բացառվում է»:


Լևոն Չուկակլյան
. «Եթե Դուք 10 տարվա ընթացքում իմ նշած խնդիրներին նոր խնդիրներ եք ավելացնում, քողարկում եք եղած խնդիրները, ես չեմ համարում Ձեր կառավարման ժամանակահատվածը արդյունավետ, և ուզում եմ, որ Դուք այդ անարդյունավետ կառավարումը դադարեցնեք»:


ՀՀ մտահոգ քաղաքացի ներկայացած անձ
, ով մտածում է կրթության մասին. «Պարոն Սիմոնյան,  երբ ասում եք, որ այդ գումարները գնացել են գիտահետազոտական գործունեության վրա,  ինչքա՞ն գումար է տրվել տվյալ գիտահետազոտական գործունեությանը, և ինչպիսի՞ գիտահետազոտական բացահայտումներ են արվել մինչ օրս»:


Արամ Սիմոնյան.
«Գումարի ծախսման մասին ամբողջական տեղեկատվությունը մեր արխիվներում կա: Իսկ գիտական ոլորտների մեր գործունեության մասին կան հաշվետվություններ, որոնց պետք է ծանոթանալ: Այն հրապարակվում է ամեն տարի, առկա է մեր պորտալում: Կարող եք և՛ հետազոտությունների, և՛ արդյունքների մասին կարդալ: Դրանք ամբողջ Հայաստանի գիտական արդյունքի 1/3-րդն են կազմում: Վերջերս մեր Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորներից մեկը  ստացել է շատ կարևոր ու համբավաբեր ոսկե մեդալ: Դրանից առաջ նախագահի մրցանակ ստացած գիտնականների մեջ մենք ունեինք երեք գիտնական և մեկ ուսանող: Նշանակում է՝ ԵՊՀ-ում արվում են գիտական ուսումնասիրություններ, պարզապես ծանոթանալ է պետք»:


ՀՀ մտահոգ քաղաքացի.
«Ի՞նչ հաճախականությամբ է թարմանում ուսանողների գրականությունը»:


Արամ Սիմոնյան.
«Մենք ամեն տարի գրականություն ենք ստանում ինչպես բարեգործությունների, այնպես էլ համալսարանի միջոցներով: Տարի կա, որ գրքերի թիվը հասնում է 20.000-ի կամ ավելիի: Ինչ վերաբերում է բողոքներին, թե մարդիկ, գուցե իրավամբ, պնդում են, որ դասագրքերն անպայման լինեն հայերեն: Մենք չենք կարող այդպիսի մեծ ծավալի աշխատանք կատարել: Յուրաքանչյուր թարգմանության հետևում կա հեղինակային իրավունք, հսկայածավալ աշխատանք, ժամանակ, գումար: Անցած տարիներին, երբ մենք մեծ քանակությամբ գրականություն ենք ստացել, բայց միևնույնն է, դա անբավարար է: Դրա համար մենք ունենք էլեկտրոնային շտեմարաններ: Դուք պետք պարզապես հետաքրքրվեք գրադարանից»:


Հայկ Զաքարյան.
«Իհարկե, ԵՊՀ-ում գիտություն կա: Ես էլ եմ գիտաշխատող, բայց պետք է նշեմ, որ Հայաստանում էլ  գիտության վիճակը ծանր է: Գիտաշխատողները աշխատում են ծանր պայմաններում, ցածր աշխատավարձով: Հարցս ուրիշ բանի մասին է: Դուք վերջերս ասել եք, որ կուսակցական լինելը չի խանգարում Ձեր ռեկտոր լինելու որևէ որոշմանը: Արդյո՞ք եղել են դեպքեր, որ Դուք ընդդիմանաք Ձեր կուսակցական ղեկավարներին: Եթե ոչ, ապա ռեկտորի պաշտոնը Ձեզ համար չէ, եթե այո, ապա ի՞նչ խնդիրներ են եղել»:


Արամ Սիմոնյան.
«Այո՛,  ես կուսակցական եմ 1997 թ.-ից: Ես գտել եմ, որ Նժդեհի պահպանողական գաղափարները մեր ազգի համար զարգացման հնարավորություններ են ընձեռում, և ես այդ գաղափարների կրողն եմ, նաև հետազոտողը, ունեմ մենագրություններ: Որպես սովորական կուսակցական, բնականաբար, եղել են քննարկումներ, որտեղ ես ընդդիմացել եմ, բայց հիմա ես չեմ ցանկանում դրանք մանրամասնել, ուղղակի կասեմ, որ այդ պատճառով ինձ հեռացրին խորհրդից»:


Հայկ Զաքարյան
. «Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ տարկետման օրենքի ժամանակ Դուք ոչ մի ուսանողի կողքին չկանգնեցիք:  Չեմ կարծում, թե համալսարանը կուզենար կորցնել իր ասպիրանտներին, դա ուղիղ հարված է գիտության զարգացմանը: Քանի որ Դուք հրապարակայնորեն այս թեմայի մասին Ձեր կարծիքը չեք հայտնել, ուրեմն ամենայն հավանականությամբ նախորդ հարցի պատասխանը ոչ էր:


Արամ Սիմոնյան.
«Ես համաձայն չեմ, որովհետև ես կողմ եմ ոչ թե խնդրի հանրայնացմանը մամուլի ասուլիսների միջոցով, այլ կառուցողական քննարկումներին: Բազմաթիվ հանդիպումներում, այդ թվում նաև Պաշտպանության նախարարության հետ, և այնտեղ մարդիկ կային, որոնք ներկա էին, և ես իմ մտահոգությունն հայտնել եմ, ելնելով մեր երկրի անվտանգությունից, կարող է այդպիսի օրենք լինել: Միևնույն ժամանակ ես ընդգծել եմ, որ որոշակի քանակությամբ ուսանողների մուտքը գիտություն տրամաբանական է: Նրանց տարկետումը պետք է արվի: Ավելին՝ ես իմ անհամաձայնությունն եմ հայտնել այս վերջին օրենքի վերաբերյալ,  որը բացարձակ չի համապատասխանում այն խոստումներին, որոնք տրվել են ժամանակին, այդ թվում նաև մեզ՝ համալսարանականներիս: Մյուս կողմից՝  ես երկու պաշտպանության խորհրդի անդամ եմ եղել, ես շատ եմ տեսել ու շատ եմ կարդացել այն մասին, թե ինչպիսի աշխատանքներ են գիտության անվան տակ ընդունվում, որպեսզի մարդիկ չգնան ծառայելու:


Մեր ուսանողների գիտական հետազոտությունների ունակություն ունեցող հատվածը պետք է ստանա տարկետում: Նաև մշակույթի բուհերի ուսանողները:


Մյուս կողմից եղել է նաև հակառակ պրոցեսը՝ հատկապես հումանիտար թևը: Ինչո՞ւ այդ մասին չենք խոսում, երբ գործի են դրվել անորակ ատենախոսություններ: Երբ մարդիկ արժանի չեն եղել գիտությամբ զբաղվել, իսկ այսօր իրենց կոչում են գիտնականներ: Հարցին պետք է բազմակողմանի նայել»:


Հայկ Զաքարյան. «
Հարցս իրականում տարկետմանը չէր վերաբերում, այլ Ձեր կուսակցական լինելու և ղեկավարելու  մասին: Ես կարծում եմ, որ ռեկտորը կուսակցական չպետք է լինի»:


Արամ Սիմոնյան. 
«Դա Ձեր կարծիքն է»:


Սոնա Գևորգյան. «
Հարցս ուսանողների ազատ տեղաշարժվելու  իրավունքի խախտման մասին է: 2013 թվականի ընտրություններից հետո ուսանողների և դասադուլավորների ազատ տեղաշարժման իրավունքի խախտում է եղել: Բառացիորեն ցիտում եմ Ձեր կոլեգաներից մեկի ՝ այդ ժամանակ Ձեր օգնական Գևորգ Մելքոնյանի խոսքերը՝ բերում եմ Ախալքալաքցիների զորքերը: Այդ ժամանակ խախտվեց նաև ակադեմիական մթնոլորտը: Ուսանողներին հանում էին իրար դեմ, և երկրորդ հարցս ինֆորմացիա ստանալու ազատության մասին է: Այսօր առավոտյան՝ ժամը 10-ի տվյալներով, մեր տարածած  թռուցիկների մի մասը հավաքված էր: Արդյո՞ք էստեղ սահմանադրական իրավունքի ոտնահարում չկա»:


Արամ Սիմոնյան
. «Ես թռուցիկներ մասին շատ ուշ եմ իմացել: Ես այդ ժամանակ  ռեկտորատի նիստի էի: Ինչ վերաբերում է  Գևորգ Մելքոնյանին, ապա այդ դեպքից անմիջապես հետո  ես նրան ազատել եմ իմ օգնականի պաշտոնից:


Սոնա Գևորգյան. «
Բայց նա դեռևս դասախոսում է ԵՊՀ-ում»:


Արամ Սիմոնյան.«
Նա դասախոսում է,  որովհետև ընտրված է դասախոս: Բայց վարչակազմում նա չի աշխատում»:


Արշակ Հովհաննիսյան
. «Ինչո՞ւ է ԵՊՀ վարկանիշը միջազգային հարթակում ցածր: Ի՞նչ քայլեր են Ձեր կողմից վերջին հինգ տարում իրականացվել իրավիճակը շտկելու համար: Երկրորդ հարցս՝ չեք կարծո՞ւմ, որ ԵՊՀ վարչակազմն ուռճացված է, կարիք ունի վերանայման»:


Արամ Սիմոնյան
. «Ինչ վերաբերում է վարչարարական ապարատին, ապա ես չեմ կարծում, որ այն ուռճացված է, թեև կրճատման միտումներ միշտ էլ կան և այն անում ենք: Մինչև որ կգանք այն կետին, որ վարչակազմ այլևս գոյություն չի ունենա: Մենք ունենք ընդամենը չորս պրոռեկտոր: Մեր բոլոր բուհերից ամենաքիչ պրոռեկտորներ ունի ԵՊՀ-ն: Չնայած, որ ամենամեծ բուհն է: Ինչ վերաբերում է վարչության պետերին և բաժնի վարիչներին, ապա մենք շատ բան ենք իրար միացրել: Վերջին օրինակը բերեմ՝ Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչությունում մենք իրար միացրինք Իրավաբանական ու Կադրերի բաժինները: Եվ մինչև հիմա կրճատված կադրերի հետ խնդիրներ ունեմ: Ոմանք դիմել են դատարան վերականգնվելու համար: Ամեն տարի մենք կրճատում ենք նաև Գրադարանի աշխատակիցների թիվը, նաև այն պատճառով, որ ուսանողներն անընդհատ բողոքում են, որ  նրանց թիվը ճիշտ է մեծ է, բայց միշտ չէ, որ ուսանողների պահանջները կատարում են: Կրճատել ենք ԵՊՀ ուսումնաօժանդակ կազմի  ավելի քան 1/3-ը: Մենք շատ կրճատումներ ենք արել, բայց նաև ամեն կրճատման ետևում մարդ էր կանգնած, որը պատրաստ է դատական կարգով իր իրավունքները պաշտպանելու: Եթե գտնում եք, որ վարչակազմը շատ է ուռճացված, ցույց տվեք այն տեղը, որտեղ կա ուռճացում, ես պատրաստ եմ քննարկելու:


Ես ծանոթ եմ ռեյտինգներին: Այդ ռեյտինգները սուբյեկտիվ են: Գոյություն ունեն մոտ 26.000 համալսարաններ: Օրինակ՝ «Webometrics»-ի տվյալներով մենք գտնվում ենք  2000-ի և 3000-ի արանքում: Այսինքն՝ 10 տոկոսի մեջ ենք: Մեր հնարավորությունների դեպքում սա լավ արդյունք է: Նշենք նաև, որ այստեղ շատ կարևոր է մեկ ուսանողի վրա ծախսվող գումարի քանակը: Իսկ մենք բյուջեով հետ ենք: Մեր բյուջեն շատ ավելի քիչ է, քան բարձրակարգ մի ֆուտբոլիստի արժեքը: Մենք ունենք ընդամենը 20 միլիոն դոլարին համարժեք բյուջե: Տվյալները բաց են, և Դուք կարող եք դրանք նայել:




Դավիթ Պետրոսյան. «
Ես կփորձեմ ներկայացնել մեր պահանջները: Կան խնդիրներ, իսկ հարցերը չեն ստանում սպառիչ պատասխաններ: Համալսարանն ունի փոփոխության կարիք, և որոշ մարդիկ պետք է հեռանան պաշտոններից: Ես արել եմ իրավիճակի մասին նշումներ. անվտանգության աշխատողը ներս չի թողնում ուսանողի քարտ ունեցողին, բայց կարմիր բերետավորին թույլատրում է, ԵՊՀ անվտանգությունն ընտրովի է կատարում իր աշխատանքը: Առաջին անգամ տեղեկանում ենք, որ համալսարանը նախատեսված է 7.500 ուսանողի համար, բայց սովորում է 17.000 ուսանող: Երեք անգամ ավելի մարդու դեպքում կրթության որակը հնարավոր չէ բարձրացնել: Սա գումար աշխատելու վայր է եղել:


«Սորոս»-ի ծրագրին ես չեմ մասնակցել, և դա սուտ է:  Ես Լեհաստանում ոչ մի ժողովի չեմ եղել: Այդ մասին թուղթը ես ներկայացրել եմ ԵՊՀ միջազգային կապերի բաժին: Դուք արել եք հայտարարություն, որ կսովածանան և դուրս կգան, որը մենք լավ ենք հիշում: Այսպիսի վերաբերմունքն ուսանողի նկատմամբ անթույլատրելի է: Ռեկտորը պետք է հրաժարական տա»:

 

Քնար Միսակյան

Անի Պողոսյան

 


Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: